Երբ ադրբեջանական կողմն անբնական «նախանձախնդրությամբ» կարճ ժամանակահատվածում կառուցեց Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, բնավ շահագրգռված չէր, անշուշտ, Արցախը Հայաստանին կապող որակյալ նոր հաղորդակցության ուղու գոյության մեջ: Նոր ճանապարհով Բաքուն ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանեց Հայաստան-Արցախ գազատարի, էլեկտրաէներգիայի հաղորդակցության, ինտերնետի եւ այլ կապի ուղիները: Դեռ այն ժամանակ արդեն պարզ էր դառնում, որ Ադրբեջանը դա անում է Արցախի կենսագործունեության համար անհրաժեշտ զարկերակային կապերն իր վերահսկողության տակ վերցնելու եւ հետագայում դրանք ճնշման, շանտաժի գործիք օգտագործելու համար:
Երկու օր Բերձորի միջանցքը կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակ պահելուց հետո Բաքուն գործի դրեց իր ձեռքի տակ հայտնված մյուս լծակը՝ ձմռան ցուրտ եղանակին փակելով Հայաստանից Արցախ մտնող գազատարը: Բաքուն այսօր փաստացի ջեռուցման հնարավորությունից զրկում է ոչ միայն տասնյակ հազարավոր բնակարաններ, այլեւ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հատուկ խնամքի հաստատություններ: Բնապահպանական կեղծ հիմնահարցի բարձրացման ժամանակն էլ էր մանրակրկիտ հաշվարկված՝ առաջին ձյան տեղալուց անմիջապես հետո Ադրբեջանն անցավ իր հանրահայտ հանցագործ գործելաոճին:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակելով Բերձորի միջանցքը՝ պաշտոնական Բաքուն փաստացի արցախցիներին զրկել է նաեւ առաջին անհրաժեշտության պարենամթերքի եւ դեղորայքի ստացման հնարավորությունից: Ընդ որում՝ համակարգված կերպով հերթափոխվում են միջանցքը փակող «բնապահպան ակտիվիստների» խմբերը՝ բարձրակարգ ավտոբուսներով Բաքվից Բերձոր հասցնելով նույնիսկ Արցախի դեմ ռազմական ագրեսիային մասնակցած ադրբեջանցիների: Ադրբեջանական ուժային եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների միջոցով իրականացվող Արցախ-Հայաստան միջանցքի փակումը կարող է վտանգավոր զարգացումներ ունենալ, եթե չհաջողվի կարճ ժամանակահատվածում Բաքվին կարգի հրավիրել:
Արցախցիների կյանքի ճանապարհի փակումը դատապարտեց Ֆրանսիան՝ ԱԳՆ-ի տարածած հայտարարությամբ: «Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզը նաեւ հիշեցրել է հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը պարտավորվել է երկու ուղղություններով երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը:
Արձագանքել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիրը՝ ԱՄՆ-ն: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը «Թվիթերում» գրել է, որ իր երկիրը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը: «Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- գրել է նա՝ շեշտելով, որ միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ խոչընդոտում է բանակցություններին: ՌԴ-ն առայժմ խաղաղապահ զորախմբի միջոցով է բանակցություններ վարում ադրբեջանական կողմի հետ:
Բայց փորձը ցույց է տվել, որ բանավոր հորդորները եւ կոչերը պաշտոնական Բաքվի վարքի վրա ազդեցություն չեն ունենում, եւ ժամանակն է, որ միջնորդներն ու միջազգային համապատասխան կենտրոններն ավելի կոշտ, գործուն միջոցներ գործադրեն Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու համար: Իսկ դրա համար այսօր պատճառներն առավել քան ակնհայտ են: Ադրբեջանը փաստացի պետական մակարդակով տեռոր է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ՝ զուգահեռ կոպտորեն խախտելով տարածաշրջանում հրադադարի միակ երաշխիք համարվող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ավելի հանրամատչելի ձեւով ասած՝ 21-րդ դարում մի պետություն սողացող ցեղասպանություն է իրականացնում իր բնօրրանում հազարամյակներով ապրող ժողովրդի դեմ՝ ոտնահարելով համամարդկային հումանիտար եւ մարդու իրավունքի բոլոր հիմնարար բարոյական, իրավական նորմերը: Այսօր Ադրբեջանը ոչ միայն զբաղված է մի ժողովրդի ահաբեկմամբ, այլեւ հարվածում է համաշխարհային կարգի հենասյուն համարվող արժեքներին: Եթե համաշխարհային հանրությունն այս ամենին համարժեք արձագանք չտա, ապա կատարվողի դառը պտուղները ճաշակելու է ողջ մարդկությունը: