Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ցայսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։ Չենք ասում ադրբեջանցի «բնապահպաններ», որովհետեւ առաջին օրից էլ ակնհայտ էր, որ այնտեղ բնապահպաններ չեն. բնապահպանները «գորշ գայլերի» նշաններով չեն լինում, հատուկ ծառայությունների աշխատակիցներ չեն, բնական մորթուց մուշտակներ չեն կրում եւ բնություն ու մարդ սիրող են։ Մինչդեռ այդ «բնապահպան» կոչվածների գործողությունների հետեւանքով Արցախում ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդ է մահանում՝ Երեւան չտեղափոխվելու պատճառով։
Բերձորի միջանցքի փակումը ռազմաքաղաքական քայլ է՝ ուղղված Հայաստանի եւ Արցախի դեմ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի երկու բռնապետ ղեկավարները ցանկանում են Արցախից ու Հայաստանից կրկին ու կրկին կորզումներ անել՝ տարածքային կորզումներ։ Եթե մի պահ այնքան միամիտ լինենք, որ հավատանք թյուրքական բնապահպանական սիրուն, ապա պետք է, չէ՞, հարցեր ծագեն, թե ինչու է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջը գնացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի այն հատվածը, որ փակել են ադրբեջանցիները (թուրք դիվանագետն ինքն է թվիթերում գրառում արել եւ լուսանկարներ հրապարակել)։
Թշնամու գործողությունների հետեւանքով արդեն 11 օր, ըստ տեղեկատվական շտաբի, Արցախի մեր 120 հազար հայրենակիցները հայտնվել են ճգնաժամի մեջ, որից 30 հազարը երեխաներ են, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն: Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող առողջական լուրջ խնդիրներ ունեցող ավելի քան երկու տասնյակ հիվանդներ, որոնցից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասով:
Իսկը «բնապահպանի» ձեռագիր է՝ սպանած կենդանիների մուշտակ կրել, աղավնի սպանել, հիվանդներին թողնել առանց վիրահատության թողնել, տարեցներին ու երեխաներին՝ առանց սննդի եւն։ Սա ոչ միայն «բնապահպանի», այլեւ «խաղաղասեր» «բնապահպանի» ձեռագիր է՝ թշնամական կողմից ներդրված հատուկ ծառայության «բնապահպանի» գործելաոճ։ Մեր հանրության լայն շերտերի համար ավելի ընկալելի դարձնելու համար Արցախի եւ Հայաստանի դեմ թշնամու նպատակները՝ ասածը զուգորդենք որոշ իրադարձություններով։
1. Ադրբեջանում գործունեություն ծավալող ընկերություններն ակտիվացել են, հատկապես հանքարդյունաբերական ոլորտում ծավալվածները։ Մասնավորապես՝ բրիտանական «Anglo Asian Mining PLC» ընկերությունը միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների ներկայացուցիչներին (ՄԱԿ, ԱՄՆ Պետդեպարտամենտ, ԵՄ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ) է դիմել՝ խոսելով այլոց կողմից շահագործվող՝ իբր, իր հանքավայրերի նկատմամբ իր «իրավունքների» մասին: «Anglo Asian»-ը աջակցություն է խնդրել, որ իր աշխատակիցների անվտանգ մուտքն ապահովի մեր Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքավայրեր եւ հարակից տարածքներ։ Որովհետեւ հայկական ընկերությունները, իբր, այդ հանքերում «ապօրինի» հանքարդյունահանմամբ են զբաղված, եւ ինքը չի կարողանում վերականգնել իր «օրինական իրավունքները»։ Մտածել, որ «Anglo Asian»-ը կամ Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ պետդեպարտամենտը, կամ նույն ՄԱԿ-ն ու ԵՄ-ն չգիտեն այդ հանքերի եւ հարակից տարածքների իրական տիրոջ՝ հային պատկանելության մասին, հայտնի պարզամտություն կլինի։ Բայց այն, որ քաղաքականությունը պոռնկության է վերածվում, երբ դրանով զբաղվում են պոռնիկները, նույնպես հայտնի է։
2. Ադրբեջանը հրավիրել է Սաուդյան Արաբիային՝ բիզնես շահեր ստանալու մեր Արցախում։ Այն տարածքներում, որոնք 44-օրյայի հետեւանքով հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը եւ Սաուդյան ներդրումային հիմնադրամը կարող են միջոցներ հատկացնել այդ տարածքների վերականգնման գործընթացին։ Մտածել, որ ընդհանրապես որեւէ երկիր հաշվի կառնի այն հանգամանքը, որ այդ տարածքները հայապատկան են եւ անցել են ռազմական հանցագործություններով հայտնի թշնամու ձեռքը, ու կհրաժարվի այդ հարուստ տարածքներից շահ ստանալուց, դարձյալ միամտություն է։ Բացառված տարբերակ չէ, իհարկե, բայց դրա համար հայկական դիվանագիտությունը պետք է հզոր լինի եւ իրապես տիրապետի դիվանագիտության անհնարինի արվեստին։ Առայժմ չենք կարողանում, իսկ Ալիեւը հաստատում է «Ադրբեջանի ազատագրված տարածքներ վերադարձի մեծ պետական ծրագիրը՝ նախատեսելով, որ մինչեւ 2027 թ. իրենց վերահսկողությանն անցած տարածքներում կվերաբնակեցվի 34.5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ եւ անհատական տներ։
3. Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են սկսել։
4. Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը թվիթերյան գրառմամբ խոսում է այն մասին, որ ԵՄ-ն «սեւ ցուցակում» է ներառել 168 ռուսական ընկերություն, եւ նոր պատժամիջոցներն ընդգրկում են էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ ռազմարդյունաբերության ոլորտները։
Այս ամենն ուղղակիորեն առնչվում է մեզ ու մեր հարցին՝ մեր սպասելիք հնարավոր ու հավանական, գնալով ավելի բարդացող մարտահրավերներին։ Որ դրանք կբարդանան, անուղղակի հաստատել է նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ։ «Հստակ հայտարարում եմ, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են շպրտում խաղաղ գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի նկատմամբ»,- ասել է նա։
Այստեղ հարցն այլ է՝ արդյոք հայ-թուրքական խաղաղության գործընթացի նկատմամբ իրականում միջազգային վստահություն կա՞ր, թե՞ այդ վստահության թեզը հայկական կողմին էր հրամցվում, եւ հիմա մտավախություն կա, որ հայ հանրության լայն շերտերն այլեւս չեն հավատա հրամցվող՝ «փոխված թուրքի» հետ բարեկամության թեզին։
Իհարկե, ԱՄՆ-ն այլ բան էլ է ասում՝ կոչ անելով «բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն ու անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող բոլոր քայլերը եւ հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»: Բոլո՛ր կողմերին։ Այսինքն՝ ճանապարհը փակի թյուրքական կողմը, ճգնաժամ ստեղծի թյուրքական կողմը, (ընդ որում՝ նման կոչեր էլի են հնչեցրել) սպառնա թյուրքական կողմը, բայց կոչը հնչի բոլոր կողմերի համար։
Եվ մյուս հարցը՝ ի՞նչ է, ի վերջո, ուզում կորզել թյուրքական կողմը հայկական կողմից Բերձորի միջանցքի փակմամբ, ի՞նչ նվազագույն ու առավելագույն պահանջներ են առաջադրվել մեր առջեւ։ Պատասխանը հստակ է՝ ինչ էլ կորզի, ի վնաս մեզ է, քանզի մեզ համար չկա նվազագույն կամ առավելագույն կորուստ։ Եվ, իհարկե, միջազգային ոչ մի կոչ թյուրքական կողմին չի հակադարձի, թե այդ ինչպես եղավ, որ 44-օրյայի ժամանակ Արցախի բնության ու բնակչության դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառած թյուրքն սկսեց խոսել իբր բնապահպանությունից։
Որն է մե՛ր անելիքը։ Բերձորի միջանցքը Հայաստանի եւ Արցախի կյանքի ճանապարհն է։ Իսկ կյանքի համար պայքարում են ու պայքարում են համառ, չմեռնելու հաստատակամությամբ, բոլոր հնարավոր ու անհնարին թվացող ձեւերով։