Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Լավրովի ու Բայրամովի հետ բանակցություններ վարելու համար: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմն Արցախի տարածքում արգելափակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածը, եւ ՀՀ արտաքին գերատեսչությունն այժմ կենտրոնացել է այդ արգելափակումը չեզոքացնելու խնդիրների լուծման վրա: Այս հայտարարությունը նշանակում է նաեւ, որ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը մեր երկիրը չի դիտում որպես հարթակ՝ լուծելու հայ ժողովրդին նետված մարտահրավերները: Ավելին՝ փորձագիտական շրջանակներում միանգամայն հիմնավորված կարծիք է շրջանառվում, որ Հայաստան-Արցախ գործող միակ ճանապարհի արգելափակումը ռուս-ադրբեջանական նախագիծ է, ինչն ապացուցվում է նաեւ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի՝իրականությունը խեղաթյուրող հակահայկական հայտարարությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը չի կատարում իր պարտականությունները: Ի պատասխան այդ հայտարարության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել են, «թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են ստորագրված փաստաթղթերի համաձայն, ամեն բան անում են՝ կարգն ապահովելու համար այն տարածքներում, որտեղ գործում են, աշխատանք է տարվում իրավիճակի կայունացման ուղղությամբ» եւ այլն: Բայց կարեւորն այն է, որ դրանցում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները չհերքվեցին: Պարզապես խուսափողական պատասխաններ էին՝ համեմված ճոռոմաբանություններով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին, որից հետո հայտարարել է, թե ափսոսում է, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ շարունակելու «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները»:
«Մենք պատրաստվում էինք այս իրադարձությանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը՝ չմանրամասնելով, թե ինչ խաղաղության պայմանագրի քննարկման մասին է խոսքը, երբ բացառապես թշնամական քայլեր են կատարվում:
Գուցե Լավրովն ափսոսում է իր երկրի կորցրած հնարավորության համար, դա բացառված չէ: Սակայն ամեն բան վկայում է, որ դա Հայաստանի համար հնարավորություն չէր, այլ սպառնալիք, եւ այդ պատճառով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա: Զարմացնում է նաեւ այն, որ ռուսական կողմը շարունակում է հետեւողականորեն վարել հակահայկական գիծը նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում է, որ այն Հայաստանին հեռացնում է Ռուսաստանից: Դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, սակայն ձգտում է այնպես անել, որ այդ որոշման պատասխանատվությունն ուրիշները կրեն: