ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան, օրերս Մոսկվայում բարձրագույն մակարդակով կրկին վերահաստատեցին միջազգային այս բանակցային կառույցի առաքելությունը Արցախի խնդրի կարգավորման գործում: «Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,- Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հաջորդած ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Վլադիմիր Պուտինը: Մակրոնն էլ ասաց, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, շարունակում են իրենց առաքելությունը: Մինսկի խմբի աշխատանքները շարունակելու մասին վերջին շրջանում բազմիցս հայտարարել է նաեւ երրորդ համանախագահող երկիրը՝ ԱՄՆ-ն:
Այս հայտարարություններն ավելի շատ Ադրբեջանի նախագահի՝ Մինսկի խմբի առաքելության կարիքը չունենալու եւ արցախյան հիմնահարցը լուծված համարելու հայտարարություններին ի պատասխան են հնչում: Սթափ մտածողություն եւ առողջ տրամաբանություն ունեցող ցանկացած անհատի համար պարզ է, որ 44-օրյա պատերազմով Արցախի հիմնախնդիրը չի լուծվել: Դա լավ է հասկանում նաեւ Բաքվի առաջնորդը: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վերջինիս սանձազերծած երեք արյունալի պատերազմներն այնքան են խորացրել երկու պետության միջեւ անջրպետը, որ անհնար է պատկերացնել՝ Արցախը եւ Ադրբեջանը կարող են բնականոն հարաբերվել առանց ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության: Այսօր նույնիսկ ռուսական խաղաղապահների ներկայությունը չի զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որն ուղեկցվում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով: Առավել եւս իրատեսական չէ առանց խաղաղապահների բնականոն փոխգործակցումը: Դրան են գումարվում նաեւ 44-օրյա ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի կողմից Շուշիի, Արցախի այլ շրջանների օկուպացիան եւ այնտեղի հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը:
Հետեւաբար՝ այս իրավիճակից միակ ելքը Արցախի կարգավիճակի որոշումն է քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ գործընթացը պետք է վաղ թե ուշ սկսվի, քանի որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող հավերժ մնալ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում: Արցախի խնդրին քաղաքական լուծումներ չգտնելն այն վերածում է տարածաշրջանային ապակայունացման օջախի, եւ, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, հարցի լուծված չլինելը կարող են օգտագործել նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող շահագրգիռ ուժեր եւ պետություններ:
Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները բարձրաձայնում են երկարատեւ լուծումների տանող քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին: Ճիշտ է՝ սկզբի համար շեշտվում է ավելի շատ սոցիալական, մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը, սակայն ակնհայտ է, որ հետագայում Արցախի բուն կարգավիճակի քննարկումից խուսափել հնարավոր չի լինի, իսկ դրա համար փորձություն անցած եւ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի անդամները, անկախ ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում ունեցած բազմաթիվ տարաձայնություններից, Արցախի խնդրում միակարծիք են:
Այսօր ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը դժվարությամբ է ազատվում պատերազմում «հաղթածի» բարդույթից: Բաքուն դժկամությամբ է գնում նաեւ Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ուր մնաց, թե Արցախի հարցով նստի բանակցությունների սեղանի շուրջ: Հարեւան երկիրը մասնավորապես չի համաձայնում սահմանագծից հետ քաշել զորքերը սահմանազատման եւ սահմանագծման բնականոն աշխատանքներ սկսելու համար՝ դրանով արգելակելով մի գործընթաց, որում շահագրգռված է ոչ միայն հենց ինքը, այլեւ իր «ավագ եղբայրը»:
Ադրբեջանում արհեստականորեն բորբոքվող տրամադրությունները եւ դրա հետեւանքով պարբերաբար հնչող հայտարարությունները խոսում են այն մասին, որ Բաքվին եւ Անկարային, մեղմ ասած, այնքան էլ ցանկալի չէ արցախա-ադրբեջանական շփման գծում տեսնել ռուսական խաղաղապահներին, բայց մյուս կողմից էլ՝ այդ խնդիրը կարող է լուծվել միայն Արցախի կարգավիճակի հստակեցման ուղիով: Ուստի Ադրբեջանի վերադարձը քաղաքական, կառուցողական բանակցությունների դաշտ այլընտրանք չունի, եւ դա ժամանակի հարց է: