Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները

Թշնամին սեփական ձեռագիրը փորձում է հայերին վերագրել

Փետրվարի 26, 2022
Տարածաշրջան
Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածների հերթական տարելիցի նախաշեմին Ադրբեջանի իշխանությունները, փորձելով քողարկել շարունակվող հակահայկական, թշնամական քարոզչության վտանգավոր նոր «շեշտադրումները», աշխարհով մեկ վայնասուն են բարձրացնում, այսպես կոչված, «Խոջալուում հայերի կողմից իրագործված ցեղասպանության» մասին` փորձելով «ստվերել» սեփական հանցանքները եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական դեպքերից: Այդ նպատակով զանգվածային հանրահավաքներ եւ ցույցեր են կազմակերպվում «ի պաշտպանություն Խոջալուի բնակչության ոտնահարված իրավունքների»՝ պահանջելով «հայերի իրականացրած գազանային սպանդը» որակել որպես ցեղասպանություն եւ «պատասխանատվության ենթարկել ոճրագործության կազմակերպիչներին ու մարդասպաններին»: Մինչդեռ, ինչպես «գաղտնազերծված» հարուստ նյութերն են վկայում, սեփական քաղաքացիների կոտորածը (գնդակահարություն) նախապես ծրագրվել եւ իրագործվել է ադրբեջանական ընդդիմության կողմից` առիթ դառնալով երկրի  նախագահ Այազ Մութալիբովի հրաժարականը պահանջելու համար:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Ինչպես եղավ, որ հայկական հին բնակավայրն աստիճանաբար փոխակերպվեց ազերական գյուղի (քաղաքատիպ ավան), իսկ հետագայում քաղաքի կարգավիճակ ստացավ: Ինչպես վկայում են պատմական աղբյուրները, Խոջալու անվանումը ծագել է պարսկերեն խոջա բառից, որը նշանակում է հարուստ վաճառական (հայ վաճառականներին այդպես էին կոչում պարսիկները): Շուշին, հետագայում վերածվելով մշակույթի եւ առեւտրի կենտրոնի, շրջակա գյուղերից, այդ թվում` Խոջալուից բազմաթիվ հայ ընտանիքների ընդունեց: 20-ական թվականներին Բերդաձորի բնակչության մի զգալի մասը, թուրք-թաթարների կողմից ենթարկվելով հարձակումների եւ հալածանքների, ստիպված է լինում բնակություն հաստատել Խոջալու գյուղում: Համարյա թե միաժամանակ այստեղ հաստատվում են Դարալագյազից (Եղեգնաձոր) փախած թուրք-թաթարները: Վերջիններիս թաղամասն օրեցօր ընդարձակվում է: Գետնափոր կացարաններին արագ փոխարինում են հայ վարպետների կառուցած երկհարկանի տները: Մինչդեռ հայկական ընտանիքները, հայտնվելով Բաքվի իշխանությունների ճնշման տակ, հուսալքված հեռանում են օտար կողմեր: Ադրբեջանցիները ոգեւորված տիրում են նաեւ հայերի լքված տներին …

Խոջալուն աստիճանաբար տարածեց «թեւերը» եւ Բաքվի քաջալերմամբ (ֆինանսական հսկայական միջոցների օժանդակությամբ) արագ կերպարանափոխվեց: Հատկանշական է, որ մինչեւ արցախյան շարժումն այնտեղ ավելի քան 2 հազար բնակիչ կար, ու ոչ մի սահմանափակում քոչվորներին չէր վերաբերում: Ազերիները որքան ցանկանում, այնքան հողատարածք էին զբաղեցնում, անասուններ պահում: Իսկ շռայլ արտոնություններ Բաքուն միշտ էլ նախատեսում էր խոջալուեցիների համար: Նրանց արտոնությունների շրջանակները հատկապես ընդլայնվեցին, երբ սկիզբ առավ արցախյան գոյապայքարը: Ավտոբուսային նոր երթուղիներ բացվեցին Բաքու-Խոջալու, Գյանջա-Խոջալու, Աղդամ-Խոջալու ուղղություններով: Իսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունների պահանջով անվանափոխվեց Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքու-Խոջալու օդային թռիչքները դարձան ավելի հաճախակի: Թե Բաքուն որքանով էր առաջնահերթ համարում Խոջալուի բարգավաճումը, այս մասին փաստեցին նախկին գյուղը 15-20 հազար բնակչությամբ քաղաք դարձնելու Ադրբեջանի ղեկավարների նկրտումները …

Քոչվորների գյուղը հաշվված ամիսների ընթացքում քաղաքի վերածվեց` տնտեսության զարգացման նպատակով Մոսկվայի կողմից «Լեռնային Ղարաբաղին տրամադրված 400 մլն ռուբլու օգնության հաշվին»: Բաքվի դրածո Վ. Պոլյանիչկոյի աջակցությամբ շուտով արտակարգ թափ ստացավ բնակարանաշինությունը, ամիսների ընթացքում վեր խոյացան բազմահարկ շենքեր: Այստեղ կառուցվեց մահուդի գործարան, ուրվագծվեցին մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ եւ կենսական նշանակության օբյեկտներ: Խոջալուեցին ամենաարտոնյալն էր, որին Բաքուն պատրաստ էր սիրաշահել եւ շռայլորեն նվիրաբերել պետական բյուջեի միջոցները, միայն թե ռազմավարական նշանակության բնակավայրը նորից հայերի ձեռքը չընկնի… Շուտով այն վերածվեց ադրբեջանական խոշոր ռազմակայանի, որը պիտի սարսափի մեջ պահեր Արցախի խաղաղ բնակչությանը: Հենակետերից շարունակ հրետակոծվում էին Ստեփանակերտն ու Ասկերանը, շրջակա մյուս հայկական բնակավայրերը, զոհվում էին տասնյակ անմեղ մարդիկ, երեխաներ:

Այդպես շարունակել այլեւս հնարավոր չէր: Եվ ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատների առջեւ խնդիր դրվեց ամեն գնով ապահովել մայրաքաղաք մտնող մայրուղու անվտանգությունն ու լռեցնել Խոջալուի կրակակետերը: 1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տրվեց Խոջալուի ճնշման ռազմագործողությունը սկսելու հրամանը: Արցախի ինքնապաշտպանական ուժերը, ազատ միջանցք թողնելով բնակչության համար, բոլոր ուղղություններով հարձակման անցան: Առաջնահերթ ազատագրվեց դեռեւս 1990 թ. հոկտեմբերից ազերիների զավթած Ստեփանակերտի օդանավակայանը: Ապա, շարունակելով առաջխաղացումը, հայկական ջոկատները ձեռնամուխ եղան հակառակորդի ռազմական մյուս հենակետերի ոչնչացմանը: Թշնամուց առգրավվեց երեք զրահամեքենա, հրթիռակոծող երկու կայանք եւ թնդանոթ, հարյուրավոր միավոր մարտական զենք ու զինամթերք: Մինչեւ ատամները զինված ելուզակները երկար դիմադրել չկարողացան, խուճապի մատնվեցին ու դիմեցին փախուստի: Ասել է թե` նրանք ավելի վաղ հայտնվեցին Աղդամի մատույցներում, քան խաղաղ բնակչությունը…

Պարտությունից գազազած թշնամին, կատարելով Ադրբեջանի ընդդիմության պատվերը, սկսեց զանգվածաբար ոչնչացնել (գնդակահարել) ընդամենը մեկ օր առաջ իր պաշտպանության տակ առած բնակիչներին: Խոջալուի ճնշմամբ Բաքվի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ավելի սրվեց հակամարտությունը: Եվ ընդամենը մեկ շաբաթ չանցած՝ Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը գահընկեց արվեց:

Արցախի ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվեց ոչնչացնել Ստեփանակերտն անդադար հրետակոծության տակ պահող կրակակետերը, լիովին մաքրել հայ բնակչության անվտանգությանը սպառնացող զինյալների որջը: Ռազմական պլացդարմի վերացմամբ, փաստորեն, հնարավորություն ընձեռվեց վերականգնելու մայրաքաղաքի եւ Ասկերանի միջեւ խափանված հաղորդակցությունը: Միջանցքը, որի բացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ուներ, փաստորեն, Ստեփանակերտը սահմանամերձ բնակավայրերի հետ կապող միակ մայրուղին էր: Հատկանշական է, որ, շնորհիվ ազատագրված օդանավակայանի, վերականգնվեց նաեւ կապն արտաքին աշխարհի հետ: Ամենակարեւորը` կանխվեց Ասկերանի վրայով Ստեփանակերտ ներխուժելու ազերի ելուզակների վաղեմի մտադրությունը:

Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին՝ Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանդորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ «ցեղասպանություն», ամեն կերպ ճգնում սեփական ձեռագիրը բարդել հայկական կողմի վրա: …Խոջալու բնակավայրում, իրոք, շատ են եղել սպանված ադրբեջանցիները: Դժբախտաբար, նրանց մեջ կային ոչ քիչ թվով կանայք ու երեխաներ: Սակայն Բաքուն սեփական ժողովրդից թաքցնում է այն ճշմարտությունը, որ նրանք սպանդի են ենթարկվել ոչ թե Խոջալուի, այլ` Աղդամի մատույցներում, Շելի գյուղի մոտ, որտեղ «հսկում» էին ազերի զինյալները: Ու եթե դրան ավելացնելու լինենք, որ հայկական կամավորական ջոկատները հեռանալու համար Կարկառի հունով միջանցք էին տրամադրել խաղաղ բնակիչներին, իսկ ծերերին, կանանց ու երեխաներին տեղափոխել Ասկերան եւ հանձնել Աղդամի ներկայացուցիչներին, ապա ավելի պարզորոշ կերեւա, թե ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» կազմակերպիչները:

Հայտնի է, որ դրան առավել ընդարձակ անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում հրապարակված հարցազրույցի մեջ. «Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները: Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին: Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին: Դա բացառվում էր: Հենց որ տեխնիկան շրջապատեց Խոջալուն, հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ես նման հանձնարարություն տվել էի, բայց թե ինչու չէին կատարել, ինձ համար պարզ չէ…»:

Խոջալուի ողբերգական իրադարձությունները, որոնք խաղաղ բնակչության սպանդի պատճառ դարձան, անկասկած, Ադրբեջանում ներքաղաքական մթնոլորտի ծայրաստիճան լարման, մասնավորապես` քաղաքական խարդավանքների եւ իշխանափոխության հետեւանք են: Այդ են հաստատում դեպքերին քաջատեղյակ ադրբեջանցիների վկայություններն ու փաստարկները, Խոջալուի ռազմագործողություններին ականատես ադրբեջանցի լրագրողների հրապարակումները:

Ի դեպ, Ա. Մութալիբովը նույն հարցազրույցում հաստատել է նաեւ, որ  հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ եւ տեղեկացել, որ «Խոջալուի բնակիչներին միջանցք է տրամադրվել»: Խոջալուի ողբերգական դեպքերի մասին հավաստի տեղեկություններ է հաղորդում տեղանքում նկարահանումներ կատարած ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը, ով 1992 թ. մամուլում հայտարարել է, թե երբ երկրորդ անգամ նկարահանել է զոհվածների դիակները, նկատել է, որ «առաջին եւ երկրորդ նկարահանումների միջեւ ընկած ժամանակահատվածում որոշ դիակներ խոշտանգված են»: Նա, փաստորեն, ակնարկել է, որ դրանք կատարվել են ոչ հայկական կողմից, քանի որ «դիակները գտնվել են այն տարածքում, որոնք այդ պահի դրությամբ չէին վերահսկվում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից»: Հատկանշական է, որ տված հարցազրույցից ընդամենը մի քանի ամիս անց  Չ. Մուստաֆաեւն անհասկանալի հանգամանքներում զոհվել է…

Այս ամենով հանդերձ, զավեշտական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, քաղաքականացնելով խնդիրը, փետրվարի 26-ը հայտարարել է հայ ժողովրդի դեմ բողոքի օր ու շարունակում է ամենատարբեր ձեւաչափերով շրջանառել Խոջալուի թեման: Բաքվի փորձերը` նույն հարթության վրա դնելու Սումգայիթի խաղաղ բնակչության սպանդը եւ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի դեպքերը, որտեղից ամեն օր հրետակոծության էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքի եւ շրջակա հայկական գյուղերի քաղաքացիական եւ հումանիտար հաստատությունները, նպատակ ունեն ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ վարկաբեկել հայերին:

Կեղծելով ողբերգության իրական պատճառները՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին մոլորեցնել են փորձում սեփական ժողովրդին` խորացնելով թշնամանքը, դիտավորյալ թաքցնում այն ճշմարտությունը, որ Խոջալուն Բաքվի համար դարձել էր ներքաղաքական պայքարի թատերաբեմ: Մինչդեռ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը բնակչության համար իրականում մարտական գործողությունների գոտուց անարգել դուրս գալու մարդասիրական միջանցք էին թողել…

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԼեռնային ՂարաբաղՂարաբաղյան շարժումպատերազմ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023
Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Մարտի 25, 2023

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Հաջորդ Հոդվածը
Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը

Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist