Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլեւ շարունակում է նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցել։ Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Զինծառայողները գերեվարվել են 2021 թ. մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ։ Նրանք մեղադրվում են անցած տարվա մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» եւ Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները ականապատելու մեջ։ Բացի այդ, մեղադրող կողմը պնդում է, թե իբր Սարգսյանը խոստովանել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը պայթեցնելու հրամանի մասին։ Ի. Սարգսյանի համար դատախազը պահանջել է 20 տարվա, իսկ Վլ. Ռաֆայելյանի համար՝ 19 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2021 թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Կութ եւ Վերին Շորժա գյուղերի մերձակայքում գտնվող Հայաստանի սահմանային գոտում է։ Նման իրավիճակ է ստեղծված նաեւ Սյունիքի մարզում, այդ թվում նաեւ՝ Սեւ լճի մոտ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայ զինծառայողների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 7-ին։ Անցած տարի եւս Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ էին ընթանում, սակայն եթե սկզբում Ադրբեջանի իշխանությունները մեր ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ՝ սպառնալով ցմահ ազատազրկում, ապա վերջում ռազմագերիները դատապարտվեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, նաեւ հանվեցին մի շարք մեղադրանքներ։ Այս գործելաոճն առաջին հերթին բարոյահոգեբանական ծանր հարված է հայ հասարակությանը, նրա դիմադրողականությանը։ Չի բացառվում, որ այս դատավարության արդյունքում եւս «թեթեւ» պատիժ սահմանվի, բայց ռազմագերիներին դատելու փաստն ինքնին միջազգային իրավունքի նորմերի խախտում է։
Ոգեկոչելով Սումգայիթի ու Բաքվի ջարդերի, ինչպես եւ Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերի հիշատակը՝ մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանն ու առայսօր բանտերում պահվող ռազմագերիների փաստին։ ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում՝ 2020 թ. աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: «Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ անդրադառնալով նաեւ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկանց գլխատումներին ու խոշտանգումներին: Կոնգրեսականը կարեւորել է, որ Միացյալ Նահանգները ճանաչի ու դատապարտի բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները, հակառակ դեպքում կոտորածներ իրականացնողները քաջություն կունենան եւ ապագայում եւս նման սարսափելի արարքներ կգործեն։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշել է, որ Սումգայիթյան ջարդերի տարելիցը պետք է օգտագործվի՝ հիշելու այն հետեւանքները, որոնք առաջանում են, երբ ագրեսիան ու էթնիկ ատելությունն անկանոն աճում են: Այս հիշեցումը հատկապես ակնհայտ է այսօր, երբ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը: «Աշխարհը ականատեսը դարձավ հայերի դեմ Ադրբեջանի անզուսպ ատելությանը 2020 թ. Արցախ ներխուժման ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը կյանքի կոչեցին սարսափելի պատերազմական հանցագործություններ ընդդեմ հայ քաղաքացիական անձանց, այդ թվում եւ կանանց ու տարեցների, ռազմական գործողությունների ավարտից հետո ապօրինաբար բանտարկեցին հայ ռազմագերիներին: Շատ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում»,- շեշտել է Շերմանը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած ատելության համար, ինչը շարունակվում է մինչ օրս: «Մարդկության դեմ նման հանցանքները երբեք չպետք է չճանաչված մնան կամ խուսափեն պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե դրանք տեղի են ունեցել երեկ, 30 կամ 100 տարի առաջ»,- հայտարարել է Շերմանը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ցավով արձանագրել է, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Արցախի անմեղ հայ բնակչությանը: «Այսօր շարունակվում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ եւ խոշտանգվել, միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ մշտական սպառնալիքի տակ են»,- հայտարարել է Շիֆը:
Բացի վերոնշյալ միջոցներից, այսօր Ադրբեջանն արցախահայության դեմ կիրառում է այլ միջոցներ եւս, որպեսզի ստիպի նրանց լքել Արցախը։ Մինչ աշխարհը «զբաղված» է Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով, Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված քայլեր կիրառել, ներկայումս արդեն բարոյահոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարություն էր տարածել Արցախի բնակչության նկատմամբ տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Խրամորթ գյուղի եւ Ասկերանի շրջանի այլ համայնքների անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձեւավորելու եւ գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ մի քանի օր անընդմեջ համայնքի մերձակայքում տեղակայված եւ համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին։ Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված եւ ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «բանակցություններ են վարում նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացված հոգեբանական հարձակման գործիքները վերացնելու ուղղությամբ»։
Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին անընդհատ լսվում են մարդասիրական կոչեր, պատերազմական գործողությունները քննադատող հայտարարություններ։ Այն, ինչ կատարվել է եւ դեռ այսօր էլ կատարվում է Արցախի դեմ, պետք է բարձրաձայնվի Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կողմից բոլոր հնարավոր հարթակներում։ Իրերն ու երեւույթները անհրաժեշտ է իրենց անուններով կոչել՝ ադրբեջանական մարդասպան ձեռքի ընթացքը կասեցնելու համար։ Ի դեպ, Խրամորթում տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է եգիպտացի լրագրող Ահմեդ Իբրահիմը՝ ադրբեջանցիներին մեղադրելով իսլամի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ «Ադրբեջանցի մոլեռանդներն ազանն օգտագործում են Արցախում հայերին սադրելու համար. նրանք կարդացե՞լ են Սուրբ Ղուրանը: Նրանք կարդացե՞լ են Մուհամեդ մարգարեի խոսքը ոչ մուսուլմաններին չվնասելու մասին: Ո՞ւր մնաց հարգանքը ազանի նկատմամբ։ Ամոթ է, որ դուք ձեզ «մահմեդական» եք անվանում։ Ես աջակցում եմ Հայաստանին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ Սա վկայում է այն մասին, որ անհիմն եւ անարդյունք են Ադրբեջանի փորձերը՝ Արցախի հարցը մատուցելու կրոնական քողի տակ։ Այստեղ, իհարկե, մենք մեծ անելիք ունենք ադրբեջանական քարոզչության տեղադրած «ականները» վնասազերծելու համար։ Չէ՞ որ մահմեդական աշխարհում եւս բարեկամներ ու բնական դաշնակիցներ ունենք։