Արցախում հումանիտար ճգնաժամ է ավելի քան մեկ շաբաթ, որն իր հանգուցալուծումը չի ստանում։ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Արցախ մտնող գազատար խողովակի վերանորոգումը, ինչը ցույց է տալիս, որ Բաքվի հանցագործ իշխանությունները հետեւողականորեն փորձում են հայաթափել Արցախը։ Եղանակը վերջին օրերին ցրտել, է եւ Արցախի ավելի քան 100 հազար բնակչության համար կենսական նշանակություն ունի գազամատակարարման վերականգնումը։ Դրա հետեւանքով Արցախում արդեն խնդիրներ կան մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ հացի արտադրության հետ կապված։ Եթե այդ ամենին հավելենք նաեւ ուժի սպառնալիքի ցուցադրումը, խաղաղ բնակչության ուղղությամբ պարբերական բնույթ կրող կրակոցները, միեւնույն է, չի երեւա Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության ամբողջական պատկերը։
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նիստում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին՝ նշելով, որ եթե առաջիկայում խնդիրը լուծում չստանա, ապա Արցախում նաեւ էլեկտրաէներգիայի ճգնաժամ է լինելու, քանի որ այդ արտադրողականության ծավալները չեն կարող գերծանրաբեռնված ռեժիմով սպասարկել երկար ժամանակ. «Սա շատ լուրջ ահազանգ է, որի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային գործընկերներին դիմել եմ տարբեր նամակներով եւ խնդրել եմ իրենց ուշադրությունն ու հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ միաժամանակ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ, մասնավորապես Ասկերան քաղաքի եւ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ «Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախն իր բնիկ հայերից»,- նշել է Գրիգորյանը՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին՝ հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանք պետք է դիտարկվեն աշխարհաքաղաքական իրողություններից դուրս։
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր բնակչության շրջանում: «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, եւ շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Բացի Արցախը հայաթափելու նպատակից, Ադրբեջանը նաեւ ստուգում է Ռուսաստանի համար գոյություն ունեցող «կարմիր գծերը»։ Թուրքիան եւ Ադրբեջանը օգտագործելու են հնարավոր բոլոր խաղաքարտերը իրենց միացյալ օրակարգն առաջ տանելու համար։ Դրա համատեքստում պետք է դիտարկել, օրինակ, Ադրբեջանի կողմից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման մտադրությունը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը երեկ նշել էր, որ այդ հարցը քննարկվում է Անկարայի եւ Բրյուսելի հետ՝ ընդգծելով, որ «հարավային գազային միջանցքն ունի չօգտագործված ներուժ»։ Եվրոպական պահանջարկը բավարարելու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կնվազեցնեն կախումը ռուսական գազից, ինչը էական գործոն է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։
Փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում Բաքվի պնդմամբ ներառվել էր «միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության սպառնալիքներին հակազդելու եւ չեզոքացնելու ջանքերը միավորելու մասին» կետը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այն ուղղված է Արցախի Հանրապետության եւ մասնավորապես՝ պաշտպանության բանակի դեմ եւ հարմար առիթով Ադրբեջանին որոշակի գործողությունների դիմելու ազատություն է ընձեռում։ Պատահական չեն ադրբեջանական տարբեր հարթակներում հաճախակի օգտագործվող «ապօրինի զինված խմբավորումներ» ձեւակերպումը, ինչպես նաեւ ռուս զինվորականների ներկայության ժամանակավոր բնույթի շեշտադրումները։
Թեեւ 2025 թ. աշունը դեռ հեռու է, սակայն ուկրաինական ճգնաժամը մեր տարածաշրջանում որոշակի գործընթացների առումով զարգացումների առիթ է տալիս։ ՌԴ խաղաղապահ մանդատի հնարավոր երկարաձգման մասով լուծման առկախումը խոցելի է դարձնում խաղաղապահ առաքելության իրականացումն անգամ մինչեւ դրա ավարտը։ Ադրբեջանը, օգտվելով ներկա իրավիճակից, ջանք չի խնայում ազատվել «գլխացավանքից», որը հաջողելու պարագայում Արցախում հանցավոր գործունեություն ծավալելու ավելի լայն հնարավորություններ կստանա։ Բաքուն քաջ գիտակցում է, որ Մոսկվան մտադիր չէ սահմանափակվել հնգամյա ժամկետով, հակառակը կնշանակի Ռուսաստանի հեռացումը մեր տարածաշրջանից։ Ռուսական խաղաղապահների ներկայությունը Արցախում Ադրբեջանին մշտապես հիշեցնում է, որ հարցը փակված չէ, հակամարտությունը՝ լուծված։ Արցախում կայունության եւ բնակչության անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը պաշտպանության բանակի հետ միասին կրում է նաեւ Ռուսաստանը, հետեւաբար Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու ցանկացած գործողություն ուղղված է ռուսական կողմին եւս։
Ալիեւյան ռեժիմը շտապում է, չէ՞ որ արեւմտյան ուղղությամբ վերջնական լուծում ստանալուց հետո, Ռուսաստանի հայացքն ուղղվելու է հարավ, որտեղ իր դիրքերը խոցելի են։ Չմոռանանք, որ արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Աղդամի շրջանի բնակավայրերից մեկում 2021 թ. հունվարի 30-ից գործում է ռազմական գործողությունների մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։ Սա հնարավորություն է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին Արցախի միջոցով միջնորդավորված կերպով ազդելու Ռուսաստանի վրա։ Իհարկե, դրա հետեւանքով տուժում են առաջին հերթին հայկական կողմը եւ Արցախի բնակչությունը։ Իրավիճակն Արցախում սրելու միջոցով Ադրբեջանն ու Թուրքիան ռուսական կողմին իրենց համար նախընտրելի պայմաններով առեւտուր անելու են մղում, երբ խաղաղապահ առաքելություն իրականացնողը ստիպված պետք է լինի գործելու իր մանդատին համապատասխան։