Մարտի 10-11-ը Բաքվում տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը՝ համանախագահներ՝ Իրանի տրանսպորտի ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի եւ Ադրբեջանի փոխնախագահ Շահին Մուստաֆաեւի մասնակցությամբ։ Նիստի նախօրեին, որը համընկնում էր Թեհրան-Բաքու դիվանագիտական փոխհարաբերությունների 30-ամյակին, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիրաբդոլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շեշտել են փոխհարաբերությունների բազմակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը, քննարկել տարածաշրջանային հարցեր, ապա, անդրադառնալով հիշյալ նիստին, ընդգծել, որ երկու երկրներն էլ խիստ կարեւորում են տնտեսական համագործակցության ընդարձակումը։
Ղասեմին Բաքու կատարած այցի գլխավոր նպատակը գրավյալ տարածքների վերակառուցմանը Թեհրանի մասնակցության եւ Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան նոր տարանցիկ ճանապարհի կառուցման համաձայնագրի ստորագրումն է համարել։ Փետրվարի 11-ին երկու երկրների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի տարածքով 55 կմ երկարությամբ ավտոմայրուղի, երկաթգիծ եւ հաղորդակցման այլ ուղիներ կառուցելու մասին, որը Ջաբրայիլը (Ջրական) միացնելու է Նախիջեւանին՝ շրջանցելով Հայաստան-Իրան սահմանը։ Իրանական որոշ ԶԼՄ-ներ փաստաթուղթը պատմական են գնահատել՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» անցնելու է Իրանով եւ ոչ թե Հայաստանով։ Այդ նպատակով Արաքսի վրա կառուցվելու է երկու նոր կամուրջ, մեկը՝ Իրանի, մյուսը՝ Ադրբեջանի ֆինանսավորմամբ։ Եթե իրանական կողմին հաջողվի կյանքի կոչել այդ համաձայնությունը, պետք է ասել, որ Թեհրանը, թերեւս, լուծել է 44-օրյա պատերազմից հետո իրեն խիստ անհանգստացնող հարցը՝ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրվելուց ի վեր։ Փաստաթղթի 9-րդ կետում խոսվում է հաղորդակցության ճանապարհների վերաբացման եւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի միասին, ինչն Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են որպես Հայաստանի վերահսկողությունից դուրս «Զանգեզուրի միջանցք», որը կիրականացներ համաթյուրքականների երազանքը՝ թյուրքական աշխարհի միասնությունը։ Չարաբաստիկ այդ «միջանցք» կոչվողը վերացնելու էր Հայաստան-Իրան սահմանը, ինչն ուղիղ հարված էր Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, միաժամանակ զրկվելու էր Ադրբեջանի եւ Նախիջեւանի, ինչպեսեւ Թուրքիայի ու Ադրբեջանի համար տարանցիկ ճանապարհ լինելուց։
Ահա թե ինչու Իրանը, թերեւս հանկարծակիի գալով եռակողմ հայտարարության նշյալ կետից, պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, թե միջազգային սահմանների փոփոխություն չի հանդուրժելու, իսկ Հայաստան-Իրան սահմանն այդպիսին է։ Ապա ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը շրջայց կատարեց տարածաշրջանի երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ Թուրքիա՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու։ Միաժամանակ նա ներկայացրեց, ինչպես նշել ենք տարբեր առիթներով, անիրականանալի 3+3-ի տարածաշրջանային համագործակցության նախագիծը, որը միանգամայն տարբեր է Թուրքիայի համանուն 3+3-ի առաջարկից, որի համաձայն՝ առաջին եռյակը Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստանն էր, ինչի մասին ակնարկեց Ալիեւը Ռուսաստան-Ադրբեջան դաշնային համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Այլ կերպ ասած՝ Զարիֆի շրջայցը Իրանին հուզող հարցի շուրջ լուրջ ձեռքբերումներ չարձանագրեց։ Այս առնչությամբ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, թե նման միջանցքի մասին խոսք չի կարող լինել։ Ավելին, 2021 թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրան կատարած այցի ընթացքում բազմիցս շեշտել է, թե նման «միջանցքը» բացառվում է։ Սակայն Թեհրանն իր շահերը, որոնք համընկնում են Հայաստանի շահերին, որոշել է պաշտպանել սեփական ուժերով, թերեւս, որոշակի մտավախություն ունենալով Հայաստանի վրա հնարավոր լուրջ ճնշումների առնչությամբ։ Փետրվարի 11-ին, Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում, Բայրամովը թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին, շեշտել է, թե Ադրբեջանը պատրաստ է առանձնահատուկ սկզբունքներով ընդլայնել Հայաստանի հետ փոխհարաբերությունները՝ ընդգծելով, թե այդ առնչությամբ 5 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին՝ չնշելով դրանք։ Ըստ ամենայնի, կարելի է ենթադրել, որ կետերեց մեկը հենց այդ չարաբաստիկ «միջանցքին» է վերաբերում, որը, փաստորեն, Իրանի հետ ստորագրած փաստաթղթով պետք է լուծված համարել։
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններին, ապա դրանք վերջինիս անկախության 30 տարիներին ընթացել են լուրջ ելեւէջներով։ Դրանցում առկա «անթեղ կրակը» մերթ ընդ մերթ բռնկվում է, ինչը պայմանավորված է երկու երկրների միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտով։ Ադրբեջանն Իրանի հյուսիսարեւմտյան թուրքախոս նահանգների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի, ինչի մասին Բաքուն երբեմն մեղմ եւ երբեմն հարձակողական տոնով է արտահայտվում։ Մյուս կողմից՝ Բաքուն խիստ մտահոգված է այդ երկրում հնարավոր իսլամական հեղափոխությամբ, կամ էլ Իրանի ազդեցության ներքո ուժերի ձեւավորմամբ, ինչը պայմանավորված է այդ երկրի բնակչության շուրջ 80 տոկոսի շիա ուղղության իրանյան աղանդի դավանումով։ Թեեւ Բաքվի իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցությամբ լուրջ ջանքեր են գործադրում՝ ի հաշիվ շիականության տարածել սունի ուղղությունը, մասնավորապես Թուրքիայի դավանած հանաֆի աղանդը, սակայն, ըստ երեւույթին, ձեռքբերումները մեծ չեն։ Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում «անթեղ կրակը» աննախադեպ բռնկում արձանագրեց 2021 թ. մայիսից, երբ Բաքուն գրավեց Գորիս-Ղափան ճանապարհի Որոտանի հատվածը, ավելի ուշ այստեղով անցնող իրանական մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներից մաքսատուրք պահանջելու, ինչպեսեւ Ալիեւի «Զանգեզուրի միջանցքի» մասին բարբաջանքների պատճառով։
Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում լարվածությունն իր գագաթնակետին հասավ նույն թվականի հոկտեմբերի 1-ին, Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի ցամաքային ուժերի լայնածավալ զորավարժությամբ պայմանավորված, որին մասնակցում էին անօդաչուներ եւ ուղղաթիռներ։ Էրդողանն այս առիթով, նույնիսկ սպառնալով Իրանին, հայտարարեց, թե վերջինս չի հարձակվի Ադրբեջանի վրա, քանի որ այդ երկրի թիկունքին Իսրայելն է։ Այնուհետեւ, ինչպես ենթադրվում էր, լարվածությունն սկսեց մարել, թերեւս, Ալիեւը գիտակցեց, որ չափն անցել է։ Դրան հաջորդել է երկու երկրների փոխհարաբերություննում հերթական մեղրամիսը, որը նպաստել է խնդրո առարկա փաստաթղթի ստորագրմանը։