Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով մարտի 21-ի երեկոյան Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Ադրբեջանը, օգտվելով ներկայիս եղանակային անբարենպաստ պայմաններից, լրացուցիչ խնդիրներ էր ստեղծել Արցախի բնակչության համար, ինչի հետեւանքով լրջագույն հումանիտար ճգնաժամ էր առաջացել։ Արցախի տեղեկատվական շտաբը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը փաստացի տեւեց երեք օրից քիչ։
Ստեղծված իրավիճակի հետ կապված` երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ շեշտելով, որ Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքների խափանումն ունի դիտավորյալ եւ հանցավոր բնույթ։ «Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին` մոտենալ իբրեւ թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած` պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման եւս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կամ դրա քոչի տակ ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա, ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի եւ այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես` նման ցուրտ եղանակային պայմաններում»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։
Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները մեկ անգամ եւս արձանագրում են, որ Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման Ադրբեջանի պետական քաղաքականության նպատակը չի փոխվել, այն է՝ Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից. «Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունն» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը»։
Քրիստինե Գրիգորյանը եւ Գեղամ Ստեփանյանը կոչ են անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւս արձագանքել է ներկա իրողություններին՝ նշելով, որ իրավիճակն արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը: Թաթոյանը վստահ է, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները անգամ փոքր-ինչ չեն նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը. «Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց: Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար»:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ փակ ռեժիմով անցկացվել է «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում:
Ադրբեջանի չի փոխվել. այն ունի նույն ցեղասպան ձեռագիրն ինչպես հիմա, այնպես էլ երեք տասնամյակ եւ մեկ հարյուրամյակ առաջ։ 102 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 22-26-ը պատմության թատերաբեմում հայտնված նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրենց պետության առաջին էջերը գրեցին արյամբ։ Այդ օրերին իրականացվեց Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդը։ Արցախի ԱԳՆ-ի երեկվա հայտարարության մեջ նշվում է. «Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը եւ պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց եւ ավերակների մեջ մնաց մինչեւ 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից»։ Հավելենք, որ Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունն Արեւելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։ Ինչպես 1920 թ., այնպես էլ 2020-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի եւ ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլեւ ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու հայկական ոգին։ 4-5 օր տեւած ջարդերի հետեւանքով շուրջ 20 հազար հայեր սպանվեցին։
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ներկայիս քայլով Ադրբեջանն իրականացնում է Արցախի էթնիկ զտում. եթե պատերազմի ընթացքում արցախահայությանը ֆիզիկական ոչնչացման էր ենթարկում, ապա դրանից հետո հայաթափումն իրականացվում է նաեւ հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու, վախի մթնոլորտի ձեւավորման պայմաններում։ Այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով։ Արցախցին իրավունք ունի ապրելու ազատ եւ անկախ իր հայրենիքում։ Իսկ միջազգային հանրության եւ համապատասխան կառույցների անտարբեր, հաճախ կողմնապահ կեցվածքն ավելի է խրախուսում եւ անարգել գործելու լայն դաշտ ստեղծում Ադրբեջանի համար։