Հայաստանը 2023 թ. մուտք է գործել բազմաթիվ հիմնախնդիրներով, որոնց շարքում կարեւորագույնը հայ ժողովրդի անվտանգության, հայկական արժեքների պահպանության հարցերն են: Խորհրդային Միության փլուզումից եւ Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմից հետո, որում հաջողվեց ոչ միայն պահպանել մեր ֆիզիկական գոյությունը, այլ պայմաններ ստեղծել՝ ապահովելու ժողովրդավարական ապագա, հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Արցախում, մշտապես ապրել է սոցիալապես ոչ բարվոք վիճակում: Բայց ընդունել է այն, որովհետեւ կշեռքի նժարին Արցախն էր: Գիտակցաբար ընտրել է սոցիալական վատ վիճակը, միայն թե ապրի հայկական Արցախը՝ որպես հայության խնդիրների լուծման իրական բանալի: Թերեւս, դրա ապացույցներից մեկն այն է, որ հայ ժողովուրդը, անկախ արտաքին ազդեցություններից, երբեւէ սոցիալական հիմքի վրա խռովություն չի բարձրացրել:
90-ականներին Արցախի ու Հայաստանի ծանր ու դաժան շրջափակումից, Սումգայիթում, Բաքվում եւ այլուր հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունից մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ: Նրան հաջողվեց դիմանալ ցրտի ու սովի դժոխային պարտադրանքին, ադրբեջանական կողմի ռազմական ճնշմանը, ապա բեկում մտցնել պատերազմում ու պարտության մատնել թշնամուն, ազատագրել Արցախը եւ նրա շուրջ գտնվող պատմական հայկական այն հողերի մի մասը, որոնք ժամանակին Բաքուն դուրս էր բերել Արցախի կազմից: 1994 թ. Արցախն ու Հայաստանն ընդառաջեցին պարտված, արյունաքամ եղած հակառակորդին եւ դադարեցրեցին կրակը: Ամբողջ աշխարհը տեսավ ու համոզվեց, որ հայ ժողովուրդը միայն ազգային ազատագրական շարժում է իրականացնում եւ զենք է վերցրել հանուն պաշտպանության: Ադրբեջանի կործանման համար բոլոր հնարավորությունները կային, առկա էին բոլոր նախադրյալները, սակայն որոշվեց դադարեցնել ռազմական գործողությունները՝ այն հույսով, որ Ադրբեջանն ուշքի կգա եւ իր հետագա քայլերով կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն կրակի դադարեցման մասին փաստաթղթի ստորագրումից հետո խաղաղությանը միտված աշխատանք չէր կատարում, այլ ստեղծում էր սոսկ բանակցությունների իմիտացիա՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, մեր դաշնակից Ռուսաստանի ու այլոց օգնությամբ մեծացնելով իր ռազմական ներուժը, ինչը, ի վերջո, հանգեցրեց կողմերի միջեւ ռազմական հաշվեկշռի այնպիսի խախտման, որ Բաքուն 2020 թ. սեպտեմբերի 27-ին հարձակում գործեց Արցախի ու Հայաստանի վրա:
Ընդհանրապես՝ 1994-ից հետո Ադրբեջանն առիթը բաց չէր թողնում՝ հայտարարելու, թե, իբր, իր խնդիրը «սեփական» հողերի ազատագրումն» է ու փախստականների վերադարձը՝ փորձելով «հասկանալի ձեւակերպումներով» օրինականություն հաղորդել իր ագրեսիվ գործողություններին: Բաքուն, սակայն, ոչինչ չէր ասում այն մասին, թե ինչու է տարածքներ կորցրել՝ հույսը դնելով աշխարհի կարճ հիշողության վրա: Իսկ որտեղ հիշողությունն ապրում էր, ասպարեզ էին նետվում ադրբեջանական նավթադոլարները…
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զավթեց հայկական պատմական տարածքները, ավելին՝ նույնիսկ Արցախի Հադրութի շրջանը եւ Շուշին՝ իրականացնելով նոր ցեղասպանություն եւ դուրս մղելով բնիկ ժողովրդին: Մեզ համար վաղուց հայտնի էր, իսկ աշխարհի համար արդեն պարզ դարձավ, որ Ադրբեջանի նպատակը մշտապես եղել են ոչ թե իր կողմից թմբկահարված «սեփական» հողերի ազատագրումն» ու փախստականների վերադարձը, այլեւ Արցախի հայաթափումն ու հայ ժողովրդի ցեղասպանությունը», եւ այդ գործում հավաքագրվել են նաեւ մի շարք պետություններ: Բաքվի ու նրա կողմնակիցների դիմագիծը վերջնականապես պատռվեց 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական զորքերը հարձակում ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության վրա՝ հրետակոծելով ոչ միայն ռազմական օբյեկտներն ու դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները: ՀՀ դաշնակից ՌԴ-ն, ինչպես նաեւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը, որի լիդերը նույն Ռուսաստանն է, հրաժարվեցին կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները եւ օգնել ՀՀ-ին:
Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանն «առավել գերադասելի» վիճակում է, քան 1990-ականներին: Էլի նույն իրավիճակն է. փախստականների ու «իր տարածքների» համար «մտահոգ» Բաքուն կրկնում է այն ամենը, ինչ անում էր 1990-ականներին՝ շրջափակում, սպառնալիք, պատերազմ, հանցագործություններ, ցեղասպանություն… Սա նշանակում է, որ մենք կրկին ընթանում ենք դեպի նոր պատերազմ, որովհետեւ այսպես ոչ միայն չի կարելի, այլեւ անհնար է: Ինչպես եւ 90-ականներին:
Արցախի ավելի քան 30-ամյա պատմությունը երկու դաս ունի.
1. Ադրբեջանը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար, եւ փորձը բացառում է թշնամու եւս մեկ անգամ խնայումը,
2. Նոր պատերազմը հնարավոր է կանխարգելել միայն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման միջոցով:
Դատելով հեղինակավոր տարբեր հարթակներում հնչեցված հայտարարություններից ու կոչերից՝ կարելի է եզրակացնել, որ միջազգային հանրությունն սկսում է գիտակցել տեղի ունեցածի բուն էությունը եւ ընթանում է արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղիով: Առավել եւս, որ ընկալվել է եւս մեկ պարզ ճշմարտություն՝ Արցախի խնդիրը կշարունակի պատերազմ գեներացնել այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի պետությունների «ազդեցության գոտում» է, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան՝ իրենց այսօրվա քաղաքականությամբ: Արցախի Հանրապետության ճանաչմամբ կվերանա այդ երկրների ազդեցությունը:
Հայաստանը, որը սեղմված է Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ, որոնց թշնամական վերաբերմունքը հայության նկատմամբ ողջ աշխարհին է հայտնի, բնականաբար, այն գնահատում է որպես «հանցագործի վերաբերմունք զոհի նկատմամբ»: Անկարան, շեշտելով, որ կանգնում է Ադրբեջանի կողքին, փաստացի նրան զենք է դարձնում իր ձեռքին մի շարք ուղղություններով՝ դեպի Իրան, Հայաստան, Արցախ եւ Ռուսաստան: Թուրքերն ու ադրբեջանցիները, ըստ էության, մեկ ազգ են, եւ ոչ մի կասկած չի կարող լինել, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, այլ ոչ թե Ռուսաստանին: Դա լավ են հասկանում, ի դեպ, նաեւ ՌԴ-ում, եւ պատահական չէ, որ ռուսական մամուլում արդեն տեսակետներ են հնչում, թե չեն կարող հույսեր կապել ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Թուրքիայի հետ:
«Հայաստանն իսկական Ոսկե խաղաքարտ է Մեծ խաղում: Հենց Հայաստանի վրա է հենվում Անդրկովկասում Ռուսաստանի հիմնական ազդեցությունը: Հանեք Հայաստանը Ռուսաստանի ռազմական ազդեցության գոտուց, եւ դուք կստանաք լիովին հակառուսական Անդրկովկաս»,- նշված է ռուսական «dzen.ru»-ում:
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները սխալմամբ բացատրվում են ոչ թե տարածաշրջանում Մոսկվայի վարած քաղաքականությամբ, այլեւ այն փաստով, որ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունն իր մեծությամբ երկրորդն է, որում աշխատում է 2000 մարդ, այսինքն՝ ՀՀ-ի 1500 քաղաքացուն ամերիկյան 1 դիվանագետ է հասնում: Հասկանալով, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու համար, Մոսկվան միեւնույն ժամանակ ոչինչ չի անում՝ միտված Երեւանի նկատմամբ իր քաղաքականության վերաձեւակերպմանը, ինչը մեր երկրում միանգամայն հիմնավոր կարծիք է ստեղծում, որ Ռուսաստանը սեփական նախաձեռնությամբ է հեռանում տարածաշրջանից, ինչին, ի դեպ, ականատես ենք եղել նաեւ անցյալում:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում մարդկանց, ովքեր ասում են. «Պետք է հեռանալ Հայաստանից, թող իրենք լուծեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ իրենց խնդիրները, եթե այդքան խելոք են»: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել: Հայաստանը նույնքան շատ է մեզ պետք, որքան մենք՝ Հայաստանին»,- եզրակացրել է հեղինակը:
Նյութը, սակայն, զերծ չէ որոշակի սուբյեկտիվիզմից: Ինչպես այլ աղբյուրներում, այնպես էլ այստեղ օգտագործվում է հնացած այն տեսակետը, որ եթե չլինի Ռուսաստանը… Հիմա դա ավելի շատ որպես սպառնալիք է հնչում: Իսկ եզակի եւ բացառիկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի փրկությունը կապված է նրա կողմից Արցախի Հանրապետության ճանաչման, այլ ոչ թե ինչ-ինչ սպառնալիքների հնչեցման հետ: Բայց դժվար է ենթադրել, որ Ռուսաստանը հանդես կգա նման նախաձեռնությամբ, իսկ դա, իր հերթին, ամրացնում է այն համոզմունքը, որ Մոսկվան հեռանում է իր ցանկությամբ. քանզի Արցախի ու Հայաստանի պարտությունը ՌԴ-ի մեծ պարտության սկիզբն է եւ ազդարարում է այդ երկրի բյուզանդականացման գործընթացը, ինչին, ի դեպ, մեկ անգամ չենք անդրադարձել:
Անդրադառնալով Թուրքիային՝ պետք է շեշտենք, որ դա ՆԱՏՕ-ի միակ պետությունն է, որը հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին: Անկարան այսօր ակտիվություն է ցուցաբերում ոչ թե հունական, ինչպես թվում էր վերջին շրջանում, այլեւ հարավկովկասյան ուղղությամբ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի պաշտպանության պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա, որը ստանձնել է այդ առաքելությունը: Դա նշանակում է, որ Անկարան դիվանագիտական մակարդակով միանում է Ադրբեջանի գործողությունների պատճառով ՌԴ-ի դեմ սկսված արշավին: Թուրքական իշխանամետ ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն աջակցում են ադրբեջանական «ակտիվիստներին»: Բանն այնտեղ է հասել, որ դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի Շուշիի հատված է այցելել Բաքվում այդ երկրի դեսպան Ջահիթ Բաղչին: Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը նկատելի է նաեւ ռազմական ոլորտում. վերջերս պարզ է դարձել, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օգնականն է: Այսպիսով՝ Թուրքիան սկսում է սրել Ադրբեջան անվանմամբ իր զենքը…