Որեւէ տարբերություն չկա, թե Արցախն այսօր շրջափակված է ռազմական գործողությունների՞, թե՞ քաղաքացիական հագուստով ադրբեջանցի «բնապահպանների ակցիայի» հետեւանքով: Արցախի քաղաքացիները փաստացի շրջափակված եւ հումանիտար աղետի մեջ են: Մյուս կողմից էլ Ադրբեջանի այս գործողությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելով՝ վերջինս ոչ միայն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, այլեւ հարվածներ է հասցնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, որը չի կարողանում ապահովել իր պատասխանատվության գոտում գտնվող Բերձորի միջանցքի անվտանգությունը:
Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի ֆոնին չի ցանկանում կոշտ միջոցներ ձեռնարկել հիմնականում ադրբեջանցի զինվորականներից բաղկացած քաղաքացիական հագուստով «բնապահպանների» դեմ եւ դրանով հարաբերությունները փչացնել այն քիչ դաշնակիցներից մեկի հետ, որն այսօր կանգնած է ՌԴ-ի կողքին, առավել եւս, որ այսօր Ադրբեջանը փաստացի ասոցացվում է Թուրքիայի հետ, որը դեպի արեւմուտք ՌԴ-ի համար միակ պատուհանն է դարձել, համենայնդեպս՝ Անկարայից հնչող հայտարարությունների մակարդակում:
Օգտվելով ՌԴ-ի այս իրավիճակից՝ ադրբեջանաթուրքական զույգը ցանկանում է առավելագույն օգուտներ կորզել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում: Ակնհայտ փաստ է, որ այսօր Ադրբեջանի նպատակը Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող հանքավայրերը չեն: Բաքվի առաջնորդը բազմիցս զուգահեռներ է տարել Լաչինի միջանցքի եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող Մեղրու ճանապարհի միջեւ՝ հայտարարելով, որ դրանք նույն կարգավիճակը պետք է ունենան: Սակայն այդ պահանջն ամրագրված չէ եռակողմ որեւէ փաստաթղթում, որոնցով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը, հետեւաբար, վերջինս պարբերաբար շեշտում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները պետք է բացվեն եւ գործեն տվյալ երկրների օրենսդրական կարգավորումների շրջանակներում: Ի պատասխան դրան, Ադրբեջանը փաստացի փակել է մայր հայրենիքին կապող միակ ճանապարհը՝ Արցախի ժողովրդին պահելով լիակատար շրջափակման մեջ: ԱՄՆ-ից եւ Եվրոպայից հնչում են միջանցքը բացելու վերաբերյալ Բաքվին ուղղված հորդորներ ու կոչեր, որոնց վերջինս ուշադրություն չի դարձնում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ նույնիսկ բանաձեւ ընդունել Բերձորի միջանցքի խնդրով:
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանն Արցախի շրջափակումն իմիտացնում է բնապահպանակն հիմնահարցով՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար եւ մարդու հիմնարար՝ կյանքի, առողջության, ազատ տեղաշարժի իրավունքները, Արցախի իշխանությունները պետք է նրա այդ քայլն ավելի համակարգային օգտագործեն տվյալ երկրի դեմ: Պայքարի դուրս գալով իրենց իրավունքների համար՝ արցախցիները կբարձրաձայնեն սեփական իրավունքների ոտնահարման մասին, դրանով իսկ միջազգային հանրության առաջ կբարձրացնեն նաեւ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը: Արցախցին այսօր պետք է վերջին՝ բլոկադայի փաստով աշխարհին հիմնավորի, որ իր 30-ամյա պայքարն Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականության դեմ է, եւ միջազգային կառույցներն իրավունք չունեն աչք փակել մի ողջ ժողովրդի սովի մատնելու ու հիմնարար իրավունքներից զրկելու քայլերի, վերջին հաշվով՝ ցեղասպանության առաջ: Արցախը պետք է միջազգային հանրությունից պահանջի սկզբի համար գոնե հրատապ օդային ճանապարհ բացել՝ հումանիտար բեռների եւ քաղաքացիների փոխադրում իրականացնելու համար, առավել եւս, որ Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է ընդունել ինքնաթիռներ:
Արցախն այսօր պետք է շարունակի իր ինքնիշխանության համար պայքարը նոր՝ նաեւ ոչ ռազմական գործողությունների ձեւաչափում, ինչը կրկին պարտադրվում է Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայությունը, ինչպես միշտ, այսօր էլ պետք է կանգնած լինեն արցախցու կողքին՝ աշխարհին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության բնույթը ցույց տալու եւ Արցախցու՝ իր հազարամյա բնօրրանում ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Համաշխարհային հանրությունը պարտավոր է կանխել հերթական ցեղասպանությունը, որը տեղի է ունենում քաղաքակրթության 21-րդ դարում: Ադրբեջանի այս քայլը պետք է օգտագործվի աշխարհին հերթական անգամ ցույց տալու, որ Արցախյան պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չի եղել, այլ իրենց բնօրրանում արցախցիների ապրելու իրավունքի պաշտպանության պայքար, եւ որ պաշտոնական Բաքուն իր այդ քայլով ավելորդ անգամ փաստում է Արցախի Հանրապետության հետ մեկ պետություն ձեւավորելու անհնարինության մասին:
Հայաստանն արցախցու ձայնն աշխարհին հասցնելու առաքելություն ունի՝ որպես այդ երկրի հայ բնակչության անվտանգության եւ ազատության երաշխավոր: Որպես իր ազգակից եղբայրների իրավունքի պաշտպան՝ Հայաստանը կարող է նաեւ ի նշան բողքի սառեցնել բանակցությունները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում՝ հատկապես, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունն այսօր խրախուսում է Արցախի շրջափակումը: Արցախի օրինական ընտրված իշխանությունները պետք է ակտիվ բանակցությունների մեջ մտնեն այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների ղեկավարների եւ վերջապես Ադրբեջանի իշխանությունների հետ:
Այսօր այլընտրանք չկա՝ Արցախի ժողովուրդը պետք է ընդունի Ադրբեջանի նոր մարտահրավերը եւ նոր իրողություններում պայքարի իր իրավունքների համար: Առաջնային անհրաժեշտություն է արցախցու ձայնը համաշխարհային հանրությանը հասցնելը, որպեսզի կանխվի հերթական ցեղասպանությունը: Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել մի ողջ պետության լիակատար բլոկադան:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ