1456 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար, 8 պետական թանգարաններ՝ ավելի քան 19 հազար ցուցանմուշներով: Արցախի պաշտոնական նախնական տվյալներով՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական այս արժեքները ոչնչացման սպառնալիքի տակ են, ոմանք էլ արդեն իսկ ոչնչացվել ու ոչնչացվում են։ Միջազգային հանրությունն այս մասին, ի դեմս որոշ զեկույցների, բանաձեւերի ու հայտարարությունների, մտահոգություն հայտնել է: Բայց քանի որ ամեն ինչ դրանով ավարտվել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պղծումը, նշանակում է, որ… միջազգային առաքելությունն ավարտված է, համենայնդեպս՝ այս պահին:
Եթե հուշարձանների ոչնչացման կամ հոշոտման հանդեպ վերաբերմունքն ու արձագանքն այսպիսին են, ապա ի՞նչ ենք ակնկալում մարդկանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի պարագայում: Ինչպես մեր թերթի նախորդ հրապարակման մեջ էինք հարցադրում արել՝ մտահոգվում եք, որ ի՞նչ անեք…
Ըստ կրկին Արցախի պաշտոնական նախնական տվյալների՝ Արցախի 30 հէկ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Արցախի գետերի գերակշիռ մասը տնօրինվում է կրկին այդ երկրի կողմից, էլ չենք խոսում ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված անտառների մասին… Առանց որեւէ բնապահպանական մտահոգության ու անհանգստության, առանց աղմուկի Ադրբեջանը տնօրինում ու վայելում է Արցախի հարստությունը, բնությունը եւ որեւէ բնապահպանական խնդիր չի տեսնում: Պատճառը շատ պարզ է՝ այդ ամենն իր՝ թեկուզեւ ապօրինի, տիրապետության տակ է: Իսկ թե ինչու է Ադրբեջանի մեջ հանկարծակի բնապահպանական սեր ու բնազդ արթնացել, օրինակ, Կաշենի հանքավայրի հանդեպ, դա էլ պարզ պատճառ ունի՝ այն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ… Գուցե այս բացատրությունը շատ պարզունակ է հնչում, սակայն հաճախ է լինում, որ ամենապարզ բանի համար փորձ է արվում գերբարդ պատճառաբանություններ գտնել:
Անշուշտ, Կաշենն էլ, բնապահպանությունն էլ պատրվակ են, եւ դրանց տակ անշնորհք կերպով քողարկված է Արցախի հարեւանի մեծ քաղաքական ու տնտեսական ախորժակը: Սակայն եթե նույնիսկ Կաշենի հանքավայրն էլ ադրբեջանական օկուպացիայի տակ լիներ, այդ երկիրը հաստատ մեկ այլ պատրվակ էր փնտրելու՝ Արցախին ծնկի բերելու փորձ սկսելու համար:
Մի բան, սակայն, Ադրբեջանը հաշվի չի առել՝ Արցախը սովոր չէ ծնկի գալ եւ այդպիսի ավանդույթ չունի, ի տարբերություն Ադրբեջանի…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ