Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված փխրուն կայունության պահպանումը կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից, այլեւ հարակից պետություններում առկա իրավիճակից: Վերջիններիս տարածքներում ցանկացած լարում անխուսափելիորեն կանդրադառնա 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ձեւավորված հարաբերական կայուն վիճակի վրա: Վերոշարադրյալն առաջին հերթին վերաբերում է Իրանին, որն իր հայտարարություններով եւ գործողություններով որոշակի ուժային հավասարակշռություն ու կայունություն է ապահովում Հարավային Կովկասում:
Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը երկու ռազմական գործողությունների՝ 2021 թ. մայիսի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի հետեւանքով խախտելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ապօրինաբար ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածքներ, Իրանի ռազմաքաղաքական վերնախավը հայտարարում է, որ անթույլատրելի է տարածաշրջանի միջազգայնորեն ընդունված եւ պատմական սահմանների խախտումը՝ դրան զուգահեռ լայնածավալ զորավարժություններ իրականացնելով Ադրբեջանի հետ սահմանին: Այդ կերպ Թեհրանն առաջին հերթին զսպում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկրտումները եւ ՀՀ տարածքների ուղղությամբ այդ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար բարձրաձայնվող ցնորամիտ հավակնությունները:
Պատահական չէ, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի որոշ ռազմարդյունաբերական օբյեկտներին հասցված օդային հարվածներն առանձնակի ոգեւորությամբ ընդունվեցին սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթներում: Վերլուծաբաններն այդ միտումը հիմնականում կապում են նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ըստ Իրանի իրավապահ մարմինների՝ կենցաղային հողի վրա կատարված հարձակման հետ, բայց ակնհայտ է վերջին շրջանում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունը: Թուրքիան էլ ադրբեջանական դեսպանատան միջադեպն օգտագործեց հերթական անգամ հայտարարելու, որ մշտապես ամենուր իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին է լինելու:
Այս ամենը խոսում է այն մասին, որ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացները սերտ կապի մեջ են, հետեւաբար՝ որեւէ երկրում անկայունությունը միանշանակ իր անդրադրաձն է ունենալու հարեւան երկրների վրա, իսկ վատագույն դեպքում բերելու է ողջ տարածաշրջանի իրավիճակի ապակայունացման:
Աննախադեպ լարվածության պայմաններում հարաբերական հանգիստ իրավիճակի պայթյունի պատճառ կարող է դառնալ ցանկացած միջադեպ՝ նույնիսկ կենցաղային հողի վրա կատարվողները: Թերեւս այս լարվածության եւ տարածաշրջանային ներքին զարգացումների համատեքստում պետք է դիտարկել նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիմաց հունվարի 28-ին եւ 29-ին հրեա ծայրահեղականների կազմակերպած սադրանքները: Սինագոգում վերջին ահաբեկչության դեպքից անմիջապես հետո երեք կրոնների հինավուրց կենտրոնում նման միջադեպերը հղի են ծանրագույն հետեւանքներով: Իսրայելցի ծայրահեղականները հայտնի են բոլոր մյուս կրոնների ներկայացուցիչների եւ նույնիսկ աշխարհիկ կյանքով ապրող հրեաների նկատմամբ նման անհանդուրժողական վարքագծով, եւ այսպիսի միջադեպեր պարբերաբար արձանագրվում են, սակայն վերջին իրադարձությունների ֆոնին, լարված մթնոլորտի պայմաններում, դրանք կարող են անցանկալի զարգացումների բերել:
Հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների պայմաններում, թերեւս, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության մեջ ամենաշահագրգռվածը Հայաստանն ու Արցախն են: Հարավային Կովկասում անկայունության մեջ շահագրգռվածները, բնականաբար, չեն կարող հայկական շահերից ելնելով գործել: Ուկրաինական հակամարտության եւ սիրիական չկարգավորված ճգնաժամի պայմաններում անկայունության ցանկացած օջախ ողջ տարածաշրջանը կարող է տանել քաոսի, ինչն էլ իր հերթին անմասն չի թողնի ողջ աշխարհը, մասնավորապես՝ հին աշխարհամասը: