Գրեթե երկու ամիս է բռնապետական Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Աշխարհն ականջալուր չէ վրա հասած աղետին, ինչից կարելի է եզրակացնել երկու բան՝ կամ աշխարհին չի հետաքրքրում Արցախի ներկայիս դրությունը, կամ աշխարհն ու Ադրբեջանը գործում են միասին։ Իրանն իր տեսլականն ու վերլուծություններն ունի շրջափակման վերաբերյալ, համաձայն որոնց՝ Ադրբեջանը մի քանի կործանարար նպատակ է հետապնդում։
Ըստ այդմ, ինչպես հայտնի է, Արցախի ռելիեֆը մեծասամբ լեռնային է, հետեւաբար նման տարածքներում կան բազմաթիվ հանքեր, այդ թվում նաեւ ոսկու։ «Էկոակտիվիստների» ձեռամբ Բաքվի ղեկավարությունը ձգտում է տիրապետել այդ հանքային պաշարներին։ Ըստ փորձագիտական հաշվարկների՝ կա մոտ 20 միլիարդ դոլարին համարժեք ոսկի, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից, քանի որ այն պատկանում է Հայաստանին, եւ այնտեղ աշխատում են բազմաթիվ տեղացի հայեր։ Վերոնշյալ «էկոակտիվիստները» հիմնականում զինվորականներ են կամ որոշակի կերպով Ալիեւի բռնապետական ռեժիմի հետ կապ ունեցող խամաճիկներ։ Այսինքն, սա ամբողջովին բեմադրված ներկայացում է։ Ադրբեջանի որոշ շրջաններում հայտնաբերված ոսկու հանքերի շահագործումը հանձնվել է բրիտանացիներին, սակայն առանձնահատուկ պետք է շեշտել, որ հանքերի որոշ բաժնետերեր արտերկրում ապրող իրանցիներ են։ Այսինքն՝ ինչպես «սեւ ոսկին»՝ կասպիական նավթը հանձնվեց անգլիացիներին, այնպես էլ՝ ոսկու հանքերը։ Ուստի, Բերձորի (Լաչին) միջանցքը փակելու նպատակներից մեկն էլ Արցախի հանքավայրերն ստանալն ու բրիտանացիներին «ընծայելն» է։
Ադրբեջանի հաջորդ նպատակը «Զանգեզուրի միջանցքն» ստանալն է, որը լիովին դեմ է նոյեմբերի 9-ի հանրահայտ համաձայնագրին։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս շեշտադրում է կատարում Ռուսաստանի դերին՝ նշելով, որ հենց Մոսկվան է Արցախի խաղաղության երաշխավորը։ Այսպիսով, առաջին հերթին Արցախն ու Հայաստանը, այնուհետեւ Իրանն սպասում են Ռուսաստանի համապատասխան գործողություններին՝ օր առաջ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ Հակառակ դեպքում, կակտիվանան արեւմտամետները, քանզի որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը։ Սա չգրված օրենք է ու պատմական եղելություն։ Իրանը, ակնհայտորեն, չի ցանկանում, որ Արեւմուտքը տարածաշրջանում ակտիվանա, ուստի թեքվում է դեպի Ռուսաստանի կողմը՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար։