Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի երկրորդ օրը, երբ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունենում Թուրքիայի նախագահի հետ եւ այդ երկիր ուղարկում իր փրկարարների ջոկատը, Ադրբեջանի զինված ուժերը, չհարգելով իրենց դաշնակցի՝ բնական աղետից զոհված հազարավոր քաղաքացիների հիշատակը, կրակում են Արցախի հետ շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում: Հրադադարի խախտման փաստն արձանագրել է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Այդ մասին ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկագրում ասվում է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմ է խախտվել, եւ տուժածներ չկան:
«Այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փետրվարի 7-ի, ինչպես նաեւ դրան նախորդած օրերի ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրերում նաեւ ասվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային միջոցների անարգել երթեւեկությունը վերականգնելու ուղղությամբ: Այստեղ պետք է արձանագրել, որ արդեն երկու ամիս տեւող բանակցությունները չեն տալիս ցանկալի արդյունք, Բերձորի միջանցքը մնում է փակ, դրան զուգահեռ Ադրբեջանը որոշել է արցախա-ադրբեջանական շփման գծում նաեւ խախտել հրադադարը:
Այս օրերին, երբ բնական աղետը հարվածել է իրենց դաշնակցին, եւ արյունակից ժողովուրդը սգում է բազմահազարանոց կորուստները, տասնյակ պետությունների քաղաքական ղեկավարները ցավակցություն ու զորակցություն են հայտնում Թուրքիային, որոնց թվում եւ՝ Հայաստանը, պաշտոնական Բաքուն նման քայլ է կատարում: Քաղաքակրթության բոլոր գրված եւ չգրված բարոյական նորմերով նման պահվածքը կարող է միայն գնահատվել որպես անհարգալից վերաբերմունք բնական աղետի զոհերի հիշատակի հանդեպ: Այստեղ տեղին է հիշել, որ Սպիտակի երկրաշարժի օրերին էլ առանձին ադրբեջանցիներից նույնպես անհարգալից հայտարարություններ եւ գործողություններ արձանագրվեցին:
Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակների հիշատակումներով, երբ բնական աղետների ժամանակ դադարեցվում են ռազմական գործողությունները՝ ի հարգանք անմեղ զոհերի հիշատակի: Այսօր շատ պետություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում Թուրքիային, որպեսզի փրկեն փլատակների տակ կենդանի մնացածներին: Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ժամանակը շատ սուղ է, քանի որ ամեն անցնող ժամի հետ փոքրանում են ավերակներում դեռ կենդանի մնացածների փրկության հնարավորությունները: Բոլոր սրտացավ պետությունների գործողությունների նպատակը եւ մտահոգությունը փլատակների տակից նոր կյանքեր փրկելն է, իսկ դրա փոխարեն Ադրբեջանը զբաղված է Արցախի ժողովրդի նկատմամբ իր ապակառուցողական գործողություններով, որոնց նպատակը միայն տարածաշրջանում իրավիճակի լարումն է, իսկ այդ տարածաշրջանում նաեւ աղետի ենթարկված նրա դաշնակից Թուրքիան է:
Արցախի Մարտակերտի շփման գծում արձանագրված հրադադարն ակնառու ցույց է տալիս, թե տարածաշրջանի երկրներից որն է կառուցողական եւ հանդուրժողական քաղաքականություն վարում, որը՝ ագրեսիվ եւ ոչ կառուցողական: Հայաստանը օգնության ձեռք է մեկնում իր հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող Թուրքիային, իսկ Ադրբեջանն իր «ավագ եղբոր» ողբերգությունն անտեսելով՝ շարունակում է սադրիչ գործողությունները: Պաշտոնական Բաքվի այս պահվածքից պետք է հետեւություն անի ոչ միայն համաշխարհային հանրությունը, այլեւ պաշտոնական Անկարան: