Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երկրաշարժը քանդում է թուրքական ուժի միֆերը

Էրդողանը հիշեցնում է Ալիեւին Թուրքիայի առաջ Ադրբեջանի ունեցած մեծ պարտքի մասին

Փետրվարի 14, 2023
Տարածաշրջան
Երկրաշարժը քանդում է թուրքական ուժի միֆերը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
468
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի, դրա հետեւանքների եւ այդ երկրի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

-Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ինչ-որ չափով կատալիզատոր դարձավ երկրում առկա խնդիրներն ի հայտ բերելու համար։ Որո՞նք են, ըստ Ձեզ, առավել կարեւոր եւ առանցքային խնդիրները, որ էական են դառնալու ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի համար։

-Երկար տարիներ ստեղծվել էր թուրքական արագ եւ որակյալ շինարարության միֆը, ինչը Թուրքիայի համար ապահովում էր բավականին մեծ միջոցներ։ Շինարարության հիմնական դերակատարը նախագահ Էրդողանի որդին էր՝ Բիլալ Էրդողանը։ Երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերի մեծամասնությունը, համաձայն տարբեր աղբյուրների, հենց նորակառույց շենքերն են։ Այս հանգամանքը Թուրքիայի ընդդիմությունը փորձում է օգտագործել Էրդողանի վարկանիշը նվազեցնելու նպատակով, ընդ որում՝ բավականին արդյունավետ։ Ընդդիմադիր թերթերը հենց Բիլալին են մեղադրում շենքերի փլուզման համար։ Անգամ Թուրքիայի փաստաբանների միությունն է հայց պատրաստել՝ գտնելու մեղավորներին։ Հաջորդը թուրքական հասարակության, իբր, միասնության միֆն էր, որը եւս հօդս է ցնդում։ Բանն այն է, որ այս օրերին, բայց հատկապես առաջին օրերին, երբ դեռ հույս կար փլատակներից ողջ մարդկանց հանել, այդ շրջանի բնակչությունը բողոքում էր, որ իշխանություններն անտեսել են իրենց, ընտրողաբար է կատարվում փրկարարական աշխատանքը եւ այլն։ Անգամ Էդիրնեի բանտից Դեմիրթաշն էր քննադատում Էրդողանին, մեղադրում, որ բանակի ներուժը չի միացնում փրկարարական աշխատանքներին եւ այլն։ Այսինքն՝ ունենք թուրքական անորակ շինարարություն, ազգային հատկանիշներով խտրական մոտեցում, բայց կարծես թե այդ ամենը քիչ էր, թուրքական փողոցներում, աղետի գոտիներում հայտնվեցին բանդաներ, որոնք սկսեցին զբաղվել ո՛չ միայն թալանով ու դիակապտությամբ, այլեւ, քրդական ալիքների տեղեկատվությամբ, երեխաների առեւանգմամբ։ Մի կողմից փլատակներից կենդանի երեխաներ են փրկում, իսկ մյուս կողմից՝ արդեն փրկված երեխաներին հնարավոր չի լինում գտնել։ Սա բավականին լուրջ ճգնաժամ է հասունացնելու Թուրքիայում, եթե, իհարկե, իշխանությունները ժամանակին չկարողանան կանխարգելիչ աշխատանքներ կատարել։ Վստահ եմ, ժամանակը դեռ ցույց կտա, թե քանի միֆերի վրա է կառուցված Թուրքիան, որոնք թուրքական պետականության հիմքում դրված թաքնված ռումբեր են։ Դրանք միայն տնտեսական ու քաղաքաշինական միֆերը չեն, այլեւ ամբողջ թուրքական հասարակական կառույցի հիմքերն են կազմում, ինչպես, օրինակ, Թուրքիայում բնակվող բոլոր ազգերից մեկ ընդհանուր միավոր ստեղծելու միֆը, որն այս օրերին ի հայտ է գալիս հատկապես այն դժգոհությունների հետ կապված, որոնք վկայում են երկրաշարժից տուժած քրդական շրջանների բնակիչների շրջանում ծայր առած բողոքների՝ ընտրովի փրկարարական աշխատանքների կազմակերպման, հենց այդ շրջաններում անորակ շինարարական աշխատանքների եւ այլնի մասին։

-Այս տարի Թուրքիայում նախատեսված են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր կուսակցություններն առայսօր ընդհանուր հայտարարի չեն եկել միասնական թեկնածուի շուրջ։ Ի՞նչ հնարավորություններ ունի նախագահ Էրդողանը։ Ինչպե՞ս կազդեն երկրաշարժի հետեւանքով սրված սոցիալ-տնտեսական խնդիրներն ընտրության արդյունքների վրա։

-Նախագահ Էրդողանն այս պահին բավականին ծանր վիճակում է, թեպետ փորձում է պայքարել։ Իհարկե, կարծում եմ, չի կարելի Էրդողանին թերագնահատել, քանի որ նա հիանալի եւ արհեստավարժ հռետոր է ու պոպուլիստ, ինչը, իհարկե, չի կարելի ասել նրա մրցակիցների մասին։ Թեպետ հավանական մրցակիցներից կարելի է առանձնացնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, բայց նրա պարագայում էլ քրեական հետապնդումների կանխատեսելի շարք կարող է լինել։ Այսինքն՝ որպես փորձառու հռետոր եւ պոպուլիստ այս պահին Էրդողանը անգերազանցելի է իր մրցակիցների շարքում, եթե թուրքական ընդդիմությունը չգնա արմատական վերանայումների եւ չառաջադրի այնպիսի թեկնածուի, ով իրապես կկարողանա հնարավորինս արհեստավարժորեն օգտագործել իրավիճակը։ Սակայն, սրանով հանդերձ, Էրդողանը շատ լուրջ քննություն ունի հանձնելու ու թերեւս՝ իր կառավարման ամբողջ շրջանի համար ամենադժվարը։ Լիրայի գնանկման, տնտեսության ծանր վիճակի պայմաններում, երբ Էրդողանի վարկանիշը նվազում էր, հիմա շատ ավելի դժվար է լինելու թե՛ տնտեսության վիճակը, թե՛ Էրդողանի՝ որպես նախագահի թեկնածուի դրությունը։ Միաժամանակ մեղադրանքներ կան Թուրքիայի նախագահի նկատմամբ առ այն, որ նա մարդկանց վերաբերվում է որպես քվեի, եւ ո՛չ ավելին։ Սակայն կասկածից վեր է, որ երկրաշարժի հետեւանքով ստեղծվող սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր հերթին բերելու է նաեւ քաղաքական ճգնաժամ, որը, թերեւս, արդեն իսկ հասունացած էր նախկինում եւ միայն 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումը որոշակի ժամանակահատվածով հետաձգեց ներքաղաքական լարվածությունը։ Էրդողանը կհաղթի ընտրություններում, եթե ընդդիմությունը չկարողանա այնպիսի թեկնածու առաջադրել, ով կկարողանա համախմբել հասարակության ներսում Էրդողանի դեմ կուտակված դժգոհությունը։ Էրդողանի միակ հնարավորությունը, թերեւս, իր բազմամյա փորձն է եւ բնական հռետորի հատկանիշները։

-Կարո՞ղ է, արդյոք, երկրաշարժի հետեւանքները եւ երկրի ներքաղաքական վիճակը հանգեցնել քրդական գործոնի ակտիվացմանը՝ ընդհուպ ինքնավարության։

-Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց երկրաշարժով պայմանավորված Թուրքիայի իշխանությունների դեմ վարվող ռազմական գործողությունների դադարի մասին։ Սակայն, իհարկե, ժողովրդական բացասական տրամադրությունները նոր դիմակայություն կարող են ծնել, ինչը քրդական գործոնը դարձյալ կդարձնի Թուրքիայի ներքաղաքական կյանքի գլխավոր ակտիվ խնդիրներից մեկը։ Եվ, կարծում եմ, Էրդողանն ինքը, հասկանալով հնարավոր հետագա խնդիրները, հայտարարեց մի քանի անգամ, որ մեկ տարվա ընթացքում բոլորը կունենան նոր բնակարաններ։ Սակայն Թուրքիայում քրդական ինքնավարության ստեղծման համար այս պահին նպաստավոր պայմաններ չկան՝ հատկապես արտաքին։ Ամեն դեպքում քրդական գործոնը կարող է կրկին դառնալ մեծ երկրների քննարկման առարկա, եթե Էրդողանը եւ իր կառավարությունը չկարողանան մեղմել առկա դժգոհությունները։

-Առայսօր Թուրքիան «փրկում» էր Եվրոպան փախստականների ներհոսքից, բնականաբար, դրա դիմաց ստանալով բավական մեծ ֆինանսական աջակցություն։ Ի՞նչ է սպասվում այսուհետ, եթե հաշվի առնենք, որ Թուրիքայում ապաստան գտած փախստականներին կարող են ավելանալ երկրի քաղաքացիները։

-Սա ընդհանուր ճգնաժամի մի բաղադրիչն է, սակայն կարծում եմ, որ հիմա էլ Թուրքիան կփորձի երկրաշարժն օգտագործել նոր դրամական միջոցներ ստանալու համար։ Նախկինում Թուրքիան կարողացել է տարբեր ճգնաժամեր օգտագործել Արեւմուտքից ֆինանսական միջոցներ ստանալու համար, նմանապես կարծում եմ, որ հիմա էլ է փորձ կատարվելու։ Միայն թե ժամանակը բավականին ծանր է Թուրքիայի համար այն իմաստով, որ Արեւմուտքն արդեն իսկ հսկայական միջոցներ է տրամադրել եւ տրամադրում Ուկրաինային, ինչը նվազեցնելու է Թուրքիային տրվող հնարավոր օգնության ծավալները։ Այսինքն՝ Էրդողանը գործի է դնելու իր ունակությունները՝ ցանկացած ճգնաժամ իր օգտին ծառայեցնելու համար, սակայն անգամ այդ դեպքում Էրդողանը չի կարողանա այն ծավալներով օգնություն ստանալ, որը կարող էր լինել Ուկրաինայի հակամարտության բացակայության պարագայում։ Փախստականների հարցը եւս կփորձի օգտագործել ֆինանսական միջոցներ ստանալու համար, սակայն մինչեւ ընտրությունները բավականին դժվար դիլեմա է ստեղծվելու Էրդողանի համար՝ փախստականներին երկրից վտարել չի կարող, քանի որ կբախվի արաբական աշխարհի բացասական արձագանքին, ինչը հիմա արաբական աշխարհից օգնություն ստանալու համար դժվար թե անի, իսկ փախստականներին պահելով՝ ճգնաժամը խորացնելու է ներքաղաքական տիրույթում։ Երկրի ներսում արդեն իսկ կան հակամիգրանտային տրամադրություններ։ Այնպես որ, բավականին ծանր վիճակ է լինելու, ինչի հաղթահարման տեխնիկան Էրդողանը նախկինում տեսել է կա՛մ ներքին թշնամու կերպար ստեղծելով եւ նրա դեմ կռվելով, կա՛մ արտաքին թշնամու կերպարի դեմ կռվելով։ Այսինքն՝ հնարավոր է, որ սեփական վարկանիշը փրկելու համար Էրդողանը գնա արտաքին է՛լ ավելի ագրեսիվ քաղաքական կուրսի։

-Ինչպե՞ս կազդի Թուրքիայում ստեղծված իրավիճակը Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի վրա, մասնավորապես խոսքը վերաբերում է «թուրանական աշխարհի» կայացմանն ու ազդեցության ընդլայնմանը։ Այդ համատեքստում ի՞նչ սպասել Ադրբեջանից, ի՞նչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի հետ կապված։

-Թուրքիայում ստեղծված իրավիճակի ամբողջական պատկերը, թերեւս, ի հայտ կգա ավելի ուշ, եւ այն բոլոր դժվարությունները, որոնք դեռ սպասում են Թուրքիային, դժվար հաղթահարելի են այնպիսի ծրագրի համար, ինչպիսին «թուրանական աշխարհի» ստեղծման թուրքական երազանքն է։ Սա բավականին հավակնոտ ծրագիր է, ընդ որում՝ աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ բերող, որը ո՛չ միայն ռազմական, այլեւ քաղաքական, տնտեսական սպասարկման խնդիր է ունենալու։ Թուրքիայի տնտեսության զարգացման հատկապես վերջին տարվա դինամիկան վկայում էր, որ Թուրքիայի տնտեսությունը չի կարողանալու սպասարկել այնպիսի հավակնոտ ծրագիր, ինչպիսին էր «թուրանական աշխարհի» կառուցման երազանքը։ Թեեւ ռազմական հնարավորություններին, տնտեսական հնարավորությունները շատ ու շատ անգամներով նվազեցնում էին Թուրքիայի հնարավորությունները։ Այժմ՝ ներքին ճգնաժամը, բնականաբար, ստիպելու է վերանայել իր հայեցակարգը, գործիքակազմը եւ նպատակին հասնելու ժամանակահատվածը։ Բայց, միեւնույն ժամանակ, դա չի՛ փոխելու թուրքական նպատակը, որը մեկ կամ երկու տարվա պատմություն չի, որ ունի։ Թերեւս ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան ստիպված լինի կրկին անցնելու նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի կոնցեպտին՝ թուրքական «փափուկ դիվանագիտության» միջոցով սկսել հարեւանների հետ որոշակի մեղմացման շրջան, ինչը հնարավորություն կտա զբաղվելու ներքին հարցերով եւ կարգավորելու սոցիալ-տնտեսական վիճակը։ Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ Էրդողանը շնորհակալություն հայտնելով Ի. Ալիեւին՝ ցուցաբերած օգնության համար, այդ ճգնաժամային իրավիճակում հիշում է Արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության հանգամանքը։ Սա, թերեւս, նշանակում է, որ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել մինչ այդ պահը Թուրքիայի արտաքին ռազմավարության մեջ։ Սա միաժամանակ հիշեցում է Ալիեւին, որ Ադրբեջանը մեծ պարտք ունի Թուրքիայի առաջ, եւ Ալիեւը պարտավոր է ամեն կերպ լինել Թուրքիայի եւ մասնավորապես Էրդողանի կողքին։ Ես նշեցի, որ ստեղծված իրավիճակը Էրդողանին ստիպելու է կա՛մ արտաքին թշնամու կերպար ստեղծել, ինչը կարող է հանգեցնել նոր ռազմական գործողությունների, որոնց նպատակը հասարակությանը համախմբելն է արտաքին թշնամու դեմ, կամ Դավութօղլուի «փափուկ դիվանագիտության» միջոցով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի որոշակի թուլացման գնալ։ Առաջին դեպքում ուղղություններից մեկը, բնականաբար, Հարավային Կովկասն է, որտեղ Էրդողանի գործիքը Ալիեւն է, մյուսը մնում են Սիրիան, Իրաքը, Կիպրոս-Հունաստանը եւ Իրանը։ Սակայն մինչ ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, իսկ երկրաշարժի հետեւանքները դեռ նոր են ի հայտ գալու, ուստի գուցե որոշակի ժամանակով հետաձգվի նոր էսկալացիան, փոխարենը Էրդողանը երկրաշարժի հանգամանքը կօգտագործի կա՛մ ընտրությունները հետաձգելու, կամ փոխելու Թուրքիայի արտաքին իմիջը՝ որպես աղետից տուժած երկրի։ Ամեն դեպքում մեզ համար մարտահրավերները մնում են նույնը, սակայն կարճ ժամանակ կունենանք վերականգնելու մեր հնարավորությունները եւ արտաքին քաղաքական աշխատանք տանելու մեր առջեւ ծառացած մարտահրավերներն առնվազն կառավարելի դարձնելու համար։

Թեգեր: Արա ՊողոսյաներկրաշարժԹուրքիաՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Չարութայն դեմ՝ վեհսիրտ միշտ, վատի դեմ՝ ազնիվ…»

«Չարութայն դեմ՝ վեհսիրտ միշտ, վատի դեմ՝ ազնիվ…»

«Ոչ թե սոսկ շենքերն են փլուզվում…»

«Ոչ թե սոսկ շենքերն են փլուզվում...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist