Մոսկվան շարունակում է անհանգիստ շարժումները՝ հետեւելով Հայաստանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Բայց դրանք, դատելով ռուսական մամուլում հրապարակվող պատվիրված կեղծ նյութերի տոնայնությունից եւ պաշտոնատար անձանց խոսքերի մեջբերումներից, բխում են այն նույն ռազմավարությունից, որի ականատեսն ենք վերջին տարիներին: Այսօր այդ անհանգիստ շարժումները կապված են ԵՄ առաքելության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երկու տարի ժամկետով տեղակայման որոշման հետ:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում Ադրբեջանին կոչ է արվում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Միանգամայն տրամաբանական եւ օրինական պահանջ է, որին Մոսկվան պետք է իր աջակցությունը հայտներ, եթե իրականում գոնե փոքր-ինչ Հայաստանին դաշնակից է համարում: Եվ այդ կոչը, եւ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մշտադիտարկման նպատակով ԵՄ առաքելություն ստեղծելու որոշում է կայացվել, որքան էլ տարօրինակ է, դժգոհությունների պատճառ են դարձել Ռուսաստանում: Միեւնույն ժամանակ Մոսկվան դժգոհում է, որ «Երեւանում մեծ ոգեւորությամբ են ընդունել այդ փաստաթուղթը», որ այն ընկալվում է որպես Երեւանի «դիվանագիտական հաղթանակ»: Այստեղ հռետորական մի հարց հնչեցնենք. իսկ ինչո՞ւ է դա անհանգստացնում Ռուսաստանին…
Հետխորհրդային ողջ շրջանում Հայաստանը միշտ պաշտպանել է Ռուսաստանին միջազգային հարթակներում, իր տարածքում ռուսական ռազմաբազա է պահել եւ նույնիսկ ֆինանսավորել այն, համաձայնել է, որ հայ զինվորները ծառայեն ռուսական բանակում՝ զինվորական երդում տալով ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ՀՀ-ին: Հայաստանն իր գործողությունները տեղավորել է դաշնակցային տրամաբանության մեջ եւ խոսքով ու գործով ապացուցել է իր հավատարմությունը ստանձնած պարտավորություններին: Եվ երբ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերին սանձազերծեց 44-օրյա հայտնի պատերազմը, Ռուսաստանը մերժեց օգնել իր դաշնակցին՝ Հայաստանին՝ բացատրելով, որ հարձակումը տեղի է ունեցել չճանաչված Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ իրենք թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով ստանձնած պարտավորություններով չեն կարող օգնել Լեռնային Ղարաբաղին: Գաղտնիք չէ, որ Հայաստանն Արցախի անկախությունը չի ճանաչել միայն Ռուսաստանի պնդմամբ՝ իբր, բանակցային գործընթացի փլուզում չթույլատրելու համար, մինչդեռ Բաքուն մի կողմից բանակցելու պատրանք էր ստեղծում, մյուս կողմից՝ նախապատրաստվում նոր պատերազմի: Այսպիսի իրավիճակում Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թ. կրակի դադարեցման համաձայնագիրը ձեռնտու էր միայն Ադրբեջանին, որը ոչնչացվել էր ֆիզիկապես ու բարոյապես եւ հայտնվել էր պատմության թատերաբեմից անհետանալու վտանգի առջեւ: Արցախն ու Հայաստանը ստորագրեցին այդ փաստաթուղթը, եւ Ադրբեջանը փրկվեց, չնայած որ նախահարձակ կողմ էր եւ մինչեւ լայնածավալ պատերազմի մեկնարկն էլ էթնիկ զտումներ էր կատարել ողջ Ադրբեջանի տարածքում: Եվ ահա Արցախի դեմ 44-օրյա լայնածավալ հարձակման ժամանակ Մոսկվան լվաց ձեռքերը՝ տեղի հայ բնակչությանը թողնելով այն կրակի տակ, որն ստեղծել էին Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Պակիստանը եւ ուրիշներ: Ավելին՝ նույն Ռուսաստանը ժամանակին նպաստել էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտմանը՝ զենք վաճառելով Բաքվին եւ դա հայկական կողմին ներկայացնելով որպես սոսկ բիզնես, որ, միեւնույն է, Ադրբեջանը դա կարող է մեկ այլ երկրից գնել, իսկ «այսպես նրան վերահսկելու հնարավորություն կա»:
Եվ երբ Ադրբեջանը 2021 թ. սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Երեւանը պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, որի հետ ունի բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագիր, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին, որի անդամն է, առաջարկելով ռազմական օգնություն ցուցաբերել իրեն: Ադրբեջանի հարձակման փաստն արձանագրեցին գրեթե բոլոր երկրները, սակայն ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ոչինչ չարեցին՝ պաշտպանելու դաշնակցին, չնայած պարտավոր էին: Ավելին՝ հնչեցին տարօրինակ հայտարարություններ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին: Դրանց հաջորդեցին Հայաստանի միանգամայն բնական հարցադրումները, որոնց նպատակն էր պարզել՝ իսկ որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որը, ըստ անդամների նախկին հայտարարությունների, «կարմիր գիծ» է: Բնականաբար, այս հարցին էլ պատասխան չտրվեց, եւ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, հասկացավ, որ իր անվտանգային համակարգն ուժեղացնելու համար այլ դաշնակիցների ու գործընկերների անհրաժեշտություն ունի: Հետագա դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ի հայտ եկան երկրներ, որոնց համար Հայաստանի անվտանգության ապահովումը բխում է սեփական անվտանգության ուժեղացման տրամաբանությունից:
Ռուսաստանի դիրքորոշումը հայկական խնդիրների լուծման տեսանկյունից կարեւոր է այնքանով, որքանով այդ երկիրը ՀՀ-ի դաշնակիցն է: Բայց իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ Մոսկվան այնքան է առաջ գնացել եւ այնքան սերտ է աշխատել թուրք-ադրբեջանական զավթիչների հետ, որ հայ հանրության մեջ խորացրել է կարծիքը, թե, ինչպես եւ անցած դարի սկզբներին, դավադրություն է իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այսօր Հայաստանում ու Արցախում այլեւս ոչ ոք չի հավատում, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածն առանց ռուսների մասնակցության կարող էր այսքան երկար փակված մնալ, բոլորը գիտեն, որ անհրաժեշտության դեպքում «բնապահպանական խնդիրների» ստեղծում-հորինումը ռուսական հնարք է: Թվում է՝ «Զանգեզուրի միջանցքի» պարտադրումից բացի, Ռուսաստանն այլ հետաքրքրություն չունի Հարավային Կովկասում: Եվ այսպիսի միջավայրում ի՞նչ նշանակություն ունի Երեւանում ՌԴ դեսպանի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանում տարածաշրջանից: Ինչ է, պետք է ծափահարություններո՞վ ընդունեինք մի հայտարարություն, որն ակնհայտորեն սպառնալիք է կրում իր մեջ՝ ելնելով նույն ռուսական կողմի քաղաքականությունից: Որ վերացնե՞ն հայոց պետականությունը՝ Սյունիքը զիջելով Ադրբեջանին, իսկ մնացած մասերը հայտարարելով Ռուսաստանի մաս: Եվ հիմա տարբեր միջոցներով մեղադրում են մեզ ակնհայտ կեղծիքներով՝ աչքի ընկնելով պատմական ու իրավական բացառիկ անտեղյակությամբ կամ գործելով միտումնավոր կեղծիքի տարածման տրամաբանությամբ ու մոռանալով, որ խորացնում են հայ հանրության անվստահությունն իրենց նկատմամբ: Եվ սպառնում են բոլոր մակարդակներով՝ ցուցադրելով ադրբեջանցուն ու թուրքին…
Պարզվում է՝ Մոսկվան նաեւ համոզիչ չի համարում այն հայտարարությունները, որոնցով ՀՀ-ն հիմնավորում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը: Բայց կարեւորն այն է, որ համոզիչ է Հայաստանի համար: Այս առաքելության տեղակայման հիմնական նպատակը հայ ժողովրդի դեմ դավադրության բացահայտումն է եւ այնպիսի իրավիճակի ստեղծումը, որում Բաքուն առաջիկա երկու տարում պարզապես չի համարձակվի նոր հարձակում ձեռնարկել՝ առանց լուրջ հետեւանքների: Եվ կրկին Մոսկվան անհանգստանում է, եւ կրկին ուզում ենք հռետորական հարց հնչեցնել՝ ինչո՞ւ:
Եթե Մոսկվան չէր ուզում, որ ԵՄ առաքելությունը հայտնվի տարածաշրջանում, ապա ընդամենը պետք է ժամանակին կատարեր իր ստանձնած պարտավորությունները: Եթե չի կատարել, դա իր գործն է: Բայց մենք պատասխանատու ենք մեր երկրի անվտանգության համար եւ պետք է ինքներս տարբեր միջոցներով կայացնենք մեր անվտանգային համակարգը: Մոսկվան չի օգնում, երբ փորձում ենք ինքներս լուծել մեր խնդիրները, նաեւ հայտարարում է, որ թույլ չի տա ներգրավել այլ երկրների: Ավելի լավ է՝ միանգամից ասի՝ օգնեցեեեեք, հայերը չեն թողնում իրենց սպանենք-վերացնենք: Գոնե քիչ թե շատ տրամաբանական կհնչի:
Ռուսաստանում նաեւ հայտարարություններ հնչեցին, որ Իրանն էլ չի թույլատրի այլ երկրների մուտքը տարածաշրջան: Նման հայտարարություններին հաջորդեց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հայտարարությունը, որ Թեհրանն այդ հարցում խնդիրներ չի տեսնում: «Այլ երկրները նույնպես կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովման գործին»,-ասել է Զոհուրին: Մոսկվան, իհարկե, անակնկալի եկավ, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ելույթով պարզապես բացահայտեց, որ Ռուսաստանը գործում է ադրբեջանական շահերի տիրույթում: Նա ասել է, որ խաղաղապահները խաղաղություն են ապահովում Լեռնային Ղարաբաղում (մոռացել է նշել, որ այդպիսի խաղաղության ապահովման շրջանակներում Արցախի 120000 հայ դատապարտված է սովամահության.- հեղ.), ռուս սահմանապահները աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին (ռազմական գաղտնիքներ են վաճառում թշնամուն.- հեղ.), բայց Մոսկվան երբեք Բաքվից մտավախություն կամ դժգոհություն չի լսել եւ քննադատաբար է վերաբերվում Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշմանը: Բաքուն հավանում է Մոսկվայի գործողությունները, չէ՞…
Անկախ իրադարձությունների հետագա ընթացքից, Մոսկվան միայն իրեն պետք է մեղադրի, եթե Հայաստանը որոշի աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել: Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր դաշնակցի նկատմամբ իրականացրած քաղաքականությամբ փորձում էր դեպի իրեն ձգել Ադրբեջանին, սակայն չէր հավատում, որ Երեւանը կհամարձակվի փորձել պոկվել իր ճիրաններից եւ չի պայքարի իր ինքնիշխանության համար: Այսօր Մոսկվան փորձում է չկորցնել վերահսկողությունը Հայաստանում, բայց արդեն բավական ուշ է. սեփական գործակալական ցանցի միջոցով հարձակվելով Հայաստանի ղեկավարության վրա՝ Ռուսաստանը բացահայտում է ՀՀ-ում իշխանափոխություն կատարելու եւ դրածոների նշանակման միջոցով իր «լուծումները» հայ ժողովրդին պարտադրելու համար: Ինչպես եւ անցած դարի սկզբներին: Բայց դա այն փորձն է, որը հնարավոր չէ կրկնել: Այն միայն ավելացնում է Ռուսաստանի դեմ անվստահությունը: ՌԴ-ում համարում են, որ Արեւմուտքն է Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածում, բայց իրադարձությունների զարգացումը փաստում է միայն, որ ՌԴ իշխանություններն են սեփական գործողություններով իրենց հանդեպ նման վերաբերմունք ձեւավորում: