Ղեկավարման 70 տարիներին Ադրբեջանի իշխանություններն արցախցիների նկատմամբ վարելով խտրական, հայատյաց քաղաքականություն, մշտապես ոտնահարել են նրանց իրավունքներն ու արժանապատվությունը, «հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամության» կեղծ քարոզչության ներքո փորձել «մարել» ժողովրդի օր օրի աճող դժգոհությունները, ակտիվ մտավորականներին ազգայնամոլի պիտակ կպցնելով՝ սպառնացել վտարել Արցախից կամ բանտ նստեցնել: Հալածանքները նրանց նկատմամբ գագաթնակետին հասան, երբ Վ. Ախունդովն Ադրբեջանի ղեկավար դարձավ: Նրան փոխարինեց Հեյդար Ալիեւը, որն ավելի հստակեցրեց հայաթափման իր մուսաֆաթական ծրագիրը: Դա նախորդ դարի 60-ական թվականներին էր… Թե հանցավոր ինչ միջոցների էին դիմում Բաքվի էմիսարներն իրենց նպատակին հասնելու համար, այդ մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացնում Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վալերի Ղազարյանը:
Վ. Ախունդովը, 1959 թ. հուլիսի 15-ին փոխարինելով Ի. Դ. Մուստաֆաեւին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, շարունակեց իր նախորդների ազգայնամոլ քաղաքականությունը` այն «հարստացնելով» նոր ստույգ բովանդակությամբ։ Հանդես գալով կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում՝ Ախունդովը սուր քննադատության ենթարկեց Ի. Մուստաֆաեւի քաղաքականությունը եւ խոստումներ տվեց՝ կառուցել Եվլախ-Ստեփանակերտ երկաթգիծը, կահույքի ֆաբրիկա, գործարաններ Ստեփանակերտում, գինեգործական ձեռնարկություն Մարտունի շրջկենտրոնում, վերանորոգել ոռոգիչ համակարգերն ու ջրանցքները, ընդլայնել ցանքատարածքները, մեծացնել կապիտալ ներդրումների ծավալները, լուծել բնակարանների, մշակութային եւ կենցաղային օբյեկտների շինարարության հարցերը։
«Վ. Ախունդովը խորամանկորեն օգտվելով ԽՄԿԿ Կենտկոմի 1962 թ. նոյեմբերյան պլենումի որոշումներից՝ կուսակցական մարմինների` վերակառուցման մասին այսպես կոչված «արտադրական սկզբունքով» 1963 թ. գարնանը պլենումի որոշումների իրականացման քողի տակ որոշեց վերջ տալ երկրի հայաբնակ շրջաններին։ Վերացվեցին հայկական Շամքորի, Խանլարի, Շահումյանի եւ Դաշքեսանի շրջանները, եւ այդպիսով կրկին վերագծվեցին դրանց վարչական սահմանները, ինչի հետեւանքով առանցքային բոլոր կարեւոր պաշտոններում հայտնվեցին ադրբեջանցիներ։ Նշյալ շրջաններում չէին լուծվում սոցիալական խնդիրները, դադարեցվեց հայկական թերթերի տպագրությունը, փակվեցին հայկական դպրոցները,- ասում է զրուցակիցս։- Այս ամենը չհիմնավորված ծրագրերի ու առաջադրանքների հաստատման քաղաքականության դիտավորյալ ու կոպիտ անցկացման, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ արտադրական հզորությունների տեղակայման կամայական աշխարհագրության, գնագոյացման լրիվ կամայականության, աշխատավարձերի կտրուկ նվազման հետ մեկտեղ վատթարացրեց մարդկանց կյանքը, հանգեցրեց տասնյակ հազարավոր բնիկ հայ բնակչության՝ Ռուսաստան ու Հայաստան արտագաղթին եւ նշված շրջանների զանգվածային ադրբեջանականացմանը։ Բազմաթիվ նախարարություններում, գերատեսչություններում եւ պետհիմնարկներում հայերի, ռուսների ու հրեաների փոխարեն նշանակվում էին ոչ կոմպետենտ ադրբեջանցիներ»:
Վ. Ղազարյանի խոսքով՝ «Ղարաբաղի հայ բնակչությունը զգում էր ախունդովյան ղեկավարության շովինիստական քաղաքականությունը բոլոր ոլորտներում»` տնտեսության եւ ժողովրդագրության, առողջապահության եւ կրթության, պատմության եւ հոգեւոր կյանքում։ Ադրբեջանի ղեկավարության ամբողջ քաղաքականությունն ինքնավար մարզի նկատմամբ հանգում էր մարզային իշխանություններին, հիմնարկներին, կոլտնտեսություններին եւ խորհտնտեսություններին տարրական իրավունքներից, տնտեսական ինքնուրույնությունից զրկելուն եւ նպատակ էր հետապնդում ավերել ԼՂԻՄ-ի տնտեսությունը. «1960-ականների սկզբին մարզի կենսագործունեության բոլոր ձեռնարկությունները եւ ոլորտները դրվեցին ադրբեջանական ձեռնարկություններից կախվածության եւ դրանց ենթակայության տակ. «Ղարմետաքսկոմբինատը»՝ Ստեփանակերտից 180 կմ հեռավորության վրա գտնվող Նուխիից (Շաքի), որտեղ պետք է ուղարկվեին կոշտ մետաքսը՝ գունավորման, հացի գործարանը, ինչպես նաեւ առողջապահությունն ու դեղատների կառավարումը՝ Աղդամից, մարզային մատակարարումն ու առեւտուրը՝ Բարդայից եւ այլն։ Հենց այդ ժամանակ փակվեցին ցարական ժամանակներից գործող ֆաբրիկաներ հայկական Ղշլաղ, Խնձրիստան, Սեյդիշեն գյուղերում։ Եթե Մուստաֆաեւի օրոք 1957 թ. փակվեց Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանի բնական կաուչուկի գործարանը, ապա Ախունդովն ավելի հեռուն գնաց՝ փակելով Մատաղիսի մանրահատակային եւ լուցկու գործարանները»։
Տասնյակ աշխատատեղերի փակումը լուրջ հարված եղավ ինժեներատեխնիկական աշխատողների եւ բանվորների համար։ Նույն ժամանակ փորձ արվեց ոչնչացնել թթի պլանտացիաները, ինչը կանխվեց Ղարաբաղի մեծ հայրենասեր, գրող Լեոնիդ Հուրունցի ջանքերով, գյուղի աշխատավորների՝ Մոսկվա ուղարկված հարյուրավոր բողոքների շնորհիվ:
Նպատակ հետապնդելով լուրջ վնաս հասցնել մարզի գյուղատնտեսությանը` «ախունդովշչինան ղեկավարվում էր կոշտ բռնապետության եւ կամայականության համակարգված քաղաքականությամբ», ինչը հասնում էր բացահայտ ահաբեկչության։ «Առանց մարզային ղեկավարության հետ համաձայնեցնելու, Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կիրովի անվան խորհտնտեսությունը (ներկայում՝ Շուշիի շրջանի Հին շեն գյուղը) վերածվեց, այսպես կոչված, «Ադրբեջանի գյուղմթերքների արտադրության եւ մթերման նախարարության կոմպլեքսային զոնալ փորձակայանի գիտական բազայի,- միտքը շարունակում է զրուցակիցս։- Մի քանի տարի անց, համոզվելով այդ որոշման սխալ եւ տնտեսական աննպատակահարմար լինելու մեջ, մարզի ղեկավարությունը 1963 թ. սեպտեմբերի 11-ին դիմեց Ադրբեջանի ղեկավարությանը՝ առաջարկելով «Կիրովի անվան սերմնաբուծական խորհտնտեսությունը վերակազմավորել կաթնանասնապահական խորհտնտեսության»։ Մի քանի ամիս անց՝ 1963 թ. դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահի պատասխան նամակը կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Գ. Ա. Մելքումյանին եւ մարզգործկոմի նախագահ Մ. Գ. Օհանջանյանին, պարունակում էր բացարձակ անհեթեթություններ այն մասին, թե այդ խորհտնտեսությունը «կարող է Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների բնակչությանն ապահովել բանջարեղենով եւ կաթով»`պատճառաբանելով այն բանով, որ (խորհտնտեսությունը) Ղարաբաղի գենետիկայի եւ սելեկցիայի գիտափորձարարական միակ փորձակայանն է, որտեղ «ինստիտուտն աճեցնում է հանրապետությունում հացահատիկային, հատիկաընդեղենային եւ եգիպտացորենի հիբրիդային սերմերի զգալի քանակություն», անհնար է համարում Կիրովի անվան սերմնաբուծական խորհտնտեսությունը կաթնանասնաբուծականի վերածումը»։
Հատկանշական է, որ այդ խորհտնտեսության տարածքը ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա է, եւ բանջարեղենն այստեղ հասունանում է շատ ավելի ուշ, քան մարզի մյուս շրջաններում, առավել եւս, Ստեփանակերտին հարակից ադրբեջանական գյուղերում եւ մարզին հարակից ադրբեջանական շրջաններում, որոնց բնակիչները գործնականում մատակարարում էին բանջարեղենի առյուծի բաժինը։ Նույն նամակում համաձայնություն էր տրվում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Կիրովի անվան կոլտնտեսությունը միավորել Բեյուք Թաղլար (Մեծ Թաղլար) սերմնաբուծական խորհտնտեսությանը։ Վ. Ղազարյանի հավաստմամբ` մարզի ղեկավարությունը չէր կարող ինքնուրույն լուծել գյուղերի միավորման հարցերը։
«Հիշում ենք, թե ինչպես 1968 թ. Խաչմաչից 5 հոգու` գյուղն առանձնացնելու պահանջի համար Բաքվի հրահանգով ձերբակալել ու 15 օր նստեցրել էին Ստեփանակերտի ՆԳԲ քրեական մեկուսարանում։ Նրանցից երեքը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ հաշմանդամներ Արամ Ղահրիյանը, Արմենակ Խաչատրյանը եւ Արամայիս Սարգսյանը, 70-ին մոտ տարիքում էին։ Մինիստրների խորհրդի նախագահ Է. Ալիխանովին ուղղված՝ 1964 թ. հունվարի 2-ի նամակում պարունակվում էր խնդրանք՝ «բացառության կարգով բանվորներին եւ ծառայողներին թույլատրել անհատական տնտեսություններում պահել մեկական գլուխ ձի կամ էլ ավանակ՝ առանց հարկավճարի,- պատմում է Վալերի Ղազարյանը:- Բաքվում մերժեցին անգամ այդ մանրուքը։ Ընդսմին, մերժում են նաեւ «Ղարմետաքսկոմբինատի» համար ներկման արտադրամասի կառուցման, դուռ-պատուհանների արտադրության ստեղծման (ոչ թե Կիրովաբադից եւ Մինգեչաուրից՝ 140-175 կմ հեռավորությունից ստանալու եւ այլն) առաջարկը»։
Արցախահայության նկատմամբ շարունակվող խտրական քաղաքականությունը ցայտուն կերպով դրսեւորվում էր եւ կենսական խնդիրներում: Ընդհուպ մինչեւ 1963 թ. վերջը մարզկենտրոնում հացը վաճառվում էր կտրոններով, հաճախ մեկ հացի համար մարդիկ ստիպված էին ժամերով, երբեմն էլ ամբողջ գիշեր հերթ կանգնել։
«Հայատյաց քաղաքականությունն իրականացվում էր բոլոր ուղղություններով, այդ թվում՝ կրթամշակութային ոլորտներում,- ասում է Վ. Ղազարյանը։- Եթե մինչեւ 1960-ական թվականները Ղարաբաղում լավ թե վատ նշվում էր Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման օրը, ապա Ախունդովի օրոք դա եւս արգելեցին։ Գործնականում խզվեցին բոլոր կապերը Երեւանի հետ։ «Աճող սերնդի ինտերնացիոնալ դաստիարակության» նպատակով դպրոցներում հանդիպումներ էին կազմակերպվում ադրբեջանական գրողների եւ բանաստեղծների հետ, ծանոթացնում էին արդեն «ադրբեջանականացված» պարսիկ բանաստեղծ Նիզամու, Վուրղունի, Մամեդկուլիզադեի եւ այլոց ստեղծագործությանը։ Նման միջոցառումների զավեշտն այն էր, որ Բաքվից ժամանողները պաթոսով արտասանում էին ադրբեջաներեն լեզվով, իսկ ռուսական եւ հայկական դպրոցների աշակերտները ստիպված նստում ու լսում էին, սակայն ոչինչ չէին հասկանում»:
Ադրբեջանն ահա թե ինչ հնարքներով էր փորձում ջարդել Ղարաբաղի ողնաշարը…