Լրացավ երրորդ ամիսն այն օրվանից, երբ Ադրբեջանը կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ Արցախը ենթարկելով շրջափակման: Այս ամիսների ընթացքում Բաքվի բնապահպանական «հիմնավորումները» շատ արագ վերածվեցին քաղաքականի, ինչը փաստեց դրանց՝ ի սկզբանե կեղծ ու շինծու լինելը: Այն, որ շինծու էին նաեւ միջանցքը փակելու մյուս պատճառաբանությունները, հաստատեց նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ փաստելով, որ անհիմն են այդ ճանապարհով դեպի Արցախ հայկական արտադրության ականներ տեղափոխելու` Բաքվի պնդումները:
Ադրբեջանը միջանցքը չբացեց նաեւ Հաագայի դատարանի որոշումից հետ, ավելին՝ սկսեց նոր կեղծիքներ շրջանառել, իբր, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է մեկնել Արցախ՝ այդ նպատակով հրապարակելով տեսագրություն, որից ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ շարասյուն է, որտեղ է եւ երբ: Այստեղ հավանականությունը շատ ավելի բարձր է, որ ադրբեջանական զինուժի տեխնիկայով բեմադրված տեսագրություն է, քան այն անտրամաբանական վարկածը, թե ռուս խաղաղապահներն օգնում են զենք տեղափոխել Արցախ:
Ադրբեջանական կեղծիքի նման ծավալների շրջանառությանը հաջորդեցին այդ երկրի պաշտպանության նախարարությունում կազմակերպված խորհրդակցությունը եւ կեղծիքի հիմքերն ամրագրող, քարոզչական նպատակ հետապնդող մամուլի հաղորդագրությունը, որում այդ երկրի պաշտպանության նախարարը հանձնարարում է պատրաստ լինել «նոր սադրանքների»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը ոչ միայն չի գնում Լաչինի միջանցքի բացմանը եւ լարվածության թուլացմանը, այլ ճիշտ հակառակը՝ այն ավելի է մեծացնում: Բռնազավթված Շուշիի մոտակայքում դիվերսիա կազմակերպելուց եւ տարածաշրջանում շահագրգիռ կենտրոններից ու երկրներից քննադատության, առավել եւս պատժամիջոցների չենթարկվելուց հետո Արդրբեջանը հիմքեր է նախապատրաստում ավելի խոշոր ռազմական սադրանքների համար: Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Լուիս Բոնոն Երեւանում նույնիսկ հայտարարեց, որ այս փուլում բացառում է պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ՝ հիմնավորելով, թե իր պետության խնդիրը կողմերին հաշտեցնելը եւ նրանց հետ համագործակցելն է:
Այս իրավիճակում Արցախի շրջափակման երրորդ ամսվա լրանալու օրը՝ մարտի 12-ին, հրավիրվեց ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Արցախի ղեկավարությունը մեկ անգամ եւս դիմեց միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով եռամսյա շրջափակման հետեւանքով արցախահայության վատթարացած վիճակի վրա, որ Ադրբեջանի առաջադրած նոր մարտահրավերների հետեւանքով այստեղ նույնիսկ հնարավորություն չունեն վերացնելու 44-օրյա պատերազմի հետեւանքները: ԱՀ Անվտանգության խորհրդում նաեւ ամրագվեց, որ Ադրբեջանը կրկին փակել է դեպի Արցախ Հայաստանից գազամատակարարումը:
Չնայած ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների նպատակի հետապնդման, նաեւ ռազմական գործողությունների շարունակման հանդգնության հիմնական պատճառը տարածաշրջանում միջնորդական դերակատարում ունեցող երկրների եւ միջազգային կենտրոնների թողտվությունն է: Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական բարձր չափանիշներով ընտրված իշխանությունները ստիպված են կրկին իրենց հայացքն ուղղել աշխարհին՝ դեռ չկորցնելով հույսը, որ իր՝ միջազգային բոլոր իրավական եւ քաղաքակրթական բարոյական նորմերով սահմանված իրավունքների պաշտպանության համար պայքարը կհարգվի:
Այս իրավիճակում ադրբեջանական կեղծիքի հոսքին դիմակայելու եւ հերթական ռազմական գործողությունները կանխելու համար Հայաստանին այլ բան չի մնում, քան կոչ անել միջազգային կազմակերպություններին, որ իրենց դիտորդական առաքելությունն ուղարկեն Արցախ եւ տեղում փաստահավաք գործունեությամբ համոզվեն, որ Արցախը շրջափակված է, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումն ադրբեջանական հատվածում փակված է, եւ Ադրբեջանի զինուժը շարունակում է փոքր ու միջին ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով միայն Արցախում զոհերը հասնում են տասնյակների, իսկ Հայաստանում՝ մի քանի հարյուրի: Եթե Արցախի ժողովրդի ճակատագրի մասով փորձագետների հոռետեսական կանխատեսումներն իրականանան, ապա ադրբեջանական հանցագործություններին մեղսակից կլինեն միջազգային բոլոր կենտրոնները: