Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ՄԹ փոխարտգործնախարար լորդ Ահմադը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունն Արցախը (Ղարաբաղը) դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Իհարկե, դիտարկելը եւ ճանաչելը տարբեր բաներ են, բայց եթե նույնիսկ դրանք նույնը լինեն, արդյոք դրանից Արցախի վիճակն ինչ-որ կերպ փոխվո՞ւմ է: Օրինակ՝ շուրջ երկու տարի առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը: ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձեւ, որով Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Այս շարքը կարելի է էլի շարունակել, իսկ փաստն այն է, որ Արցախը մնում է շրջափակված եւ ինքն իր ուժերի հույսին:
Եթե Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարը հայտարարեր, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունն Արցախը չի դիտարկում որպես Ադրբեջանի մաս, արդյոք դրանից Արցախի կյանքում էական փոփոխություն կլինե՞ր: Աշխարհաքաղաքական գործերի «մասնագետները» միանգամից հաղթական շուրջպար կբռնեին, կհնչեին դիֆերամբներ, գոհունակության եւ ճշմարտության անկասելի երթի մասին հայտարարություններ, իսկ արդյունքում Արցախը կրկին կմնար ինքն իր հույսին, որովհետեւ բրիտանական եւ մյուս նավերը կրկին տեղապտույտի մեջ կհայտնվեին հայոց լեռներում:
Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին, բայց աշխարհն անհաղորդ մնաց դրան եւ ավելի լարվեց նրա դեմ: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչեց նաեւ Նաուրուի Հանրապետությունը (ունի 21 քկմ տարածք): Բայց նույն հաջողությամբ էլ, օրինակ, Վանուատուի Հանրապետությունը կարող էր ճանաչել Հրազդանի Վանատուր թաղամասի անկախությունը կամ ուկրաինական Խարկով քաղաքը՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի անկախությունը, եւ դրանից հաստատ ոչինչ չէր փոխվի, ինչպես չի փոխվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման պարագայում: Մյուս կողմից՝ Ռուսաստանը չի ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը, բայց հավաքականների մակարդակով նրա հետ ֆուտբոլ է խաղում, այն էլ՝ ոչ ընկերական խաղ: Բացի այդ, Ռուսաստանի առաջնությունում արդեն մի քանի տարի է՝ ֆուտբոլիստ է խաղում Կոսովոյից: Ի դեպ, Հայաստանը նույնպես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն կողմերի միջեւ պաշտոնական մակարդակով շփումներ կան, գումարած՝ նաեւ Կոսովո-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:
Վերադառնանք նույն հարցին՝ արդյոք ՄԹ փոխարտգործնախարարի հայտարարությունից հետո, թե՝ իր կառավարությունն Արցախը դիտարկում է Ադրբեջանի անբաժանելի մաս, Արցախի դրությունն ավելի՞ է ծանրանում: Փաստն այն է, որ այդ հայտարարությունից Երկրի պտույտը ո՛չ արագանում է, ո՛չ էլ՝ դանդաղում, Արցախը շարժվում է ի՛ր օրակարգով, Ադրբեջանը՝ իր, ՄԹ-ն էլ, բնականաբար, իր: 2019 թ. ԱՄՆ Սենատն ու կոնգրեսը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւերի ընդունմամբ, թեպետ դրանք օրենքի ուժ չունեն: Ի՞նչ փոխվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում՝ ոչինչ, եթե հաշվի չառնենք որոշակի փոփոխությունները թուրք-ամերիկյան հարաբերություններում: Հետեւաբար, այս ամենի ֆոնին, թե ինչ է ասել ՄԹ փոխարտգործնախարարը, նույնքան կարեւոր է, ինչքան եթե նա ոչինչ էլ ասած չլիներ: Արցախը ոչ թե խոսքերի, այլ գործերի կարիք ունի, ընդ որում՝ գործեր, որոնք ինչ-որ բան դեպի դրականը կփոխեն նրա ներկայում եւ ապագայում: Ինչ վերաբերում է խոսքերին, դրանք ակնհայտորեն առաջին հերթին աշխարհաքաղաքական ակունքներից են բխում՝ անկախ նրանից, թե ինչ մեղեդայնություն ունեն:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ