Ժամանակակից աշխարհը հայտնվել է այնքան շատ թեորեմների ու աքսիոմաների մեջ, որ դրանցով արդեն ամենաքիչն զբաղվում են մաթեմատիկոսները: Բանն այն է, որ խոսքը մաթեմատիկական իմաստով թեորեմների ու աքսիոմաների մասին չէ. մաթեմատիկոսները շարունակում են զբաղվել իրենց նեղ մասնագիտական գործով, որքան էլ որոշ մաթեմատիկոսներ այս կամ այն կերպ հայտնվել են քաղաքականության մեջ, ոմանք էլ նույնիսկ բարձրագույն ղեկավար են դարձել: Սակայն միջազգային շատ հարցեր դարձել են հենց թեորեմ-աքսիոմա տիրույթի մաս, որում գերազանցապես ներգրավված են ռազմական, քաղաքական գործիչները, զենքն ու բիրտ ուժը:
Համաշխարհային ներկա աշխարհաքաղաքական գզվռտոցի պայմաններում յուրաքանչյուրն ունի իր աքսիոման, ասել է թե՝ իր անվերապահ ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը: Արցախի անվտանգությունն այն աքսիոման է, որ մենք չենք ձգտում ապացուցել, որովհետեւ դա այդպես է, եւ վերջ: Հակառակ դեպքում այն կվերածվի թեորեմի, ու մենք էլ ստիպված կլինենք ապացույցներ որոնել ակնհայտ ճշմարտության համար:
Արցախի ժողովրդի անվտանգությունն աքսիոմա է հայտարարում նաեւ Ադրբեջանը: Սակայն եթե մենք անվտանգություն ասելով հասկանում եւ դիտարկում ենք, որ Արցախն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը եւ զբաղվի իր անվտանգությամբ, ինչպես եւ մյուս բոլոր հարցերով, ապա Ադրբեջանն Արցախի անվտանգություն ասելով նկատի ունի Արցախի վերացումը բոլոր առումներով, ինչին էլ նա ձեռնամուխ է եղել, եւ ինչին էլ ընդդիմանում է Արցախի ժողովուրդը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա Արցախի հարցում կանգնած է, ավելի ճիշտ՝ իր պահվածքով ու գործողություններով ինքն իրեն կանգնեցրել է ոչ թե աքսիոմայի, այլ թեորեմի առջեւ: Պատճառը շատ պարզ է՝ այդ հանրությունն առնվազն անվճռական է եւ, բազում կախվածություններից ու շահերից ելնելով, չի կարողանում ասել, որ Արցախն ու արցախցին չեն կարող անվտանգ ապրել եւ, ընդհանրապես, գոյություն ունենալ որպես Ադրբեջանի մաս: Միջազգային հանրությունն ընկալո՛ւմ է սա որպես աքսիոմա, բայց դիտարկում է որպես թեորեմ:
Արդյունքում, ինչպես բազմիցս է ասվել, Արցախն ստիպված է ինքնուրույն զբաղվել իր անվտանգության հարցերով, իսկ միջազգային հանրությունն էլ Արցախի խնդրին վերաբերվում է այնպես, ասես խոսքը ֆերմայի թեորեմի մասին է…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ