Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կազմում մնալու անհնարինության մասին ամենօրյա ռեժիմով Բաքվից փաստարկներ են ներկայացվում աշխարհին: Ադրբեջանի ռուսալեզու կայքերից մեկն օրերս ահազանգեց, որ Բաքվի քրիստոնեական գերեզմանատանը վանդալները ոչնչացրել են 100-ից ավելի ռուսական եւ հայկական ազգանուններով շիրիմներ: Միջադեպն օպերատիվորեն եւ ոչ դիվանագիտական լեզվով քննադատեց այդ երկրում Ռուսաստանի դեսպանատունը: Ադրբեջանի իշխանությունները մեծ արագությամբ սկսեցին վերականգնել գերեզմանաքարերը՝ բետոնով իրար միացնելով տապանաքարերի բեկորները, իսկ որոշներն այնքան էին վնասվել, որ նման միջոցով վերականգնել հնարավոր չէ:
Պաշտոնական Բաքուն փորձեց քողարկել եւ մոռացության մատնել հերթական շովինիստական դրսեւորումը, որն ուղեկցել է այդ պետության մեկդարյա գոյության ողջ ժամանակահատվածում: Նման տրամադրությունները գերակայում են բազմազգ մի պետությունում, որի անվանումը կրող էթնիկ քաղաքացիները փոքրամասնություն են կազմում: Տարիների ընթացքում խտրական վերաբերմունք դրսեւորելով հայերի, թալիշների, լեզգիների, թաթերի, ավարների նկատմամբ՝ այսօր էլ անցել են էթնիկ ռուսներին: Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ին ուղղված նման ուղերձը շատ բաների մասին է խոսում:
Ավտորիտար Ադրբեջանում, որտեղ բոլոր գործընթացները. նույնիսկ իշխանության դեմ բողոքները կազմակերպվում են իշխանությունների կողմից կամ իրականացվում են վերջիններիս համաձայնությամբ, մտածել, որ վանդալիզմի այդ դեպքին տեղի քաղաքական ղեկավարությունն առնչություն չունի, մոլորություն կլինի: Մյուս կողմից էլ երեւույթն այլազգիների, մասնավորապես հայերի նկատմամբ ատելության եւ թշնամանքի սերմանման պետական քաղաքականության ուղիղ արդյունքն է:
Վանդալիզմի միջադեպը քողազրկում է այդ երկրի իշխանությունների դեմքը, նրանց իրականացրած նացիստական քաղաքականությունը: Սա խոսում է այն մասին, որ այդ երկիրը երբեւէ չի ցանկացել եւ չի իրականացրել այնտեղ ապրող ազգերի իրավունքների պաշտպանություն: 20-րդ դարի սկզբներին ձեւավորվելով որպես հայ եւ մուսուլման ժողովուրդների միասնական պետություն՝ հարյուրամյակի էթնիկ զտումների արդյունքում Ադրբեջանի տարածքից դուրս մղվեց իր հազարամյա բնօրրանում ապրող հայ բնակչությունը, մեր օրերում դրա վերջին ակորդներն է փորձ արվում իրագործել: Ի դեպ, վանդալիզմի այս դեպքը փաստում է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այլ ազգերին, մասնավորապես՝ ռուսներին, որոնց դեմ նման վերաբերմունքը նոր երեւույթ չէ:
Վանդալիզմի եւ էթնիկ հողի վրա անհանդուրժողականության այս թարմ դեպքը եկավ ավելորդ անգամ ապացուցելու, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում եւ կունենա Նախիջեւանի ճակատագիրը՝ հատկապես 30-ամյա ազատամարտից հետո: Այդ մասին է խոսում նաեւ Բաքվի առաջնորդի՝ վերջնագրերով խոսելու գործելաոճը: Օրերս Ալիեւը հերթական ապակառուցողական հայտարարությունն արեց՝ ասելով, թե արցախցիները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն եւ ինտեգրվեն այդ երկրում, հակառակ դեպքում կարող են լքել Արցախը:
Այս հայտարարությունը վերոնշյալ վանդալիզմի միջադեպից ոչնչով չի տարբերվում՝ դրա տեսական տարբերակն է: Ալիեւն ի լուր աշխարհի հայտարարեց, որ չի պատրաստվում հարգել այլ ժողովուրդների իրավունքը, որ արցախցիների 30-ամյա ինքնորոշման պայքարն այդ քաղաքականության հետեւանք է: Ստեղծված իրավիճակում աշխարհը պետք է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հասցնի, որ հակամարտությունները չեն վերացվում վերջնագրերով եւ ռազմական ուժի կիրառմամբ, առավել եւս՝ նման ձեւով հասարակությունների միջեւ համագործակցություն չի կարող հաստատվել: Այս անհերքելի ճշմարտությունն Ադրբեջանը պարտավոր է ընդունել, ըստ որի՝ խաղաղություն տարածաշրջանում հնարավոր է հաստատել միայն միմյանց իրավունքները ճանաչելու եւ ընդունելու դեպքում: Դրա այլընտրանքը չդադարող հակամարտություններն են: