Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղի մոտակայքի հնամենի բերդի դիմաց՝ դեպի արեւմուտք, կա եւս մի պատմական բերդ-ամրոց, որը Որոտանի աջակողմյան Քաշունի գետի ձախափնյա ժայռակերտ բլրի վրա է։ Երկաթավորքից ոլորապտույտ ու դժվարանց ճանապարհը տանում է մի ավերակ գյուղ, որտեղ, մինչ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը, ամռանը Կապանից եկած մի քանի ընտանիք անասուններ էին պահում: Մի տարեց մարդ մեզ ուղեկցում է Պահու բերդ:
Գնում ենք «Նիվա» մեքենայով: Հասնում ենք Քաշունի գետին եւ անցնում ծանծաղուտով: Հնում այստեղ քարակերտ կամուրջ է եղել, որով հայոց զինվորներն անցել ու բարձրացել են դեպի երբեմնի հզոր ու անմատչելի ամրոցը: Պահպանվել են կամրջի հենասյունները: Գետի մյուս ափին առաջին հայացքից թվում է՝ հենց այդպես մեծ-մեծ քարեր կան, սակայն երեւում է՝ այստեղ ավելի վաղ շրջանում կիկլոպյան ամրոց ու բնակատեղի են եղել: Առհասարակ, տեղանքն այնպես է, որ միակ հարմար ճանապարհն այստեղով է դարեր առաջ անցել եւ այսօր էլ պահպանվել է: Ոլորապտույտ ճանապարհը մեզ հասցնում է բարձունքին, որտեղ մի մուսուլմանական միջնադարյան դամբարանի ավերակ կա, մի շինություն է, որն սկզբում հայկական մատուռ էինք կարծել: Մոտերքում մահմեդական գերեզմանոց է՝ հիմնականում 20-րդ դարի գերեզմանաքարեր են: Այստեղից հեռու չէ մեր նպատակակետը: Ժայռակերտ բլուր է, որի արեւելյան կողմում պարիսպներ են: Ըստ երջանկահիշատապ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ այս ամրոցը Պահու բերդն է («Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երեւան, 1999 թ.), որը, հավանաբար, եղել է ինչ-որ իշխանի դղյակ: Բերդի մուտքը հարավ-արեւելքից է: Երկու աշտարակներ հպարտորեն հսկում են դեպի ամրոց տանեղ մուտքը, իսկ ավելի ներսում շինություններ են՝ հավանաբար զորանոցներ, որտեղ հայ զինվորներն են բնակվել եւ պաշտպանել դղյակի ու տարածքի անդորրը: Հնարավոր է նաեւ՝ ամրոցի ներսում բնակիչներ են ապրել: Այստեղից երեւում է նաեւ Երկաթավորքի ամրոցի արեւմտյան կողմը, որն ամբողջությամբ ժայռեղեն է, եւ մի քանի արծիվներ են ճախրում երկնքում, ապա իջնում ժայռերին. հավանաբար, այստեղ նրանց բներն են:
Պահու բերդն էլ թեքություն ունի: Հյուսիսային կողմը բավականին բարձր է՝ ուղղաձիգ ժայռերով։ Մոտ 60 աստիճան թեքությամբ բլուրը ցածրանում է։ Ներքեւում՝ մուտքի հարեւանությամբ, մեծ-մեծ ժայռեր են, որոնք նույնպես օգտագործվել են որպես պարսպամաս, հենակետ։ Ավելի վերեւում շատ են շինությունները եւ քանդվածների հետքերը, տեղ-տեղ պահպանվել են պատերը՝ մինչեւ 1 մ լայնությամբ: Հիմնականում բնական ժայռերն են պարիսպների դեր կատարել, սակայն թույլ մասերում պատեր են շարված: Արեւմտյան կողմում ավելի շատ են մարդու կերտած պատերը: Բլրի վերեւում՝ հյուսիսային կողմում, մի կլորավուն տարածք է պահպանվել: Հավանաբար, այս մասում է եղել բերդի տիրոջ պալատը: Պահպանված պատերն ու դիրքը դա են հուշում: Ուղղաձիգ ժայռով գաղտնուղի է եղել ժամանակին՝ պալատի սենյակներից մեկում: Երեւում են նաեւ գաղտնուղու հետքերը: Իսկ հարակից տարածքում ավելի ամրացված են պարիսպները: Այժմ ծառեր են աճել հողով լցված տների տեղում: Մինչեւ ընկերներս՝ Լեռնիկն ու Սլավան, չափումներ էին կատարում, փորձում եմ ներքեւ իջնել արեւմտյան պատով: Գտնում եմ հեշտ ճանապարհը, որը նաեւ ամրոցապահներն են ժամանակին օգտագործել՝ մուտք ու ելք արել: Ներքեւում մոտ 10 մ բարձրությամբ պատ է շարված՝ կիպ լանջի հետ: Քիչ հեռու եղել է մուտք, որը հսկվել է. կա աշտարակի նման շինությում: Նույն կողմում է հոսում գետակը, որի ափին հնամենի մի գյուղ կա՝ Հարթեքը (հիշատակվում է 13-րդ դարից)՝ ուղղաձիգ ժայռի տակ: Երեւի ժամանակին այս գյուղն էլ է պատկանել բերդին, եւ այստեղից է բերդը նաեւ ջուր վերցրել: Բերդը պահող բլրի արեւմտյան գաղտնուղին, հավանաբար, դրա համար է գործել:
Պտտվում եմ բերդի 4 կողմով՝ ժայռեր ու պարիսպներ, ծառեր ու մացառներ: Շատ վայրի նուռ կա տարածքում: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորներ են պոկվել լանջերից ու գլորվել ներքեւ: Մի պահ պատկերացնում եմ, որ նույն ժայռաբեկորների հետեւում են պատսպարվել բերդը պաշարածները՝ պաշտպանվելով վերեւից արձակված նետերից: Ավելի ներքեւում դարձյալ պարիսպներ են եղել. Պահպանվել են հիմքերը, տեղ-տեղ պատերը մոտ 2 մ բարձրություն ունեն: Պարզ է՝ ամրոցապաշտպան առաջին շերտն է, իսկ քիչ հեռվում արդեն գետի փորած կիրճն է: Ամրոցապահ բլրի արեւելյան կողմում նույնպես պարիսպ է եղել: Ժամանակն իր գործն է արել. քանդվել են պարիսպները, սակայն կա նաեւ երկրորդ խնդիրը՝ տարածքի գյուղերի տները կառուցվել են նույն պարիսպներից տարած քարերով: Բազում տեղերում է զգացվում այդ երեւույթը: Երկաթավորքի ու Պահու բերդերը ժամանակին համագործակցել են, հավանաբար, պատկանել են նույն իշխանին: Երկաթավորքում հիմնական բանակն է ամրացված եղել, իսկ Պահու բերդում՝ իշխանի թիկնազորն ու բերդապահ ջոկատները: 2 ամրոցն էլ հիմնականում Որոտանի ներքին հոսանքից թշնամու ներթափանցումը կանխելու դեր են խաղացել: Որոտանը միջին հոսանքում անցնում է արդեն կիրճով, այս հատվածում նույնպես մի քանի ամրոց է գործել դեռեւս նախաքրիստոնեական շրջանից: Ամեն դեպքում այս հատվածում միջնադարյան բերդերից առավել լավ են պահպանվել Պահու բերդը, Երկաթավորքինը եւ Որոտանի աջափնյա Բարկուշատի ամրոցը: