«Մեծ արտիստ էր, գիգանտ արտիստ: Խորեն Աբրահամյանը ինձ համար համաշխարհային մեծություն է: Ես աշխարհի ոչ մի դերասանից ցածր նրան գնահատել չեմ կարող՝ սկսած Մառլոն Բրանդոյից: Էդ կարգի դերասան է ինքը, էդ թափի, էդ հզորության, էդ կարողության: Ես նրա հետ շատ-շատ եմ խաղացել եւ միշտ ապշել եմ, զարմացել եմ՝ կատարման ի՜նչ կուլտուրա, ի՜նչ ճաշակ, ի՜նչ խորություն, կերպարի ի՜նչ զգացողություն…»:
Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
Աշխարհի ոչ մի դերասանից ցածր չդասվող արտիստը, ինչպես ինքն է խոստովանել, զարթնելու էր մի օր որպես հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միությունով մեկ: Նման հաջողությունն աննախադեպ էր՝ պայմանավորված 1958-ին Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» կինոնկարում Արսեն Վարունցի դերակատարումով:
Մեծանուն դերասանի նախնիները արմատներով Իգդիրից են, նրա պապ Խաչատուրը Պետերբուրգում ուսում ստացած, շրջապատում մեծ հարգանք վայելող վարժապետ է եղել, տիրապետել ռուսերենին, ֆրանսերենին, հետաքրքրվել արվեստով, սիրել թատրոնը, տան անդամների համար բարձրաձայն ընթերցել հայ մեծերի ստեղծագործություններից: Ապագա դերասանը, սակայն, չէր էլ մտածում բեմի մասին. երաժշտական դպրոցներ, պարարվեստի ուսումնարան, վոլեյբոլ, բռնցքամարտի հավաքականի կազմ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձ: Այսինքն՝ գրեթե ամեն ինչ, բացի թատրոնից: Եվ եթե չլիներ գեղարվեստա-թատերական ինստիտուտ դիմելու ընկերների հորդորը, դժվար թե ինքն աներ նման քայլ: Դիմում է, եւ գերազանց հաջողություն. բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, հաճելի բարիտոնն այն բարեմասնություններն էին, որոնք անմիջապես հրապուրում են խստապահանջ Արմեն Գուլակյանի ղեկավարած ընդունող հանձնաժողովի կազմին: Գուլակյանական ընտրյալների թվում էին Վլադիմիր Աբաջյանը, Արմեն Խոստիկյանը, Նինել Դալլաքյանը, ուրիշներ: Դիպլոմային աշխատանքի երեք ներկայացումներում էլ Խորեն Աբրահամյանը ստանձնում է այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս բացահայտելու դերասանական իր հմտություններն ու տաղանդը: Դա երաշխիք էր, որպեսզի 1951-ից նրա առաջ բացվեին մայր թատրոնի դռները, որի բեմում այնպիսի դերասաններ էին, որոնցից յուրաքանչյուրը մի ազգի թատրոն կարող էր ներկայացնել՝ Վահրամ Փափազյան, Վաղարշ Վաղարշյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան… Խաղաց նրանց կողքին, շնչեց բեմական նույն օդը, եւ ինքն էլ մեծացավ: Այնուհետեւ նշյալ տիտաններին հաջորդեց նրանցից ոչ պակաս երեւելիների մի նոր շքախումբ՝ հանձին Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Էդգար Էլբակյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի… Արվեստագետներ, ովքեր նոր գույներ, նոր որակներ բերեցին հայ թատերարվեստ, եւ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը դարձավ առաջին մեծության աստղ ու տեղ գտավ իր ուսյալ, բարձր զավակներին պաշտող ժողովրդի սրտում: Նրանց թվում է ինքն իրեն սովորական «երեւանցի տղա» բնութագրած Խորեն Աբրահամյանը: Մինչդեռ, ինչպես մեծահամբավ Արմեն Ջիգարխանյանն էր սքանչանում, «Խորենը մեծ երեւույթ էր հայկական թատրոնում, հայ մշակույթում առհասարակ: Նաեւ Հայաստանի կյանքում էր նա ուժեղ անձնավորություն: Շա՛տ ուժեղ: Սովորական չէր, բարդ էր, թռիչքային…Նա այն մարդկանցից էր, որոնց երախտապարտ ենք…»:
Իր խաղով ու խաղացանկով Խորեն Աբրահամյանը դասական ուղղության արտիստ էր, դասական ոչ միայն ի վերուստ տրված տվյալներով, այլեւ՝ անձնավորումներով: Նրա մարմնավորած կերպարները, ինչպես թատերագետներն են շեշտում, շեքսպիրյան որակի դերեր են՝ Կորրադո, Դոկտոր Շտոկման, Օթելլո, Կորեոլան՝ բոլորն էլ հագեցած կրքերի ուժգնությամբ, կերպարների զարգացման արտասովոր թափով, հույզերի ու ապրումների բարդությամբ:
«Մի օրենք կա, որ չպետք է խախտել՝ ճշմարտությունը,- ասել է առինքնող դերասանը,- եթե ճիշտ չէ՝ ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի եւ բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի՝ դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում դերասանություն, իսկ լավը, վստահ եմ, կգա… Խորապես ներողություն խնդրելով՝ մի խոստովանություն անեմ՝ միայն մի տեղ կա, որ սպանեն, սուտ չեմ անի, թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է, մեկ՝ դաժան ու սոսկալի, մեկ՝ տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ՝ ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել…»:
Նրան չեն թողել ոչ թատրոնը, ոչ կինոն, ոչ հեռուստատեսությունն ու ռադիոն: Բոլոր ասպարեզներում իր խոսքն է ասել ու եղել անփոխարինելի: Մնայուն կերպավորումներ են դերակատարումները հայ կինոարվեստում՝ «Սարոյան եղբայրներ», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Հանրապետության նախագահը», «Հյուսիսային աստղ», տասնյակ այլ ֆիլմեր: Բեմական փայլատակումներից առանձնանում է Շեքսպիրի Կորեոլանը. երբ համանուն բեմականացմանը ներկա շուրջ երկու տասնյակ անգլիացի դերասաններ չեն թաքցրել իրենց սքանչացումը՝ այն արտահայտելով բարձրաձայն: Այո, «էդ հզորության» արտիստը կարող էր խաղալ ցանկացած բեմում ու ցանկացած դեր: Նույնքան ապշեցնող էին նրա կրկնօրինակումները օտար ֆիլմերում. երբ ռուս հանճարեղ դերասան Սմոկտունովսկին լսում է «Համլետի» հայերենացված տարբերակը, բառացիորեն ապշում է. «Հավատացեք, ոչ միայն ինձնից է լավ, այլեւ՝ Շեքսպիրից…»:
Բարդ, «թռիչքային» արվեստագետը մտահոգ էր իր երկրի, ժողովրդի ապրած օրով, ապագայով, ճակատագրով, մեր կյանքի վայրիվերումներով, օտարամուտ էժանագին «ներմուծումներով», անմիտ ընդօրինակումներով, մարդկային փոխհարաբերությունների աղճատումներով. «Մարդը մարդ է դառնում այն ժամանակ, երբ ուրիշի ցավն ընդունել գիտի: Թատրոնը դրա խտացումն է: Երբեմն հարցնում են՝ ո՞րն է թատրոնի դաստիարակչական նշանակությունը. թատրոնը, ինչ է, բա՞նտ է, դպրո՞ց…Դրանցում են փորձում դաստիարակել, այն էլ բան դուրս չի գալիս: Ամերիկան աշխարհը գրավեց ոչ թե զենք ու զրահով, ռումբերով, այլ՝ երգերով, ֆիլմերով: Մենք դրա մեջ ենք՝ ուզենք թե չուզենք: Իսկ այդ հեղեղին պետք է կարողանալ ինչ-որ բան հակադրել, որը մերն է: Դրա համար թատրոնը պետք է կարողանա խոսել ազգի հետ եւ ոչ դաստիարակչական նպատակներով: Ժողովրդի հետ խոսակցությունը չի կայանում… Ես փողոցում լսում եմ այսօրվա հայերենը, ակամա վախի զգացողություն եմ ապրում՝ մեր լեզուն վտանգված է: Եվ ոչ միայն փողոցում՝ ռադիո, հեռուստատեսություն, մամուլ. այնպիսի հայերեն է մատուցվում, որ երբեմն փառք եմ տալիս Աստծուն, որ, ասենք, Սեւակը ողջ չի…»:
Արդյոք այսօր շա՞տ բան է փոխվել մեզանում. թերեւս, միայն այն, որ շատ ասպարեզներ ամայացել են մեծերից, նոսրացել է նրանցով հարուստ մեր մշակութային անդաստանը: Երեւելիներ, որոնց թվում էր Խորեն Աբրահամյան ազգընծա Արտիստը. «Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, որ դա լինի գոյատեւելը…»:
Մեծի տագնապ, որ այդպես էլ չի հնանում…