Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Խորենը մեծ էր, բարդ էր, թռիչքային…

«Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, որ դա լինի գոյատեւելը…»

Ապրիլի 1, 2022
Մշակույթ
Խորենը մեծ էր, բարդ էր, թռիչքային…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեծ արտիստ էր, գիգանտ արտիստ: Խորեն Աբրահամյանը ինձ համար համաշխարհային մեծություն է: Ես աշխարհի ոչ մի դերասանից ցածր նրան գնահատել չեմ կարող՝ սկսած Մառլոն Բրանդոյից: Էդ կարգի դերասան է ինքը, էդ թափի, էդ հզորության, էդ կարողության: Ես նրա հետ շատ-շատ եմ խաղացել եւ միշտ ապշել եմ, զարմացել եմ՝ կատարման ի՜նչ կուլտուրա, ի՜նչ ճաշակ, ի՜նչ խորություն, կերպարի ի՜նչ զգացողություն…»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ոչ մի դերասանից ցածր չդասվող արտիստը, ինչպես ինքն է խոստովանել, զարթնելու էր մի օր որպես հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միությունով մեկ: Նման հաջողությունն աննախադեպ էր՝ պայմանավորված 1958-ին Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» կինոնկարում Արսեն Վարունցի դերակատարումով:

Մեծանուն դերասանի նախնիները արմատներով Իգդիրից են, նրա պապ Խաչատուրը Պետերբուրգում ուսում ստացած, շրջապատում մեծ հարգանք վայելող վարժապետ է եղել, տիրապետել ռուսերենին, ֆրանսերենին, հետաքրքրվել արվեստով, սիրել թատրոնը, տան անդամների համար բարձրաձայն ընթերցել հայ մեծերի ստեղծագործություններից: Ապագա դերասանը, սակայն, չէր էլ մտածում բեմի մասին. երաժշտական դպրոցներ, պարարվեստի ուսումնարան, վոլեյբոլ, բռնցքամարտի հավաքականի կազմ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձ: Այսինքն՝ գրեթե ամեն ինչ, բացի թատրոնից: Եվ եթե չլիներ գեղարվեստա-թատերական ինստիտուտ դիմելու ընկերների հորդորը, դժվար թե ինքն աներ նման քայլ: Դիմում է, եւ գերազանց հաջողություն. բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, հաճելի բարիտոնն այն բարեմասնություններն էին, որոնք անմիջապես հրապուրում են խստապահանջ Արմեն Գուլակյանի ղեկավարած ընդունող հանձնաժողովի կազմին: Գուլակյանական ընտրյալների թվում էին Վլադիմիր Աբաջյանը, Արմեն Խոստիկյանը, Նինել Դալլաքյանը, ուրիշներ: Դիպլոմային աշխատանքի երեք ներկայացումներում էլ Խորեն Աբրահամյանը ստանձնում է այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս բացահայտելու դերասանական իր հմտություններն ու տաղանդը: Դա երաշխիք էր, որպեսզի 1951-ից  նրա առաջ բացվեին մայր թատրոնի դռները, որի բեմում այնպիսի դերասաններ էին, որոնցից յուրաքանչյուրը մի ազգի թատրոն կարող էր ներկայացնել՝ Վահրամ Փափազյան, Վաղարշ Վաղարշյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան… Խաղաց նրանց կողքին, շնչեց բեմական նույն օդը, եւ ինքն էլ մեծացավ: Այնուհետեւ նշյալ տիտաններին հաջորդեց նրանցից ոչ պակաս երեւելիների մի նոր շքախումբ՝ հանձին Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Էդգար Էլբակյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի… Արվեստագետներ, ովքեր նոր գույներ, նոր որակներ բերեցին հայ թատերարվեստ, եւ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը դարձավ առաջին մեծության աստղ ու տեղ գտավ իր ուսյալ, բարձր զավակներին պաշտող ժողովրդի սրտում: Նրանց թվում է ինքն իրեն սովորական «երեւանցի տղա» բնութագրած Խորեն Աբրահամյանը: Մինչդեռ, ինչպես մեծահամբավ Արմեն Ջիգարխանյանն էր սքանչանում, «Խորենը մեծ երեւույթ էր հայկական թատրոնում, հայ մշակույթում առհասարակ: Նաեւ Հայաստանի կյանքում էր նա ուժեղ անձնավորություն: Շա՛տ ուժեղ: Սովորական չէր, բարդ էր, թռիչքային…Նա այն մարդկանցից էր, որոնց երախտապարտ ենք…»:

Իր խաղով ու խաղացանկով Խորեն Աբրահամյանը դասական ուղղության արտիստ էր, դասական ոչ միայն ի վերուստ տրված տվյալներով, այլեւ՝ անձնավորումներով: Նրա մարմնավորած կերպարները, ինչպես թատերագետներն են շեշտում, շեքսպիրյան որակի դերեր են՝ Կորրադո, Դոկտոր Շտոկման, Օթելլո, Կորեոլան՝ բոլորն էլ հագեցած կրքերի ուժգնությամբ, կերպարների զարգացման արտասովոր թափով, հույզերի ու ապրումների բարդությամբ:

«Մի օրենք կա, որ չպետք է խախտել՝ ճշմարտությունը,- ասել է առինքնող դերասանը,- եթե ճիշտ չէ՝ ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի եւ բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի՝ դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում դերասանություն, իսկ լավը, վստահ եմ, կգա… Խորապես ներողություն խնդրելով՝ մի խոստովանություն անեմ՝ միայն մի տեղ կա, որ սպանեն, սուտ չեմ անի, թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է, մեկ՝ դաժան ու սոսկալի, մեկ՝ տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ՝ ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել…»:

Նրան չեն թողել ոչ թատրոնը, ոչ կինոն, ոչ հեռուստատեսությունն ու ռադիոն: Բոլոր ասպարեզներում իր խոսքն է ասել ու եղել անփոխարինելի: Մնայուն կերպավորումներ են դերակատարումները հայ կինոարվեստում՝ «Սարոյան եղբայրներ», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Հանրապետության նախագահը», «Հյուսիսային աստղ», տասնյակ այլ ֆիլմեր: Բեմական փայլատակումներից առանձնանում է Շեքսպիրի Կորեոլանը. երբ համանուն բեմականացմանը ներկա շուրջ երկու տասնյակ անգլիացի դերասաններ չեն թաքցրել իրենց սքանչացումը՝ այն արտահայտելով բարձրաձայն: Այո, «էդ հզորության» արտիստը կարող էր խաղալ ցանկացած բեմում ու ցանկացած դեր: Նույնքան ապշեցնող էին նրա կրկնօրինակումները օտար ֆիլմերում. երբ ռուս հանճարեղ դերասան Սմոկտունովսկին լսում է «Համլետի» հայերենացված տարբերակը, բառացիորեն ապշում է. «Հավատացեք, ոչ միայն ինձնից է լավ, այլեւ՝ Շեքսպիրից…»:

Բարդ, «թռիչքային» արվեստագետը մտահոգ էր իր երկրի, ժողովրդի ապրած օրով, ապագայով, ճակատագրով, մեր կյանքի վայրիվերումներով, օտարամուտ էժանագին «ներմուծումներով», անմիտ ընդօրինակումներով, մարդկային փոխհարաբերությունների աղճատումներով. «Մարդը մարդ է դառնում այն ժամանակ, երբ ուրիշի ցավն ընդունել գիտի: Թատրոնը դրա խտացումն է: Երբեմն հարցնում են՝ ո՞րն է թատրոնի դաստիարակչական նշանակությունը. թատրոնը, ինչ է, բա՞նտ է, դպրո՞ց…Դրանցում են փորձում դաստիարակել, այն էլ բան դուրս չի գալիս: Ամերիկան աշխարհը գրավեց ոչ թե զենք ու զրահով, ռումբերով, այլ՝ երգերով, ֆիլմերով: Մենք դրա մեջ ենք՝ ուզենք թե չուզենք: Իսկ այդ հեղեղին պետք է կարողանալ ինչ-որ բան հակադրել, որը մերն է: Դրա համար թատրոնը պետք է կարողանա խոսել ազգի հետ եւ ոչ դաստիարակչական նպատակներով: Ժողովրդի հետ խոսակցությունը չի կայանում… Ես փողոցում լսում եմ այսօրվա հայերենը, ակամա վախի զգացողություն եմ ապրում՝ մեր լեզուն վտանգված է: Եվ ոչ միայն փողոցում՝ ռադիո, հեռուստատեսություն, մամուլ. այնպիսի հայերեն է մատուցվում, որ երբեմն փառք եմ տալիս Աստծուն, որ, ասենք, Սեւակը ողջ չի…»:

Արդյոք այսօր շա՞տ բան է փոխվել մեզանում. թերեւս, միայն այն, որ շատ ասպարեզներ ամայացել են մեծերից, նոսրացել է նրանցով հարուստ մեր մշակութային անդաստանը: Երեւելիներ, որոնց թվում էր Խորեն Աբրահամյան ազգընծա Արտիստը. «Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, որ դա լինի գոյատեւելը…»:

Մեծի տագնապ, որ այդպես էլ չի հնանում…

Թեգեր: դերասանթատրոնԽորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆՍոս ՍարգսյանՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Մարտի 31, 2023
Հովհաննես Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

Մարտի 31, 2023

Մեծ գրողի արժանավոր զավակը

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Նուրբ հզորության ելեւէջները

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Հպարտ ենք ձեզնով

Հաջորդ Հոդվածը
Հայ, որ թուրքերին «լեզու» է տվել

Հայ, որ թուրքերին «լեզու» է տվել

Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով

Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist