«Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։ Նա, որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չկայ նորանում։ Բայց նա, որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը»։ Ա Հովհաննես 2:9-11
Վեճեր, դավաճանություններ, հրաժարումներ, վրեժխնդրություն եւ նույնիսկ մահափորձեր եղբայրների մեջ մենք տեսնում ենք ոչ միայն Աբելի եւ Կայենի օրինակով, այլեւ Իսահակի եւ Իսմայիլի, Հակոբի եւ Եսավի, Հովսեփի եւ նրա եղբայրների։ Եղբայրները պայքարել են նույնիսկ մոր որովայնում. Ռեբեկային ասվել էր, որ նրանից կսերեն երկու ժողովուրդ. «Եւ տղերքը խաղում էին նորա արգանդումը. եւ նա ասեց՝ Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինձ այս. եւ գնաց Եհովային հարցնելու։ Եւ Եհովան ասեց նորան. Երկու ազգեր կան արգանդիդ մէջ, եւ երկու ժողովուրդներ կբաժանուին քո որովայնից. եւ ժողովրդի մէկը միւսից զօրաւոր կլինի, եւ մեծը կծառայե փոքրին»։ Ծննդոց 25։22-23
Ավետարանում եւս օրինակներ են բերված, թե ինչպես Հիսուսի ոչ հարազատ եղբայրներն ու քույրերը կամ անտարբեր էին Նրա՝ փրկության աստվածային առաքելության նկատմամբ, կամ հակադրվում ու չէին հավատում Նրան։
«Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես. Որովհետեւ ոչ ով չկայ՝ որ թաքուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։ Որովհետեւ նորա եղբայրներն էլ չէին հաւատում նորան։ Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է. Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։ Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։ Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։ Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար»։ Հովհաննես 7։3-10
«Չէ՞ որ սա է հիւսնը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. եւ նորա վերայ գայթակղում էին»։ Մարկոս 6։3
Երբ անառակ որդին վերադարձավ, նրա եղբայրն ընդդիմացավ հոր բարեգթությանը. «Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. բայց ինձ երբէք մի ուլ չտուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։ Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար»։ Ղուկաս 15։29-30
Մարթան Հիսուսի մոտ բողոքում է իր քույր Մարիամից.
«Եւ նա մի քոյր ունէր՝ անունը Մարիամ. եւ սա Յիսուսի ոտների մօտ նստեց, եւ լսում էր նորա խօսքերը։ Մարթան էլ ծառայութեան համար շատ զբաղմունքի մէջ էր, եկաւ կանգնեց եւ ասեց. Տէր, հոգդ չէ՞, որ քոյրս ինձ մինակ թողեց ծառայելու. ուրեմն ասիր դորան, որ օգնէ ինձ»։ Ղուկաս 10:39-40
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ