Աննա Կազանջյան. ծանո՞թ ազգանուն է… Մեզանում համապատասխան ոլորտի մարդիկ գուցեեւ իմանան Միացյալ Նահանգներում ծնված ու մեծ հեղինակություն վաստակած տաղանդավոր այս հայուհու մասին: Այսօր մենք, մեր երկիրն ունի այդպիսի անհատականությունների, նրանց հրաշագործ մտքի ու արարումների կարիքը, քանզի շրջապատված ենք մեր հազարամյա երկրի, դարերով մեր ազգի չլինելը երազող արնախումներով…
Հայրը գլխարկավաճառ հալեպահայ էր, մայրը՝ պոլսեցի, ավագ քեռին՝ Հայկ Խոջասարյանը, հայտնի վարժապետ ու համայնքի առաջնորդ: Կազանջյանների ընտանիքը, որ հայոց եղեռնն էր վերապրել, Առաջին աշխարհամարտից հետո է հասնում ԱՄՆ, հաստատվում Նյու Յորքում: 1928-ին ծնվում է նրանց դուստրը, որին պատիվ էր վերապահված պանծացնելու իր ազգը՝ որպես ամերիկյան տիեզերագիտության բնագավառի գիտնական՝ մեծագույն ծառայություններ մատուցելով աշխարհի գերհզոր այս պետությանը: Իսկ մինչ այդ՝ ուսումնառություն նախ Բեռնար քոլեջում, այնուհետեւ՝ Կոլումբիա համալսարանում: 1949-ին Յազեջյան օրիորդական ազգանունով ուսումնատենչ հայուհին էր դառնալու բակալավրի աստիճան ստացած առաջին կինը՝ արժանացած նաեւ «Իգլսթոն» մեդալի: Դա աննախադեպ իրողություն էր համբավավոր համալսարանի պատմության էջերում: Երեք տարի անց նույն հաստատությունում նաեւ մագիստրոսի աստիճան է ստանում՝ ուսմանը զուգահեռ զբաղվելով անալոգային եւ թվային հավելվածներով՝ որոշակի ներդրում բերելով տիեզերագնացության ոլորտին: Ժամանակներ անց Աննա Կազանջյանը Նահանգներում համարվելու էր առաջին կանանցից մեկը, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա: Նավերի կառուցման ոլորտում նրա ճշգրիտ հաշվարկներն ակնհայտ հեղինակություն են բերում գիտնականին: «Աննա Կազանջյանի հաշվարկներով նավերի համար կազմված նավիգացիոն կոնստրուկցիաները ճշգրիտ էին անգամ ավելի քան 100 մետր խորության տակ»,- մամուլի էջերում այսպես է բարձրաձայնում բնագավառի խորագիտակ դոկտոր Էդվարդ Բոլթոնը: Այդ տարիներին տաղանդավոր հայուհին մեծ ներդրում է կատարում նաեւ ավիացիոն ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում՝ մասնավորապես մասնակցելով «Սատուրն» հրթիռի եւ «Վիկինգ» տիեզերական համակարգի ստեղծման, ինչպես նաեւ «Ավանգարդ» նախագծի աշխատանքներին: Իսկ առջեւում նոր անելիքներ էին՝ անցնել Պենտագոնի համար նախատեսված «Ատլաս» տիպի բալիստիկ համակարգերի թռիչքի հաշվարկման աշխատանքներին: Արդյունքում 1957 թ. Աննա Կազանջյանը մշակում է հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվում են գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի էր լինելու միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Երկու տարի անց ՆԱՍԱ-ն, վերջապես կարողանալով օգտագործել այդ հաշվարկները, ի վիճակի է լինում մի քանի արբանյակներ գործարկելու: Նման հաջողություններից հետո Աննա Կազանջյանը դառնում է ռազմական տեխնոլոգիաների նմանատիպ համակարգերի հետազոտման եւ զարգացման բաժնի ղեկավար, այնուհետեւ ստանձնում տարբեր հեղինակավոր ընկերությունների տնօրենի պաշտոններ:
«Ցանկության դեպքում մենք ընդունակ ենք ավելին անել: Կարեւորն այն է, որ ձգտենք ինչ-որ բան անել, անհնարին ոչինչ չկա». այս անսասան հավատով ու գործունեության սկզբունքով առաջնորդված գիտնականը 1965 թ.՝ նախքան ռազմական տեխնիկայի համակարգերի հետազոտման եւ զարգացման բաժնի ղեկավար դառնալը, ոչ միայն զբաղվել է համակարգերի ստեղծմամբ, այլ նաեւ անձամբ մասնակցել փորձարկման թռիչքներին:
1967-70 թթ. ղեկավարել է Նյու Յորքի տեխնիկական ընկերությունները, եղել Բարնարդ քոլեջի մեխանիկական ճարտարագիտության խորհրդի անդամ:
Մեծահամբավ հայուհու անունը գրանցված է «Նյու Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում, իրողություն, որ վերստին պանծացնում է հայ գենն ու հպարտության զգացում հաղորդում ապրողներիս:
Այսօր, ավելի քան երբեւէ, Հայաստան երկիրը կարիքն ունի նոր Աննա Կազանջյանների, ովքեր իրենց տաղանդը կծառայեցնեն հայոց անվտանգությանն ու մեր երկրի հզորացումին: