2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի կունենան նախագահական 13-րդ եւ տեղական խորհուրդների 6-րդ, ինչպեսեւ խորհրդարանական ու բանիմացների ժողովի միջանկյալ ընտրությունները:
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն անցկացնում է ներքին գործերի նախարարությունը եւ դրանց համար պատասխանատու է նախարարը: Այդ նպատակով ՆԳ նախարարությունում ձեւավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, որի պետ է նշանակվում ՆԳ քաղաքական հարցերով փոխնախարարը: Ընտրությունների վերահսկումն իրականացնում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Նշենք նաեւ, որ խորհրդարանում հաստատված օրինագծերն առանց ՍՊԽ-ի հաստատման չեն կարող օրենքի ուժ ստանալ: Բացի այդ, Սահմանադրության մեկնությունը եւս վերջինիս լիազորություններից է, որն իրեն վերագրել է հավանություն տվող վերահսկողություն, ինչը նշանակում է՝ ցանկացած ընտրություններին հաստատել կամ մերժել գրանցված թեկնածուների համապատասխանությունը, բացառությամբ՝ տեղականի: Քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրությունները եւս անցկացնում է ՆԳ նախարարությունը, սակայն դրա վերահսկողությունն իրականացնում է խորհրդարանը: Այդ նպատակով ձեւավորվում է խումբ՝ խորհրդարանի ներքին եւ քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների հարցերի հանձնաժողովի 3 եւ Սահմանադրության 90-րդ հոդվածի հանձնաժողովի 2 անդամից: 2021 թ. ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել քաղաքներում՝ մարտի 11-17-ը, իսկ գյուղերում՝ ապրիլի 10-16-ը: Հատկանշական է, որ չի հաստատվել գործող խորհուրդների անդամների շուրջ 80 տոկոսի համապատասխանությունը, որոնք գլխավորապես բարենորոգչական կողմնորոշում ունեն: Բացի այդ, թերեւս, զանգվածաբար մերժվել են նաեւ նույն կողմնորոշմամբ մյուս թեկնածուները, ինչը պայմանավորված է երկրի խորհրդարանի պահպանողական կողմնորոշմամբ:
Նախագահի թեկնածուները, ըստ ընտրությունների գլխավոր շտաբի, դեռեւս ընթացիկ տարվա փետրվարի որոշմամբ, ՆԳ նախարարությունում գրանցվել են մայիսի 11-25-ը, որոնց թիվը 592-ն է, ինչը նախորդ ընտրությունների՝ 1636 գրանցվածի համեմատությամբ զգալիորեն կրճատվել է: ՍՊԽ-ի քարտուղարը, գոհունակություն հայտնելով թեկնածուների թվի կրճատման առիթով, այն պատճառաբանել է ՍՊԽ-ի հաստատած օրենքով: Նշենք, որ ՍՊԽ-ը, մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որը վերաբերում է թեկնածուների համապատասխանությանը, մշակել եւ հաստատել է օրենք, որի համաձայն թեկնածուների տարիքը պետք է լինի 40-75, կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճան, զինվորականներն առնվազն պետք է ունենան գեներալ-մայորի աստիճան, կառավարման 4 տարվա փորձ, դատվածություն չունենան, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում, եւ այլն: Սակայն կառավարությունը, նշելով, որ ՍՊԽ-ն օրենսդրության լիազորություն չունի եւ այն ապօրինի համարելով, ՆԳ նախարարությանը հրահանգել էր թեկնածուներին գրանցել ըստ Սահմանադրությամբ նախատեսված պայմանների: Հարկ է նշել, որ նոր պայմանների առկայությամբ, բարենորոգչական թեւի առավել հայտնի թեկնածուները դուրս են մնացել, քանի որ գրացման դեպքում էլ, բնականաբար, ՍՊԽ-ն համապատասխանությունները որոշելու է ըստ իր հաստատած օրենքի եւ մերժելու է նրանց: Մայիսի 16-ին վերջինս հայտարարել է, թե գրանցվածներից միայն 40-ն է ներկայացրել պահանջված փաստաթղթերը, հետեւաբար, ուսումնասիրվելու է միայն նրանց համապատասխանությունը: Նախորդ՝ 2017 թ. ընտրություններին, ՍՊԽ-ն հաստատել էր միայն 6-ի թեկնածությունը, ըստ ամենայնի, այս ընտրություններին եւս թեկնածուների թիվը չի անցնի մեկ տասնյակից:
Իրանի ընտրություններում մրցակցությունը տեղի է ունեցել իսլամական վարչակարգի շրջանակներում քաղաքական երկու գլխավոր՝ բարենորոգչական եւ պահպանողական կամ, ինչպես Իրանում են անվանում, սկզբունքային (Principlist) հոսանքների միջեւ: Բացի այդ, առկա է նաեւ չափավորական հոսանք, որը համեմատաբար մոտ է բարենորոգչականին: Իսկ այս ընտրություններին նաեւ նոր հոսանք է ձեւավորվում, որն իրանյան մամուլում անվանվում է նեոպահպանողական: Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարելի է նշել, որ նախագահական ընտրություններում մրցակցությունը գլխավորապես ընթանալու է պահպանողականների ու նեոպահպանողականների միջեւ: Վերջիններս ներկայացնում են զինվորականներ, ավելի հստակ՝ իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի գեներալներ, որոնք առաջին անգամ իրավունք են ստացել մասնակցելու ընտրություններին: Նշյալ հոսանքի առավել հայտնի ներկայացուցիչներից 3-ը հեղափոխության պահապան գվարդիայից են, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար, երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը եւ բանակի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ռոստամ Ղասեմին: Պահպանողականների հիմնական թեկնածուն դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին է, որը նախորդ ընտրություններում երկրորդ տեղում էր: Հօգուտ վերջինիս՝ պահպանողական թեւի որոշ հայտնի ներկայացուցիչներ հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրելուց, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը: Ռայիսիի լուրջ մրցակիցը կարող է լինել չափավորական հոսանքի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, մանավանդ, բացառված չէ, որ բարենորոգիչները եւս քվեարկեն նրա օգտին: Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա նրանց հիմնական եւ համեմատաբար մրցունակ թեկնածուն համարվում է նախագահ Ռոհանիի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրին, սակայն նրա ընտրվելու հավանականությունը, եթե չասենք բացառվում է, ապա աննշան է: Այս հոսանքի գլխավոր եւ մրցունակ թեկնածուն համարվում էր ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, որը թերեւս հարկադրված հրաժարվեց մասնակցությունից՝ ներողություն հայցելով իր թեկնածությունը սատարողներին: Զարիֆի այդ քայլը պայմանավորված է նրա գաղտնի համարվող մասնավոր հարցազրույցի՝ բանավոր պատմության շրջանակներում, հրապարակումով: Հարցազրույցում նրա արտահայտած տեսակետներն արժանացան անգամ հեղափոխության առաջնորդի քննադատությանը, ինչը նշանակում էր, թե գրանցվելու դեպքում կմերժվեր ՍՊԽ-ի կողմից: Այլ կերպ ասած՝ բարենորոգիչները դուրս են մնում Իրանի ընտրովի բոլոր ինստիտուտներից: