Արցախյան վերջին պատերազմում կրած անհաջողությունը նաեւ դառը դաս եղավ մեզ համար՝ կապված շատ խնդիրների հետ։ Պատերազմի մասնակից տարբեր նվիրյալներ, տուն վերադառնալով, սկսեցին իրագործել մի կարեւոր ձեռնարկ՝ ստեղծել ռազմամարզական հասարակական կազմակերպություններ, ճամբարներ՝ մարզելու Հայոց բանակի ապագա զինվորներին։
Այսօր մեր հայրենիքի տարբեր վայրերում գործում են նման մի շարք կառույցներ, որոնցից է «ՊՈԳԱ»-ն։ Կամավորական Օնիկ Պապոյանն ու իր մարտական ընկերները եղել էին պատերազմի տարբեր վայրերում, իրենց մաշկի վրա զգացել պարտության դառնությունը։ Պատերազմի ավարտից քիչ ժամանակ անց նրանք որոշեցին եւ հիմնադրեցին «Պետականությունը որպես գերագույն արժեք» (ՊՈԳԱ) ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որի կարգախոսներից է. «Մեր նպատակն է՝ ցանկացածին դարձնել ավելի ուժեղ եւ՛ հոգեպես, եւ՛ ֆիզիկապես»։ «ՊՈԳԱ»-ն, Օնիկ Պապոյանի նախագահությամբ, արդեն 1 տարի է, ինչ սկսել է մարզել պատանիների ու աղջիկների՝ որպես ապագա զինվորների։ Եվ ռազմահայրենասիրական այս կառույցի 1-ամյա տարեդարձին նվիրված՝ ապրիլի 10-ին Երեւանում՝ Դավիթաշենի վարչական շրջանում գործող Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի մարզադաշտում, տեղի ունեցավ հաշվետու միջոցառում։ Մարդաշատ էր դպրոցի մարզադաշտը, որտեղ նաեւ մարզումների ու ցուցադրության համար «խրամատ» էր փորվել, պատերազմի մասին հիշեցնող այլ պարագաներ կային։ Ներկա էին 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված անմահ հերոսների ծնողներ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, թիվ 200 հիմն. դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, «ՊՈԳԱ»-ի աջակիցներ, համակիրներ, ազատամարտիկներ, այլք։
Միջոցառումը բացեց դերասան Դավիթ Գրիգորյանը, ով իր խոսքում ասաց. «Բոլորիս այսօր այստեղ է մեկտեղել պետականության կայացման ու ամրապնդման հրամայականը, հանուն Հայաստանի Հանրապետութան, հայի, հայկականի, հանուն այս արժեքների հիմնական երաշխավորի՝ Ազգային բանակի կողքին լինելու հրամայականը»։ Միջոցառման կարեւոր մասը «ՊՈԳԱ»-ի սաների ցուցադրական ելույթն էր՝ մարտավարություն, հարձակում ու նահանջ, օղակաձեւ պաշտպանություն, վիրավորների տեղափոխություն մարտադաշտից, բնակավայրերից եւ այլ գործողություններ, որոնք պետք է գիտենա ցանկացած զինվոր պատերազմի ժամանակ։ Ինչ խոսք՝ մարզումն ու ցուցադրությունն այլ են, ինչ իրական մարտադաշտը, սակայն պատանիների ու աղջիկների հետ աշխատելը, նրանց որպես զինվոր դաստիրակելը կարեւոր են այսօր։ Վերջապես «Ազգ-բանակ» երեւույթը պետք է դառնա իրողություն, վերջապես պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազգովի դառնալու զինվոր։ Ինչքան էլ խաղաղություն տենչանք, միեւնույն է՝ ունենք թշնամիներ, որոնց միայն ուժով պետք է սաստենք։ Ընթացքում զրուցեցի Օնիկ Պապոյանի հետ։ «Մեր նպատակն էր կրթել նախաբանակային տարիքի մարտունակ սերունդ, ձեւավորել ռազմական գիտելիքների անհրաժեշտ բազա՝ շեշտը դնելով նախազորակոչային տարիքի երիտասարդների վրա, որոնք պատրաստվում են համալրել ՀՀ ԶՈՒ-երը»,- ասաց նա։ Պատերազմի ժամանակ նա ու ընկերները տեսել են, որ շատ նորակոչիկներ չեն տիրապետել մարտի վարման տարրական գիտելիքներին, սակայն իրենց ծառայության սկզբում արդեն մասնակից են եղել ծանր պատերազմին, եւ շատերը նահատակվեցին։ «ՊՈԳԱ»-ի առաջին խնդիրը նախնական ռազմական պատրաստության գիտելիքների մակարդակի բարձրացումն է։
Ավագ դպրոցների սաները, մասնակցելով նման դասընթացների, ձեռք են բերելու զենքի հետ վարվելու, մարտեր վարելու համար անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ՝ ունակ պահպանելու սեփական կյանքը, փրկելու մարտական ընկերոջը։ Դասընթացների ժամանակ ռազմական գիտելիքները փոխանցվում են հայկական եւ ռուսական բանակների պահեստազորի հատուկ ջոկատային սպաների, հրահանգիչների կողմից՝ օգտվելով նաեւ ՆԱՏՕ-ի բանակների ռազմական փորձից, հենվելով ֆրանսիական բանակի հարուստ ավանդույթների ու փորձառության վրա։ Դասավանդվում են ֆիզիկական պատրաստություն, մարտավարություն, քարտեզագրում-տեղագրություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, լեռնային պատրաստություն, գոյատեւման հմտություն եւ այլ առարկաներ։ Գործունեության ընթացքում «ՊՈԳԱ»-ն իրականացրել է 5 եռամսյա դասընթաց՝ 150 հոգու մասնակցությամբ։ Կազմակերպել է 20-ից ավելի ռազմարշավ՝ ներգրավելով մոտ 700 հոգու: Վարժանքներին մասնակցել է շուրջ 1500 մարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից։ Իհարկե, նման միջոցառումներ իրականացնելը, բացի ջանք ու եռանդից, նյութական ծախսեր է պահանջում։ Այս հարցում «ՊՈԳԱ»-ին աջակցել են «Էկոպրոֆ», «G&A»(«Ջի ընդ Էյ») ընկերությունները, անհատներ սփյուռքից։ «ՊՈԳԱ»-ի հիմնադիրները տարածք են վարձել թիվ 200 դպրոցի հարեւանությամբ, իսկ մարզումների համար օգտվում են նույն դպրոցի մարզադաշտից։
Մարտավարական ցուցադրությունից հետո «ՊՈԳԱ» ՌՀՀԿ նախագահ Օ. Պապոյանն ասաց՝ մեծ գործ չէ իրենց արածը, պարզապես յուրաքանչյուր հայ պարտավոր է թեկուզ փոքր աշխատանքով նպաստել մեր երկրի կայացմանը։ Իսկ իրենց աշխատանքը հետագայում ավելի նպատակային դարձնելու համար հույս հայտնեց՝ համագործակցել ինչպես անհատների ու կազմակերպությունների, այնպես էլ պետության ու զինված ուժերի հետ։ «Երազանք չկա, երազանքը փոխարինում ենք նպատակով եւ հասնում դրանց իրականացմանը»,- ասաց Օնիկն ու շնորհակալագրեր հանձնեց աջակիցներին։ 1 տարվա գործունեության ընթացքում ակտիվ մասնկցություն ունեցած սաներին պարգեւատրեց։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան գոյամարտի ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն իր ելույթում կարեւորեց նման կառույցների դերը ներկա ժամանակներում։ Կարեւորեց գաղափարական խնդիրը բանակում։ Նշեց՝ Արցախյան գոյամարտի առաջին հրամանատարներից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գորգիսյան, Սիմոն Աչիգյոզյան, Թաթուլ Կրպեյան եւ այլք, զինվորական չէին, բայց գաղափարի շնորհիվ դարձան ճանաչված հրամանատարներ ու գործիչներ։ Հույս հայտնեց, որ ցուցադրությանը մասնակից երիտասարդները բանակ մեկնելիս իրենց հետ նաեւ Նժդեհի ու Լեոնիդի գաղափարն էլ կտանեն, որ ունենանք այդ հերոսների երազած բանակը։ Միջոցառումը եզրափակվեց «Հայաստան» երգով, որը Անի Եղիազարյանի ղեկավարությամբ կատարեց թիվ 200 հիմն. դպրոցի «Կռունկներ» եւ «Երգ երգոց» երգչախմբերի միացյալ կազմը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները, որոնց հետ էր նաեւ Կոմանդոսի Հովհաննես թոռը, ով նույնպես որոշել է զինվորական դառնալ։ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրեն Գոռ Մանուկյանը, ով 44-օրյա պատերազմից հետո է ընկերների հետ հիմնել «Միհր» ռազմամարզական ճամբարը, նույնպես ներկա էր: Ասաց՝ կարեւոր է, որ մարզումները կայանում են դպրոցի մարզադաշտում, եւ շատ դեռահասներ կցանկանան մասնակից դառնալ դրանց:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ