«Մի օր առավոտյան Հրաչյա Աճառյանը զայրանում է եւ վեճի բռնվում կնոջ հետ՝ աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Այնքան բարձր է բղավում, որ կինը՝ Սոֆիկը, հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարեւորություն չի տալիս, շարունակում է բղավել: Քիչ անց հանկարծ ընդհատում է, փափկում եւ խանդաղատանքով ասում.
-Կատակ էր, Սոֆի՛կ, ուզում էի, որ ջղայնացած խոսես, եւ տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան…
-Դե ասեիր, է՛լի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում եւ իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի, այդպես էլ ոչ մի բառ չասացիր…»:
Մեծանուն լեզվաբանը՝ կոստանդնուպոլսեցի կոշկակարի որդի Հրաչյա Աճառյանը, դեռ մանուկ հասակից է արտասովոր ընդունակություններ դրսեւորել. վաղ է սկսել խոսել, այն էլ անմիջապես երկու լեզվով՝ հայերեն եւ թուրքերեն: Այնուհետեւ այդ լեզուների թիվն անցնելու էր մի քանի տասնյակից: Թե ինչպես է հասցրել այդ ամենը առասպելական աշխատասիրությամբ օժտված բազմազբաղ գիտնականը, ապշել կարելի է միայն…
Ժամանակին որդու արտասովոր ընդունակությունները նկատած արհեստավոր հայրը վեց տարեկանում նրան տալիս է Ադամյանի վարժարան: Որդին մի աչքով էր տեսնում. մեկ տարեկանում կորցրել էր ձախ աչքի տեսողությունը, բժիշկներն անզոր էին եղել վերականգնել այն: Ստիպված էր գրել-կարդալ մեկ աչքով: Դեռ տասը չբոլորած՝ ոչ միայն ազատ հաղորդակցվում էր հայերեն, թուրքերեն ու ֆրանսերեն, այլեւ այդ լեզուների քերականությանն էր տիրապետում: Այնուհետեւ եւս երկու ուսումնարան էր փոխելու, ավարտելու երկու համալսարան Փարիզում եւ Սորբոնում՝ աշակերտելով նշանավոր Անտուան Մեյեին, եւ 21 տարեկանում դառնալու Փարիզի լեզվաբանական միության անդամ: Հետո երկար տարիներ ուսուցչություն էր անելու Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր Նախիջեւանում, Կարինում, այլուր: Շրջելու էր պատմական Հայաստանով մեկ, ուսումնասիրելու մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ, նյութեր հավաքելով հայագիտության տարբեր ճյուղերի համար: Սակայն գավառական ուսուցչի թափառական դրությունը երկար ժամանակ թույլ չէր տալու հրապարակելու իր աշխատությունները: Միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ 1923-ին աշխատանքի է հրավիրվում պետհամալսարան, հնարավորություն է ընձեռվում նվիրվելու գիտական ու մանկավարժական գործունեության, հաջորդաբար լույս ընծայելու նախադեպը չունեցող գիտական ծանրակշիռ իր աշխատությունները:
Հրաչյա Աճառյանի հետազոտությունների կարեւոր բնագավառներից մեկը եղել է հայերենի բառաքննությունը, որին նվիրված նրա մեծագույն գործն է վեց հատորից բաղկացած «Հայերեն արմատական բառարանը»: Արմատական բառարանը լիակատար ցանկն է շուրջ 11 հազար հայերեն արմատական բառերի՝ դրանց բացատրությամբ, քերականական տեղեկություններով ու ստուգաբանությամբ: Այն, հայտնի հայագետ Անտուան Մեյեի հավաստմամբ, իմաստաբանական-ստուգաբանական եզակի բառարան է, որում հայերենի արմատները բնութագրված են հնդեվրոպական հիմք լեզվի, ցեղակից եւ հարեւան լեզուների հետ ունեցած առնչությունների, բառակազմական հնարավորությունների եւ գավառաբարբառներում դրանց դրսեւորումների համապատկերում: Իսկ հայոց լեզվի պատմության ուսումնասիրության արդյունքներն ամփոփված են Աճառյանի «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր աշխատության մեջ: Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված գիտնականի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» տասը հատորանոց մենագրությունը: «Հայոց անձնանունների բառարանը», հայ գրերի պատմությանն ու տեսությանը նվիրված աշխատությունները, հայ հին մատենագրությանը, նոր գրականության պատմությանը նվիրված ուսումնասիրությունները, որպես տիտանական աշխատանքի արդյունքներ, իրենց հաստատուն ու անփոխարինելի տեղն ունեն հայոց լեզվի եւ խոսքի ուսումնասիրության բնագավառում:
Բազմահարուստ գիտելիքները եւ բազում լեզուների իմացությունն Աճառյանին հնարավորություն էին տալիս տարբեր դասընթացներ վարելու՝ լեզվաբանության ներածություն, հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ: Հանրագիտարանային շտեմարան, որով սակավաթիվ անհատներ են օժտված…
…1937 թվական. ստալինյան մահահոտ բռնարարքների սեւ տարի: Շատերի թվում ձերբակալում են նաեւ Աճառյանին՝ հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը իբր թե նրա անդամակցության մասին եղած տվյալներ: Մեղադրանքում ասվում էր, թե 1918-ին անգլիացիների կողմից Ադրբեջանի բռնազավթման շրջանում Աճառյանը Բաքվում հավաքագրվել է անգլիացիների կողմից, աշխատել նրանց օգտին: Ավելին՝ իբր, արտասահմանյան հետախուզությունը միակը չէր, իբր, նա աշխատում էր բոլոր եվրոպական երկրների, ճապոնական եւ թուրքական գործակալությունների համար: Եվ որ՝ պետհամալսարանում դասավանդելիս «մեղադրյալ Աճառյանը թշնամական դիրք է գրավել լեզվաբանության մարքսիստական զարգացման հարցի նկատմամբ»: Հետեւանքը՝ 2 տարի 3 ամիս լեզվաբանն անցկացնում է բանտում՝ ենթարկվելով խոշտանգումների:
Տարիներ անց Աճառյանն ընկերներին պատմելու էր, որ քննիչն իրեն ստիպել է ապացուցել, որ իր կինը եղել է ոչ թե լրտես, այլ եղել է հենց իր կինը: Աճառյանը բերել է բոլոր ապացույցները, սակայն քննիչը դրանք ոչ հավաստի է համարել: Այդ ժամանակ հուսահատված լեզվաբանը բացականչել է. «Եթե իմ կինը չէր, ո՞ւմ կինն էր…»:
Այսպիսի դժոխային ժամանակներ, որի միջով անցնելու էր հայագիտության նվիրյալը, գրելու էր նաեւ իր հուշերի գիրքը, որից էլ մի տպավորիչ կտորով ամփոփենք ասվածը: Այն հայոց երգի վեհափառի մասին է. «Մաքրասեր Կոմիտասը ճանճի թշնամի էր: Բացի սենյակին պատուհաններեն, դուռն ալ մառլյայով փակած էր: Կարժեր տեսնել զինքը, երբ հանկարծակի կատակալի բառերով կհարձակվեր դռնեն ներս մտնողին վրա՝ պոռալով՝«շուտ, շուտ ներս մտիր»: Եվ եթե այդ միջոցին ճանճ մըն ալ ներս մտներ, ան չէր հանգստանար, մինչեւ որ դուրս չհաներ զայն: Վռնդած ճանճը անիծելով՝ կսեր. «Ի՞նչ, նորեն նոտաներուս վրա սրբագրի՞չ եկար…»: Կոմիտաս ոխերիմ թշնամի էր ճանճերուն: Անգամ մը, երբ մեր սենյակին մեկ ճանճը սատկցնելու համար ապակին կոտրեց՝ ըսելով. «Այս ճանճը իր միկրոպով կարող էր մեր երկուքին գլուխը ուտել…»:
Ի դեպ, ժամանակին երկու մեծերը միասին աշխատել էին Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում…