Միացյալ Նահանգները եւ եվրոպացի դաշնակիցները նախաձեռնել են ստեղծելու այնպիսի «նոր աշխարհ», որտեղ նվազագույնի կհասցվեն համագործակցությունն ու գոյակցումը Ռուսաստանի հետ։ Դրան հասնելու նպատակով ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում հնարավորինս մեկուսացնելու, իսկ որպես վերջնանպատակ՝ նվազեցնելու նրա միջազգային կարգավիճակը։ Մոսկվայի նկատմամբ մշակվող Արեւմուտքի նոր քաղաքականությունն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները՝ պաշտպանությունից մինչեւ ֆինանսատնտեսական, առեւտրից մինչեւ միջազգային դիվանագիտություն եւ անգամ՝ մշակույթ։ Անվտանգային եւ միջազգային քիչ թե շատ կայուն համակարգում նման խզումները կործանարար կարող են լինել եւ վտանգ ներկայացնել բոլոր մասնակիցների համար։ Թեեւ Արեւմուտքը ձգտում է ռազմական լուծումներն իրականացնել տեղային ձեւաչափերով, սակայն դրանք ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Այս պահին, կարծես, գործընթացն առավելապես ընթանում է միջազգային հարթակներում կոշտ սահմանների գծման տարբերակով, ինչն էլ իր հերթին կարող է վերածվել հերթական «սառը պատերազմի»։ Ի դեպ, այդ մասին օրեր առաջ ակնարկել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ կարծիք հայտնելով, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի աշխարհը վերականգնվի նոր «սառը պատերազմից», որն արդեն սկսվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ազգային պաշտպանության ռազմավարության բովանդակության վերանայման անհրաժեշտություն է տեսնում։ Անցյալ ամիս Պենտագոնը Կոնգրես էր ներկայացրել ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը. զեկույցում նշված է եղել, որ «Ռուսաստանը սուր սպառնալիքներ է ներկայացնում», իսկ Չինաստանն անվանվել է գլխավոր ռազմավարական մրցակիցն ու մարտահրավերը ԱՄՆ-ի համար։ Մեկ շաբաթ առաջ էլ Բայդենը ստորագրել էր օրինագծեր՝ դադարեցնելու Ռուսաստանի հետ բնականոն առեւտրային հարաբերությունները, իսկ ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին: Յոթնյակի (G7) երկրները պարտավորվել են հրաժարվել միջկառավարական մակարդակով Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներից եւ կոչ են անում մյուս երկրներին, ինչպես նաեւ միջազգային կառույցներին՝ հետեւել իրենց օրինակին։ «Ռուսաստանը չպետք է ֆինանսավորում ստանա միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից։ Մենք ողջունում ենք Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի որոշումը՝ կասեցնելու Ռուսաստանի եւ Բելառուսի համար հասանելիությունն իր ռեսուրսներին»,- ասված է ապրիլի 20-ին Վաշինգտոնում կայացած՝ G7-ի ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ տարածած հայտարարության մեջ։
Արեւմտյան երկրները որոշել են սահմանափակել Ռուսաստանի վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այդ նպատակով ապրիլի 12-ին Լիխտենշտեյնը, ԱՄՆ-ի աջակցությամբ, առաջարկել էր բանաձեւի նախագիծ, ըստ որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամներից որեւէ մեկի կողմից վետոյի իրավունքի կիրառման դեպքում 10-օրյա ժամկետում գումարվում է Գլխավոր ասամբլեայի նիստ այն հարցի վերաբերյալ, որի առնչությամբ կիրառվել է վետոն։ Գլխավոր ասամբլեան կարող է ընդունել իր սեփական փաստաթուղթն այս հարցի վերաբերյալ, սակայն ի զորու չէ վիճարկելու վետոյի իրավունքը։ Հիշեցնենք, որ այս մարմնի որոշումները, ի տարբերություն Անվտանգության խորհրդի որոշումների, պարտադիր չեն։ ՄԱԿ-ում Լիխտենշտեյնի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Վենավայզերը տեղեկացրել է, որ բանաձեւի շուրջ քննարկումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, նախնական՝ ապրիլի 26-ին։ Լիխտենշտեյնի մշտական ներկայացուցիչը պնդում էր, որ փաստաթուղթն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կոչված է ապահովելու բազմակողմանիության սկզբունքը։ Նախաձեռնությանն աջակցել է 38 երկիր։
Ինչպես տեսնում ենք, բաժանարար գծերի խորությունն ու քանակն ավելանում են։ Դրանց թվին կարելի է դասել նաեւ այն, որ հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց պաշտպանական բյուջեի զգալի ավելացման մասին։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնեն Ֆինլանդիան եւ Շվեդիան մինչեւ Մադրիդում հունիսին կայանալիք գագաթնաժողովը, ինչը կհանգեցնի եվրոպական անվտանգության հավասարակշռության զգալի փոփոխության եւ ինչը կտրուկ կավելացնի դաշինքի ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ: Դաշինքի երկրներն ակնկալում են, որ տասնյակ հազարավոր զորքերի տեղակայումը ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանին, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցներ կունենան մշտական բնույթ:
Պատմաբան Սթեֆան Վերթհեյմը «Foreign Affairs»-ի այս ամսվա համարում անդրադարձել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերակայություններին ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ «Ուկրաինայի գայթակղությունը. Բայդենը պետք է դիմադրի նոր սառը պատերազմին մղելու կոչերին» խորագրով բավականին ծավալուն հոդվածում պատմաբանը գրում է, որ պատերազմն ուժեղացրել է փաստարկները ռազմավարական կարգապահության օգտին՝ հնարավորություն տալով խրախուսելու Եվրոպային հավասարակշռություն հաստատելու Ռուսաստանի հետ, մինչդեռ Միացյալ Նահանգները կկարողանա կենտրոնանալ անվտանգության վրա Ասիայում, ինչպես նաեւ լուծելու ներքին խնդիրները: «Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ սառը պատերազմի կոչը կստիպի ամերիկացիներին հսկայական բեռ վերցնել ոչ թե այն պատճառով, որ դա պահանջում են ԱՄՆ-ի հատուկ շահերը, այլ այն պատճառով, որ դա պահանջում է ԱՄՆ-ի գերակայությունը: Այլեւս չկարողանալով պահպանել գլոբալ ռազմական գերակայությունը ուժի ներկայիս մակարդակում, Միացյալ Նահանգներն այժմ պետք է ավելի մեծ ռեսուրսներ ներդնի այդ ջանքերի համար»,- գրում է նա՝ մանրամասնելով, որ միգուցե երկիրը կարող էր ազատվել 1950-ականներին ռազմավարական ավելորդություններից, երբ նրան բաժին էր ընկնում համաշխարհային տնտեսական արտադրանքի մոտ 27 տոկոսը, ինչը գրեթե կրկնապատիկ էր խորհրդային եւ Չինաստանի ընդհանուր 14 տոկոսի համեմատ: Մինչդեռ 2020 թ., ընդհակառակը, Միացյալ Նահանգներին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի 16 տոկոսը, այն դեպքում, երբ Չինաստանն ու Ռուսաստանը միասին հասել են 22 տոկոսի, իսկ միայն Չինաստանն առաջ է անցել Միացյալ Նահանգներից:
Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի ծրագրերը՝ մեկուսացնելու եւ էապես թուլացնելու Ռուսաստանը, բախվելու են Չինաստանի շահերին։ Համաշխարհային քաղաքական թատերաբեմում որոշիչ է դառնում չինական գործոնը, եւ դրա հետ չեն կարողանա հաշվի չնստել ներկայիս աշխարհաքաղաքականության ճարտարապետները։ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը երեկ հանդես էր եկել գլոբալ անվտանգության նախաձեռնությամբ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ ընդհանուր, համապարփակ, համատեղ եւ կայուն անվտանգության հայեցակարգին, համատեղ ապահովելու աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրա խոսքով՝ պետք է խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից եւ միակողմանի գործողություններից, կանխել ճամբարային կամ առճակատման մտածողությունը։ Իսկ Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը նախօրեին Պետդումայում Չինաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հարցերով պատգամավորական խմբի հանդիպման ժամանակ նշել էր, որ Չինաստանը դինամիկ կերպով զարգացնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխշահավետ եւ երկարաժամկետ հիմունքներով՝ անկախ այլ երկրների հետ Մոսկվայի հարաբերություններից։ «Դա մեր անսասան վճռականությունն է եւ երկարաժամկետ ռազմավարությունը»,- շեշտել է դեսպանը՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները «նոր մեկնարկային կետում» են, եւ Մոսկվայի ու Պեկինի փոխգործակցության զարգացումից են կախված ոչ միայն երկու երկրների հեռանկարները, այլեւ ամբողջ մարդկության ապագան։ «Ռուսաստանը եղել է, կա եւ կլինի տերություն եւ գլխավոր խաղացողը համաշխարհային քաղաքականության մեջ: Ռուսաստանին մարգինալացնելու ցանկացած փորձ չի իրականանա: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության պահպանման, արդարության ապահովման, բազմաբեւեռ աշխարհ ձեւավորելու համար, որպեսզի մեր սերունդները հպարտ ու պարկեշտ ապրեն»,- եզրափակեց նա։ Սա արդեն իսկ աներկբա հայտ է՝ ձեւակերպելու համաշխարհային նոր խաղի կանոնները։