ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ պարտության մտքի հետ հաշտվելուց առաջ պարտադիր միջուկային մարտավարական զենք կօգտագործի, որպեսզի, միեւնույն է, հաղթի պատերազմում: Այս մասին գրում է «The American Conservative»-ը: Եվրոպայի ու ԱՄՆ-ի խնդիրը Երրորդ համաշխարհային պատերազմ չսանձազերծելն է, բայց կիրառվող քաղաքականությունն առայժմ մատնացույց չի անում հնարավոր ուղղությունները, որոնք կարող են թոթափել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ առաջացած պայթյունավտանգ լարվածությունը՝ կանխելով այն բախումը, որը կարող է աննախադեպ լինել ողջ պատմության ընթացքում:
Վերջերս, պատասխանելով այն հարցին, թե Միացյալ Նահանգներն արդյոք պե՞տք է ուղարկի իր զինվորներին՝ կռվելու Ուկրաինայի համար, սենատոր Քրիս Կունսն ասել է, որ, հնարավոր է, դրա ժամանակը եկել է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կկանգնի այն ժամանակ, երբ մենք նրան կկանգնեցնենք»: «Մենք շատ վտանգավոր շրջան ենք ապրում, եւ չափազանց կարեւոր է, որ Կոնգրեսն ու վարչակազմը հստակ դիրքորոշում ունենան այն հարցում, թե մենք երբ պատրաստ կլինենք կատարել հաջորդ քայլը եւ Ուկրաինային օգնել ոչ միայն զենքով, այլեւ զինվորներով»,-շեշտել է նա՝ ավելացնելով. «Եթե այդ հարցի պատասխանն է՝ երբեք, ապա մենք Պուտինին կթույլատրենք անցնել դաժանության նոր մակարդակի»:
Ի պատասխան Կունսի այս մեկնաբանության՝ Սպիտակ տունը հերթական անգամ հաստատել է նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը, որ ամերիկյան զինվորները չեն գնա Ուկրաինա՝ կռվելու ռուսների դեմ, քանզի դա կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ: Մարտին Բայդենն ասել է. «Այն մասին գաղափարը, որ մենք այնտեղ կուղարկենք հարձակողական զենք, ինքնաթիռներ, տանկեր ու գնացքներ՝ ամերիկացի օդաչուներով ու անձնակազմերով, պարզապես հասկացեք, կանվանվի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Ձեզ դա հասկանալի՞ է: Եկեք բացենք այդ արտահայտությունը. մենք Ուկրաինայում Երրորդ համաշխարհային պատերազմ չենք սանձազերծի»:
Սակայն այն օրվանից, ինչ Բայդենն արել է այդ հայտարարությունը, Ուկրաինայի զինված ուժերին ուղղակի ռազմական օգնության «կարմիր գիծը» փոխվել է, թեեւ դեռեւս պահպանվում է ԱՄՆ զինվորների եւ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ուղարկելու արգելքը։ Միացյալ Նահանգների այժմյան դիրքորոշումը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. քանի որ եթե ամերիկացի զինվորները գնան կռվելու եւ սպանելու ռուսներին Ուկրաինայում, կսկսվի ռուս-ամերիկյան պատերազմ, որը կարող է վերաճել միջուկային հակամարտության, ԱՄՆ-ն այդ առաջին քայլը չի անի, չի վտանգի մեր երկրի անվտանգությունն ու նույնիսկ գոյությունը, նույնիսկ եթե այս երկամսյա հակամարտությանը մասնակցությունից հրաժարումն Ուկրաինայի պարտություն նշանակի:
Դա անվանենք Էյզենհաուերի դիրքորոշում: 1956 թ. նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց ամերիկյան զորքեր ուղարկել՝ կասեցնելու խորհրդային տանկերի մուտքը Հունգարիա՝ հեղափոխությունը տապալելու համար, որն այդ երկրի ժողովուրդը բարձրացրել էր «խորհրդային օկուպացիայի եւ ռեժիմի» դեմ: Էյզենհաուերը չցանկացավ անցնել Եվրոպան բաժանող «Յալթայի» գիծը եւ գերադասեց թույլատրել, որ հունգարական հեղափոխությունը տապալվի, որպեսզի չհրահրվի պատերազմ, որում կարող էր վտանգվել ամերիկյան զինվորների կյանքը, ընդհանրապես՝ ողջ երկրի ապագան։ Էյզենհաուերը բառացիորեն առաջին տեղում դրեց Ամերիկան՝ հունգարացիներից վեր:
«Ռուսաստանի նախագահ Պուտինն Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկզբից կրել է մի շարք պարտություններ։ Նրան չի հաջողվել գրավել Ուկրաինայի երեք խոշոր քաղաքներից ոչ մեկը՝ ոչ Կիեւը, ոչ Խարկովը, որը երկրի երկրորդ քաղաքն է, ոչ էլ Օդեսան՝ երրորդ ամենամեծ քաղաքը, ինչպես նաեւ ամենակարեւորը՝ սեւծովյան նավահանգիստը։ Պուտինը պարտվել է Կիեւի համար մղվող ճակատամարտում եւ արդեն կորցրել է այն ուժերի մեկ քառորդը, որոնցով սկսել է իր հատուկ գործողությունը։ Ռուսաստանի սեւծովյան նավատորմի դրոշակակիրը՝ «Մոսկվա» հածանավը, ըստ որոշ տեղեկությունների, խորտակվել է ուկրաինական հականավային հրթիռների հարվածների հետեւանքով»,-նշել է «The American Conservative»-ը, ապա ավելացրել, որ Պուտինը նաեւ որոշ հաջողությունների է հասել. «Ազովի ծովի ափին գտնվող ուկրաինական խոշոր նավահանգիստ Մարիուպոլի հնարավոր անկմամբ Պուտինը կստանա «ցամաքային միջանցք», որը Ռուսաստանը կկապի Ղրիմի հետ: Այն շրջաններին, որոնք վերահսկում է 2014 թվականից, Պուտինն ավելացրել է Ղրիմից հյուսիս եւ Լուգանսկից ու Դոնեցկից արեւմուտք գտնվող տարածքները: Եթե Ռուսաստանը գրավի Դոնբասը, այն կարելի է Պուտինի հաղթանակ անվանել: Խարկովը կամ Օդեսան գրավելը (վերջինի դեպքում Պուտինը վերահսկողություն կստանա Ուկրաինայի ամբողջ սեւծովյան ափի վրա՝ Կիեւը վերածելով դեպի ծով ելք չունեցող երկրի մայրաքաղաքի) իսկական հաղթանակ կլիներ»:
Նեոպահպանողականներն ու «պատերազմի բազեները» պնդում են, որ Ամերիկայի նպատակները պետք է լինեն ռուսական բանակի համոզիչ պարտությունը եւ վտարումն Ուկրաինայի տարածքից, ինչպես նաեւ Պուտինի նվաստացումն ու տապալումը։ Եվ դրանք չպետք է քննարկվեն ու կասկածի տակ դրվեն։ Այս դիրքորոշման համաձայն՝ նշված նպատակներին չհասնելը կնշանակի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի պարտություն։
Ռուսաստանի զինանոցում ավելի քան 6000 միավոր միջուկային զենք կա: Իսկ ապրիլի 20-ին Պուտինը հայտարարել է, որ միջմայրցամաքային նոր հսկայական բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Նրանք, ովքեր համամիտ չեն «պատերազմի բազեների» հետ, կարծում են, որ Պուտինը, հնարավոր է, չի կեղծում, երբ խոսում է միջուկային զենքի օգտագործման հնրավորության մասին, համոզված են, որ առավել զանգվածային պատերազմից խուսափելու համար, որը կարող է համաշխարհայինի վերածվել, անհրաժեշտ է արագ կարգավորել ուկրաինական խնդիրը: Սակայն, ինչպես միշտ, այդ մարդկանց մեղադրում են վախկոտության, ինչպես նաեւ «բռնակալական Ռուսաստանին» պարտության մատնելու պատմական հնարավորությունը բաց թողնելու մեջ:
Այդուհանդերձ, հարկ է հիշել, որ ԽՍՀՄ-ի հետ պատերազմից խուսափելու համար նախագահ Հարրի Տրումենը ժամանակին հրաժարվել է ուժ կիրառել՝ Բեռլինի ստալինյան բլոկադան ճեղքելու համար: Էյզենհաուերը թույլատրել է, որ հունգարական հեղափոխությունը խեղդվի արյան մեջ, բրիտանացիներին, ֆրանսիացիներին ու իսրայելցիներին հրամայել է հեռանալ Եգիպտոսից: ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդին թույլ է տվել, որ կառուցվի Բեռլինի պատը: Լինդոն Ջոնսոնն էլ Վարվավայի պայմանագրի երկրներին թույլ է տվել ջախջախել «Պրահայի գարունը»:
Որքան շուտ ավարտվի այս հակամարտությունը, այնքան լավ:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ