Համլետը լոռեցու խտացված կերպար էր՝ իր տաքարյուն պոետիկ բնավորությամբ: Ուներ տղամարդու յուրատեսակ հմայք, ուրույն աշխատաոճ: Հրաշալի վիրաբույժ էր:
Արտավազդ ՍԱՀԱԿՅԱՆ
Կան մարդիկ, որ կյանքից հեռանալով՝ շարունակում են մնալ ապրողներիս հետ: Այդպիսիք քիչ են, բայց նրանք հասարակության եւ երկրի աղն են, անհատականություն՝ մտածողությամբ ու հույզերով, իրենց թողած գործի ճշտությամբ, ծանրությամբ ու ծանր ապրումներով, որոնք մի օր եկել ու չեն հեռանում՝ մշտապես իմաստավորելով այս հոգսաշատ կյանքը: Թող ինձ ներեն տարբեր ասպարեզների նվիրյալները, կարծում եմ, որ այդ մարդիկ հիմնականում բժշկության, մանկավարժության եւ արվեստի ոլորտներում են, որտեղ բուրում են ոգեղենությամբ գունեղ եւ անթառամ ծաղիկներ: Նրանցից մեկն էլ արժանավոր հայ, նվիրյալ մայրապաշտ, կնամեծար, պաշտելի հայր, տաղանդավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Վրաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Համլետ Սերգեյի Թամազյանն էր: Բժշկագիտությունը դեռ շատ երկար կխոսի Թամազյան վիրաբուժի հրաշագործ ձեռքերի մասին, կվերաիմաստավորվի նրա թողած բժշկագիտական ավանդը, բարեգործությունները, հաճախ ինքնամոռացության հասնող քաղաքացիական խիզախումները: Ահա բավականին երկար ժամանակ է՝ իմ մտքերն ու խոհերը պտտվում են իր արածին արժանի գնահատականներով, կարծիքով եւ կորստի անդառնալի վշտով լեցուն «Հավատա, ես քեզ կլսեմ…» կամ «Անվերջ վերադարձ» վերնագրված գրքի շուրջը: Այն մասնագետի աչքով եւ մտերմիկ նվիրվածությամբ կազմել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:
…Հավատա, ես քեզ կլսեմ…,-կնոջ՝ բժշկուհի Անժելա Թամազյանի հոգու ճիչն է:
-Ինձ Փարիզ հասցրեց:
-Որը պատմեմ,- գրել է մայրը՝ տիկին Ծաղիկը:
Հետո զավակները, ընկերները, գործընկերները, հարազատները, նրա օգնությամբ կյանք վերադարձած անձանց հուշերն են, տարբեր լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցները, գրավոր մտորումները ու հոգեցունց անդրադարձ դեպի նրա նեղ կյանքը, դեպի կյանքի թամազյանական բանաձեւի արտածման բանալին:
Համլետ Թամազյանը ծնվել է 1947 թ. մայիսի 1-ին Օձուն գյուղում՝ աշխատանքի տոնի օրը: Աշխատանքը նրա տարերգն էր, հոբբին: Ծննդավայրը նրա համար յուրատեսակ սրբավայր էր, որին կապված էր իր ողջ էությամբ: Տեղին է հիշել Վանաձորի մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի «Լոռեցուն ո՞վ է սատարելու այսուհետեւ» կարծես արարչին հասցեագրված հարցադրումը: Համլետ Թամազյանի կարճատեւ կյանքը դարձավ լեգենդ: Ինքը լեգենդ էր կենդանության օրոք:
Իր բազում պարգեւներից, այդ թվում՝ «Պատվո նշան» շքանշան, «Մխիթար Հերացու» մեդալի կողքին նա այլ կերպ էր արժեւորում 1993 թ. իրեն շնորհված «Ալավերդու պատվավոր քաղաքացի» եւ 2009-ին տրված «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումները՝ դրանք համարելով իր եւ ծննդավայր Օձունի յուրատեսակ դափնեպսակներ:
…Հիշում եմ՝ 1995 թ. մայիսին ծննդավայրի կանչով Ալավերդիում էր: Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն Համլետ Թամազյանի մեծարմանն էր նվիրված լեփ-լեցուն դահլիճում կազմակերպված երեկոն, որի ժամանակ նրան բժշկական գիտությունների դոկտորի կոչում շնորհվեց: Այստեղ էլ հրապարակվեց նրան Ալավերդու պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին քաղխորհրդի գործկոմի որոշումը: Սրտաբուխ ելույթները շատ էին, ինձ մոտ տպավորվել է հատկապես Համլետ Թամազյանի ուսանողական ընկերուհու՝ արդեն լուսահոգի Սվետլանա Քառյանի խոսքը, որից ուրվագծվում է դեռ ուսանողական տարիներին վիրաբուժությանը սիրահարված Համլետը՝ հաճախ իրարամերժ, հակասական բնավորության գծերով, բայց միշտ զգոն եւ աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ:
-Մի անգամ մասնակցել եմ ուսանողական իմ սիրելի ընկերոջ՝ Համլետ Թամազյանի կողմից կատարվող վիրահատությանը, այնքան արագ էին աշխատում նրա ձեռքերը, որ ուղղակի անհնարին էր նրա ձեռքերի մեջ տեսնել մատների ընթացքը, – տարիներ անց պիտի խոստովաներ բժիշկ Սերոբ Նազարեթյանը: Բժիշկ Համլետ Թամազյանը քաղաքական թեժ պայքարի ընթացքով 2003 թվականին ընտրվեց ԱԺ պատգամավոր եւ հինգ տարի մնաց իր ընտրողների հոգսերի հետ՝ ակտիվ մասնակցելով ԱԺ-ի սոցիալական առողջապահության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
Համլետ Թամազյանը բժշկական ինստիտուտը ավարտել է 1972 թվականին եւ մինչեւ իր չարաբաստիկ մահը՝ 2011 թ. փետրվարը հավատարիմ է եղել Հիպոկրատի երդմանը՝ բազում հաղթանակներ արձանագրելով Երեւանի 2-րդ բուժմիավորման բուժակ-Ալավերդու կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժ-Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ-Ալավերդու շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ-ԽՍՀՄ ԳԱ ՀՎԳԿ Երեւանի մասնաճյուղի վիրաբուժական բաժնի վարիչ-Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն ճանապարհին:
1978-1980 թթ. աշխատելով Ալժիրի Սուկ-Արաս հոսպիտալի վիրաբուժական բաժնի վարիչի պաշտոնում՝ բազում նվաճումների կողքին թողել է նաեւ 32 եղեւնիների ծառուղին, որը նվիրել էր իր կնոջ 32-ամյակին: Այս ծառուղու մասին երկար ժամանակ անց նրան ու մերձավորներին պատմել է մի ալժիրցի երիտասարդ՝ Փարիզում, հետո իմանալով զարմացել, որ ծառուղու հեղինակը հենց նա է:
Համլետ Թամազյանը երկու զավակների հայր էր, թոռների անմոռաց պապիկ: Որդին ընտրել է հոր ուղին. ժամանակին հենց նա է տնօրենի պաշտոնում փոխարինել Համլետ Թամազյանին: Ակնաբույժի բարի համբավ ունի դուստրը՝ Լուսինեն:
Այնքան շատ է Համլետ Թամազյանի մասին ասելիքը, որ դժվար է տեղավորել անգամ գրքի շրջանակներում: Կարծում եմ, որ սույն հրապարակումը մի սովորական կանգառ է Համլետ Թամազյանի լուսավոր ճանապարհին, եւ այն ուզում եմ ավարտել հազարավորներից մեկի՝ Կարեն Սոկոլյանի խոսքով. «Բազում ցավեր բուժող ձեռքը դարձավ հող, իսկ լռությամբ կրած խաչը՝ հուշարձան»:
Պարբերաբար հիշում եմ տարիներ առաջ Օձունում Համլետ Թամազյանի հուշարձանի բացմանը հնչած ջերմ խոսքերը, գնահատականներն ու անսահման երախտիքը: 11 տարուց ավելի բժշկական նշտարը կարոտ է բժիշկ Թամազյանի հրաշագործ ձեռքերի մոգական ուժին: Մոռացվող մասունքներ ու թառամող ճյուղեր նրա դափնեպսակին չեն եղել ու չեն էլ լինելու, քանզի նվիրյալ լոռեցի բժիշկ-փրկիչի դափնեպսակը ժամանակի հետ ավելի է գունազարդվում: Սփսոս, որ ժամանակները հոբելյանական չեն: Շնորհավոր հոբելյանդ, բժիշկ, մենք քեզ բացակա չենք դնում: Ապրողները տոնել ու շարունակելու են տոնել Ձեր ծննդյան օրերը՝ Ձեզ հետ եւ առանց Ձեզ:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ