Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Կրկին գերված Քարվաճառի շրջանը Մեծ Հայքի կարեւոր երկրամասերից է, առանց որի շատ են թուլանում մեր երկրի՝ Արցախի, Գեղարքունիքի, Վայոց ձորի սահմանները։ Մի քանի հազարամյակ շարունակ այստեղ հայն է բնակվել ու արարել։
Տարածքի անվան հետ կապված կան տարբեր՝ գիտական ու ժողովրդական ստուգաբանումներ։ Այն, որ տարածքը հարուստ է բարձրորակ բազալտի հանքերով, գաղտնիք չէ, եւ հնարավոր է, ինչպես սերնդեսերունդ ժողովուրդը փոխանցել է, Քարվաճառ-Քարավաճառ անունը կապված է քար վաճառելու հետ։ Սակայն շատ գիտնականներ գտնում են, որ «քար» եզրույթը նշանակում է ամրոց։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են բազմաթիվ բերդեր, որոնց անվան մասն է «քար» բառը, ինչը բոլոր այդ դեպքերում փոխարինում է եւ համարժեք է «բերդ» բառին, այսինքն` տեղանունների կիրառման մեջ «քար» կամ «բերդ» (ամրոց) բառերը նույնիմաստ են։ Օրինակ՝ Վասպուրականի Քարհերձը (բերդ Զակամում), Քար Ամյուկը («Քար Ամկոյ») եւ Քար Մանակերտը, Կիլիկիայի բերդեր Քարն Սարվանդին եւ Դեղնքարը։ Ուստի «Քարվաճառ» տեղանվան ծագումը պայմանավորված է նրա բերդ լինելու հանգամանքով։ Մինչ 2019 թ. հուլիսի կեսերը, երբ հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ եղանք Արցախի հյուսիսարեւմտյան տարածքում՝ Քարվաճառ-Նոր Շահումյանի շրջանում, Քարվաճառ քաղաքի մոտակա հնավայրի մասին տեղեկություն չկար։ Այդ ժամանակ եղանք տարածքի մի քանի պատմական հուշարձաններում, որոնք արդեն հայտնի են, որոնցից են Հանդաբերդը, Դադիվանքը, Ծարը, Կուսանաց անապատը եւ այլն։ Այդ ընթացքում պատահաբար գտանք անտիկ եւ վաղ միջնադարին պատկանող ամրոցի հետքեր՝ Քարվաճառ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս (Գ. Սարգսյանի առաջարկով եղանք ամրոցի տարածքում):
Թարթառ-Տրտու գետի արեւմտյան կողմում, ձախ ափին է Քարվաճառ քաղաքը՝ թառած բնական կտրվածքով, ժայռեղեն լանջեր ու հարթ մակերեւույթ ունեցող բլրի վրա: Նույնատիպ 2 բլուր կա Քարվաճառի հյուսիսային կողմում, որոնցից մեկը քաղաքի հարեւանությամբ է: Խորհրդային տարիներին բազում շինություններ են եղել սրա վրա, եւ տարածքն ամբողջությամբ աղճատված է: Երրորդը 3 կողմից դարձյալ ժայռապատ լանջերով է: Հարավային կողմում արհեստական խանդակով բաժանված է երկրորդ բլրից, իսկ հյուսիսում վերջանում է ոչ մեծ աստիճանի թեքությամբ հրվանդանով եւ հասնում Տրտուի ու նրա փոքր Քարվաճառ վտակի միացման տեղ: Այս հատվածում պահպանվել են 2 աշտարակի հետքեր, որոնք միմյանց են կապվել պարսպապատով: Բնական նման պայմաններ ունեցող բլուրները հնում օգտագործվել են որպես ամրացված բնակավայրեր ու ամրոցներ: Ամրոցը զբաղեցնում է հարավ-արեւմուտքից հյուսիս-արեւելք ձգվող հրվանդանի ծայրամասի եռանկյունաձեւ, նեղ ու երկար հարթ մակերեսը: Հրվանդանի ամրոցանիստ հատվածը անջատված է Քարվաճառի քաղաքանիստ մասից ձեռակերտ փորված լայն խանդակով: Ամրոցանիստ հատվածի երկարությունը 270 մ է, ամենամեծ լայնությունը՝ 60 մ, բարձրությունը` Թարթառի մակարդակից մոտ 80 մ: Ամրոցի հարավով անցնում է Դրմբոն-Ջերմաջուր ավտոմայրուղին, հյուսիսից՝ նույն մայրուղուց Քարվաճառ քաղաք մտնող ավտոճանապարհը:
Առավել նշմարելի են երբեմնի հզոր բուրգերի ու աշտարակների հիմքերը՝ կորաձեւ ու քառանկյուն: Զգացվում է, որ մեծ վարպետությամբ ու ամրությամբ են կառուցված եղել պարիսպներն ու նրանց միջեւ եղած բուրգ-աշտարակները: Անօդաչու թռչող սարքով՝ դրոնով կատարած նկարահանումներն ավելի շատ տեղեկություն տվեցին ամրոցի մասին: Այն գտնվում է N. 40 07 34,3 եւ E. 46 03 34,9 կոորդինատներում, 1460 մ ծ.մ.բ.: Բաժանված է եղել 2 հիմնական մասերի: Միջին մասում ակնհայտ է հզոր պարսպի հետքը: Ցավոք, նույն պարսպի վրա թուրքերը խորհրդային շրջանում իրենց ճաշակով այլ պատեր են շարել՝ օգտագործելով պարիսպների ու շինությունների քարերը: Հնագետ Գագիկ Սարգսյանն ասաց, որ ամրոցի մասին որեւէ տեղեկություն չկա հայոց պատմագրության մեջ, տեղը գտել է համակարգչային «Google» ծրագրով: Արեւմտյան կողմում լանջը թեեւ ժայռապատ է, սակայն ունի թույլ տեղեր, որոնց վերին մասերում պարիսպներ են եղել: Նույն լանջում եղել է նաեւ գաղտնուղի, որն իջել է Տրտուի վտակի վրա: Ամրոցի հիմնական պարիսպը դրված է միջին չափի ճեղքած, անմշակ քարերից չոր շարվածքով, լայնությամբ երկշերտ եւ պահպանվել է մեկ-երկու քարի բարձրությամբ: Ամենամատչելի հարավարեւմտյան կողմից ամրոցը, բացի խանդակից, պաշտպանված է նաեւ երկու, միմյանց զուգահեռ գնացող հզոր պարիսպներով: Այս երկու, հիմնական պարիսպները շարված են զգալիորեն ավելի մեծ քարերից, նույն՝ կիկլոպյան շարվածքով: Նրանք, ամենայն հավանականությամբ, եղել են ավելի բարձր, քանի որ փլատակները ուրվագծվում են որպես երկու երկարաձիգ, ձորից ձոր գնացող, զուգահեռ քարահողային թմբեր:
Ըստ պատմական աղբյուրների՝ Քարվաճառի շրջանը՝ ներկայիս Նոր Շահումյանը, Ք. ա. առաջին հազարամյակում եղել է Վանի թագավորության կազմում՝ լինելով խիտ բնակեցված եւ միատարր: 5-7-րդ դարերում Քարվաճառի տարածքը Աղվանից մարզպանության կազմում էր: Ըստ «Աշխարհացոյցի»՝ 7-րդ դարում Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր՝ Վայկունիք, հետագայում նաեւ Ծար անունով, որի բնակավայրերից էր Քարվաճառը: Անունն առաջացել է օտարների կողմից Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։ Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Լ. Խաչիկյանի կազմած «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքի Ա հատորում (Երեւան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 24) 15-րդ դարի գրիչ Թումա Սյունեցու հիշատակարանում կա հետեւյալ գրությունը. «…եւ յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գեւղս Քարավաճառ…»: Ամեն դեպքում նորահայտ ամրոցատեղին խոսում է այն մասին, որ 2000 եւ ավելի տարի առաջ հայ իշխանները ներկայիս Քարվաճառ բնակավայրի եւ դրա մոտակա բլուրների վրա, որոնք բնական ամրություններ են` 3 կողմից պատված խոր ձորերով ու գետերով, ամրոց-բնակավայրեր են հիմնել: Հազարամյակների ընթացքում բազում ասպատակողներ են եկել-անցել Հայոց աշխարհով, ամայացել են բազում բնակավայրեր ու ամրոցներ: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Քարվաճառի ամրոցը, որից պահպանված հիմքերն էլ բավարար են՝ կարծիք կազմելու երբեմնի հզոր ու շեն ամրոց-քաղաքի մասին:
Նմանատիպ ամրոցների հետքեր կան նաեւ Քարվաճառից մոտ 10 կմ հարավ ընկած Ծար գյուղում եւ հարեւանությամբ: Ամրոցի վերին հատվածում կատարելով ուսումնասիրություններ` իջանք բլրի հարավարեւմտյան կողմով, որն ունի բավականին թեքություն, բայց ժայռապատ չէ: Այս մասում բնական ոչ շատ մեծ քարերի վրա միջին մեծությամբ ու անմշակ քարերով տասնյակից ավելի կույտեր կան: Թե ով եւ ինչի համար է դրանք կառուցել, պարզ չէ: Մեկ-երկուսը շարված են կլոր հիմքով եւ վարպետորեն: Հնարավոր է՝ դամբարաններ են. ամրոցի մոտակայքում կան ավերված հնադարյան դամբարաններ: Լանջի ներքեւում՝ ճանապարհի եզրին մոտ, մինչեւ ժայռապատ մասը պատի հիմքեր կան՝ ձգվելով մի քանի տասնյակ մետր երկարությամբ: Ամրոցի առաջին շերտի պարսպապատի հիմքերն են: Ամեն դեպքում՝ նորահայտ պատմական հուշարձանի մասին գիտական պատկերացում կազմելու համար պետք է տարածքում պեղումներ կատարվեին, եւ կգտնվեին ժամանակի մասին պատմող նյութեր: Սակայն եղավ պատերազմ…։ Նույն պատերազմի ընթացքում հայ զինվորը հերոսաբար պաշտպանեց Քարվաճառի ամբողջ շրջանը, եւ թշնամին անկարող եղավ մտնելու հայոց արծվաբույնը։ Թշնամին ի զորու չէր նաեւ գրավելու Քաշաթաղի շրջանը՝ բուն Աղահեճք գավառը։ Այնուամենայնիվ, թշնամուն հանձնեցինք պատմական Սյունիքի ու Արցախի այս հատվածները՝ Քաշաթաղն ու Քարվաճառը…