Հաղթանակները երբեք չեն կորսվում, դրանք ձեռք են բերվում անգնահատելի կորուստների, զրկանքների գնով եւ ժողովուրդների պատմության մեջ մնում են հավերժ: Մայիսի 9-ն ընդմիշտ հայ ժողովրդի պայքարող ոգու, միասնականության եւ հզորության խորհրդանիշն է լինելու: Այն վերջին հազարամյակի մեր փայլուն հաղթանակներից է եւ ոսկե տառերով էլ կմնա Հայոց նորագույն պատմության էջերում:
Շուշին լոկ քաղաք կամ հողակտոր չէ, որն ազատագրում կամ ժամանակավորապես կորցնում ենք, այն մի ողջ ժողովրդի եւ նրա պետականության վերածննդի խորհրդանիշ է: Վերագտածն այլեւս ազգային արժեք է եւ չի կարող կորսվել: Պատմության տարբեր փուլերում ժողովուրդների առաջընթացում մակընթացություններ եւ տեղատվություններ են լինում, բայց նրա շարժման հաղթական ալիքը միշտ էլ խփելու է շրջապատող ապառաժներին՝ կերտելով իր հարատեւության քանդակը:
Անկախ այն բանից, թե Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն ինչ տեսք կստանա պատմության տարբեր փուլերում, այն միշտ լինելու է հայինը եւ հավերժ վկայելու է Շուշիի ու Արցախի հայկականությունը: Շուշիի կենտրոնում այն իմաստավորվել է 1920 թ. 20 հազար նահատակներով, առաջին արցախյան ազատամարտի 6 հազար զոհերով, ապրիլյանի հերոսներով: Սուրբ Ամենափրկչի խորհուրդը նորովի իմաստավորեցին 44-օրյա պատերազմի զոհ 4000-ից ավելի լուսավոր տղերքը:
Մայիսի 9-ը նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի խորհրդանիշն է: Հայորդիների հերոսական կռվի շնորհիվ էր նաեւ, որ Ստալինգրադի մատույցներում կանգնեցվեց ֆաշիստական Գերմանիայի առաջխաղացումը, որով կանխվեց թուրքական 5 տասնյակ դիվիզիաների ներխուժումը Հայաստան եւ հերթական ցեղասպանությունը:
Ինչպես 1941-45 թթ., այնպես էլ հետխորհրդային 30 տարիների ընթացքում հայ ժողովուրդը պայքարել է ֆաշիզմի դեմ եւ իր բնօրրանում խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին Հայաստանից պատերազմ մեկնած 150 հազար հայորդիներ (այն ժամանակ 1.3 մլն բնակչություն ունեցող մեր երկրի 11.36 տոկոսը): Համեմատության համար նշենք, որ ընդհանուր բնակչության համադրությամբ երկրորդ ամենաշատ զոհ տված երկիրը Բելառուսն էր, որի զոհված զինծառայողներն այդ հանրապետության բնակչության 6.8 տոկոսն էին կազմում: 150 հազար նահատակվածների մեջ չեն Արցախից, Վրաստանից, խորհրդային մյուս հանրապետություններից ու աշխարհի մյուս երկրներից ռազմաճակատ մեկնած եւ նացիզմի դեմ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիները: Միայն ԱՄՆ բանակի շարքերում պատերազմին մասնակցել է 18.5 հազար հայ: Տարբեր հաշվարկներով՝ հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցել է ավելի քան 250 հազար զոհ։
Ֆաշիզմի դեմ պայքարում 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը դարձել են կրկնակի հերոսներ։ Պատերազմի ժամանակ ունեցել ենք 63 հայ գեներալ: Հայազգի զորահրամանատարներից չորսը՝ Հովհաննես Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Համազասպ Բաբաջանյանը եւ ծովակալ Հովհաննես Իսակովը (Իսահակյան) արժանացել են ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչման։
Մայիսի 9-ը հայ եւ բարեկամ ժողովուրդների համատեղ մայիսյան հաղթանակների ամբողջության անքակտելի մասն է: Այն այդ հաղթանակները կերտած հերոսների ոգեկոչման օրն է: Ամեն գարնան զարթոնքի հետ Մայիսի 9-ը խորհրդանշել ու խորհրդանշում է հայի՝ մեր պետականության համար անդադար պայքարն ու դեպի հավերժություն անխափան ընթացքը: