Մայիսը հաղթանակների ամիս է, հաղթանակ, որ տարբեր կերպ է գալիս ու երբեմն չի գիտակցվում ողջ խորությամբ ու կարեւորությամբ, հատկապես, երբ անցյալում է, եւ ոմանք էլ ի զորու չեն վերապրել անցյալի սարսափները, քանզի չեն տեսել ու անմիջականորեն հաղորդ չեն եղել, ու եթե Անդրանիկ Օզանյանի անունը համաժողովրդական պարծանքի առարկա է, ու շատերի համար նա պարզապես Անդրանիկ է կամ զորավար Անդրանիկ՝ հաղթանակի խորհրդանիշ, ապա մեր մյուս Անդրանիկների անունները հիշելի են ազգանուններով՝ Անդրանիկ Ղազարյան, Անդրանիկ Մանուկյան, ովքեր՝ ծնվելով մայիսին, նաեւ մայիսյան հաղթանակներ են պարգեւել ժողովուրդներին, ու եթե Անդրանիկ Օզանյանի անունը փառքով պսակվեց Առաջին համաշխարհայինի ժամանակ, ապա մեր մյուս Անդրանիկները Երկրորդ համաշխարհայինին կնքեցին ֆաշիզմի մահկանացուն…
Խորհրդային Միության հերոս, Բելառուսական 1-ին ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային բանակի 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսի 1-ին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ, մի շարք մեդալների ու շքանշանների ասպետ (Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի երկու շքանշան, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, Կարմիր աստղի շքանշան, այլ մեդալներ) Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1916 թ. մայիսի 10-ին՝ Հայաստանի Սյունիքի մարզի Բնունիք գյուղում։ Ստացել է մանկավարժական կրթություն, աշխատել մանկավարժ՝ մինչեւ 1940 թ. Կարմիր բանակ զորակոչվելը, որտեղ էլ դրսեւորվել է նրա ռազմական տաղանդը՝ ապշեցնելով ու հիացնելով զինակիցներին թե՛ խիզախությամբ, թե՛ հնարամտությամբ, ինչը ոչ այնքան սովորելու, որքան գենետիկ ժառանգության արդյունք էր. պատմության տարբեր հատվածներում մշտապես փոքրաքանակ ուժերով թշնամու վայրագ արշավանքների դեմ տունն ու հայրենիքը պաշտպանած մեր ժողովուրդը առավել մտքի, քան ֆիզիկական ուժով է հաղթանակներ կերտել, այնպես որ, թեեւ դա քչերի շնորհ՝ մեզ համար օրինաչափություն է…
Անդրանիկ Մանուկյանը՝ որպես հետախույզների ու ավտոմատավորների հրամանատար, մասնակցել է Սեւաստոպոլի պաշտպանությանը, Ստալինգրադի, Կուրսկի, Մամաեւ կուրգանի արյունահեղ ու դաժան մարտերին, Դնեպրի, Դնեստրի, Օդերի մարտական գետանցմանը, Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը եւ ամեն անգամ աչքի ընկել խիզախության նորանոր օրինակներով՝ վաստակելով հերթական շքանշանն ու մեդալը, կոչումը, ինչպես որ լեհական Յարոսլավ քաղաքի ազատագրման ժամանակ նրա հետախույզները իրենց վրա վերցրին թշնամու 24 տանկերի հարվածը՝ բրիգադի հիմնական ուժերին հնարավորություն տալով մտնել քաղաք։ Հետախուզության տանկային գնդի շտաբի պետի օգնական, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մանուկյանի հետախույզները 1944 թ. հուլիսին հաջողությամբ թափանցում են թշնամու թիկունք, գրոհում շտաբները, նվաճում Բուգ, Սան, Վիսլա գետերի ամրությունները՝ ապահովելով տանկիստ-գվարդիականների հաջողությունը, իսկ 1945 թ. հունվարի 15-ին՝ իր հետախույզներով թափանցելով լեհական Ցեցիլյուվկա բնակավայր, չեզոքացնում է տասը ֆաշիստի ու գերեվարում թշնամու 19-րդ տանկային դիվիզիայի 73-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարին, ում հայտնած կարեւոր տեղեկությունները իրենց դիրքային դասավորության մասին ապահովում են ծրագրված օպերացիայի հաջողությունը, հունվարի 18-ին էլ գերի է վերցնում Պոդդեմբիցա կայարանի երկաթգծի պետին, ով նույնպես կարեւոր տեղեկություններ է հաղորդում զինվորներով ժամանող էշելոնի մասին։ Մանուկյանն իրար ետեւից գրավում է քաղաքներ ու ամրություններ, ոչնչացնում թշնամու դիրքերը, գերեվարում կարեւոր տեղեկությունների տիրապետող անձանց ու սպաների, կարճ ասած՝ «լեզու բերում» ու քարտեզ, ճանապարհ բացում հիմնական ուժերի մոտենալու համար, ապահովում հաղթական ելքը։
Հետաքրքիրը, իհարկե, ոչ թե թվարկումն է Մանուկյանի սխրանքների, այլ թե ինչպես, ինչ հանդգնությամբ ու ինչ բեմադրությամբ է դրանք իրականացրել եւ ինչպես է հաջողացրել նվազագույն զոհեր տալ չափազանց վտանգավոր օպերացիաներ իրականացնելիս, վիրավորվել ու պառկել հոսպիտալում, բայց ոտքի կանգնելուց անմիջապես հետո նետվել մարտի։ Ինքը հազվադեպ է խոսել իրենից ու պատերազմից, սակայն նրա սխրանքների մասին՝ որպես լեգենդի, սիրել են զինակիցները պատմել, գրել հուշեր… Ինչ էլ լինի, մարդու որակներն ու համեստությունը չես խլի նրանից. ինչպես որդին՝ ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ Արմեն Մանուկյանն է պատմում, հայրը երբեք չհրաժարվեց զինվորական համազգեստից ու «Հերոսի աստղ» կրծքանշանից, անգամ, երբ խաղաղ, աշխատանքային օրերում դպրոցում պատմություն ու ռազմագիտություն էր դասավանդում։ «Քաղաքացիական հագուստով միանգամից, կարծես, ծերանում եմ։ Զինվորական համազգեստն ինձ զգաստացնում է, ջահելացնում»,- ասում էր մշտապես մարտական պատրաստվածության մեջ գտնվող հայրենիքի զինվորը։ Թեեւ ուշ, բայց որդին էլ հասկացել էր, թե ինչ է դա նշանակում եւ հոր մասին ասել. «Նա ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղ օրերի հերոս էր, որ, թերեւս, շատ ավելի դժվար է»։ Իսկ հերոսությունը ծնվում է սիրուց եւ ոչ ատելությունից, եւ Անդրանիկ Մանուկյանը հաճույքով է հիշում տանկիստի ու բելառուս աղջկա սիրո պատմությունը, որ, արհամարհելով պատերազմի արհավիրքներն ու դաժան փորձությունները, պահպանեցին միմյանց համար ու հաղթանակից հետո հասցրին խաղաղ հանգրվան, պատերազմ, որ թանկ նստեց ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վրա՝ խաթարելով ամենայնի հոգեկան աշխարհը, պատկեր, որ կնքվեց հազար ու մի մահ տեսած հերոս զինվորի հիշողության էջերին, որի մասին նույնպես պատմում է որդուն. «Երբ մեր տանկերը օդից ու ցամաքից ռմբակոծված Բեռլին մտան, ինչ տեսնեմ. քաղաքի փողոցները լցված են վայրի գազաններով՝ էլ վագր ու առյուծ, էլ աղվես ու գայլ… Խեղճերը տանկերի հռնդյունից ու թնդանոթների որոտից խուճապահար դեսուդեն էին փախչում… Դիվոտել էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում։ Ես շատ խղճացի այդ կենդանիներին, շա՜տ…»: Եզրակացությունը անմխիթար էր. «Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»:
Եվ, իսկապես, մի՞թե ավելի գազանություն չկա, երբ խաղաղ կյանք պարգեւած հերոսների կիսանդրիները գողանում են շիրիմներից ու հետո դրանք հայտնաբերվում են աղբանոցում, որպիսի բախտի արժանացան ԽՍՀՄ հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանի ու Անդրանիկ Մանուկյանի բրոնզե կիսանդրիները, ավելի գազանություն չկա, երբ ինչ-որ մարդիկ պղծում են ազգային գործիչների հիշատակը, հիշատակ, որ գոյություն ունի ու կունենա՝ անկախ ոմանց վերաբերմունքից ու քմահաճույքից…