Մաթեմատիկա՝ գիտություն կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին։ Պատմականորեն ձեւավորվել եւ զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու եւ դրանց ձեւերը նկարագրելու գործողությունների հիման վրա։
Մաթեմատիկական օբյեկտներն ստեղծվում են իրական կամ այլ մաթեմատիկական օբյեկտների հատկություններն իդեալականացնելու եւ հատուկ լեզվով դրանք գրառելու ճանապարհով։ Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդ կերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։
Արիստոտելը մաթեմատիկան սահմանում էր որպես «քանակի գիտություն», եւ այս սահմանումը գերակշռում էր մինչ 18-րդ դարը։ 19-րդ դարից սկսած, երբ մաթեմատիկայի ուսումնասիրությունը խիստ աճեց եւ սկսեց վերաբերել այնպիսի աբստրակտ թեմաների, ինչպես խմբերի տեսությունը եւ պրոյեկտիվ երկրաչափությունն են, որոնք քանակի եւ չափման հետ հստակ առնչություն չունեն, մաթեմատիկոսներն ու փիլիսոփաները սկսեցին բազում նոր սահմանումներ առաջարկել։ Այս սահմանումներից որոշներն ընդգծում են մաթեմատիկայի դեդուկտիվ բնույթը, որոշները՝ վերացականությունը, որոշներն էլ՝ մաթեմատիկայի կոնկրետ թեմաներ։