Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում

Մերձավոր Արեւելքը հեռանում է ԱՄՆ-ից

Մայիսի 20, 2022
Միջազգային
Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
382
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ամերիկամետ» համարվող Մերձավոր Արեւելքում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության «անսպասելի» արդյունքներն այժմ վկայում են, որ ԱՄՆ-ը կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին «Yahoo.co.jp»-ում գրել է ճապոնացի հայտնի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի մասնագետ Յասունորի Կավակամին, ով աշխատել է Կահիրեում, Երուսաղեմում, Բաղդադում, լուսաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Իրաքի պատերազմի, «Արաբական գարնան» իրադարձությունները: Մի շարք գրքերի հեղինակ է՝ «Մերձավոր Արեւելքը եւ համաշխարհային քաղաքականությունը», «Եգիպտական հեղափոխությունը», «Մերձավորարեւելյան իսլամ» եւ այլն:

Ապրիլի վերջին Մերձավոր Արեւելքում հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ամերիկյան «ուղեղի կենտրոնը»՝ մերձավորարեւելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտը: Այն հայտնի վերլուծական կենտրոն է, որը Վաշինգտոնում է եւ զբաղվում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով:

Ուսումնասիրությունն ապշեցուցիչ արդյունքներ է տվել, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ավանդական հայացքներին: Այն միանգամայն որոշակիորեն ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական երկրներում, անշեղորեն նվազում է, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես անշեղորեն մեծացնում են իրենց ներկայությունն այնտեղ։

Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական հատուկ գործողության համար։ ԱՄՆ-ը եւ Եվրոպան ամրապնդում են իրենց համերաշխությունն այս առումով, սակայն Մերձավոր Արեւելքում շատ երկրներ չեն հետեւում Ռուսաստանին «զսպելու» եւ նույնիսկ նրան մեկուսացնելու՝ ԱՄՆ-ի ծրագրերին։

Հարցումը նշված ինստիտուտի կողմից անցկացվել է Մերձավոր Արեւելքի ութ երկրներում՝ արդեն 10-րդ անգամ։ Առաջին անգամ նման հարցում անցկացվել է 2014 թ.: 2022 թ. նրա օբյեկտներն ամենեւին էլ ինչ-որ մարգինալ արաբական ուժեր չէին, այլ, ընդհակառակը, երկրներ, որոնք վերջերս սերտ կապեր էին ցուցադրում ԱՄՆ-ի հետ։ Դրանք են Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Քուվեյթը, Եգիպտոսը, Հորդանանը եւ Լիբանանը։ Հարցումն անցկացվել է մարտին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Նախորդ նման ուսումնասիրությունն իրականացվել է 2021 թ. նոյեմբերին։ Ուստի դրա արդյունքում կարելի է տեսնել Մերձավոր Արեւելքում հասարակական տրամադրությունների փոփոխությունների դինամիկան մինչեւ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը եւ դրանից հետո։ Նման հետազոտության վիճակագրական սխալը մոտավորապես 3 տոկոս է:

«Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում» հարցին «շատ բացասական» կամ «ավելի շուտ բացասական» պատասխան է տվել հարցվածների 76 տոկոսը՝ Սաուդյան Արաբիայում, 77-ը՝ ԱՄԷ-ում, 79-ը՝ Բահրեյնում, 76-ը՝ Քուվեյթում եւ այլն։ Ամեն դեպքում՝ բոլոր 8 երկրներում մեծամասնությունը (միջինը՝ մոտ 70 տոկոս) դրական չի վերաբերվում ռուսական հատուկ գործողությանը։

Դրան, սակայն, հաջորդում են այս համատեքստում բավական անսպասելի արդյունքներ: «Ձեր անձնական կարծիքով՝ որքանո՞վ է կարեւոր ձեր երկրի կողմից Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը» հարցին «շատ կարեւոր է» կամ «ավելի շուտ կարեւոր է» պատասխաններ Սաուդյան Արաբիայում տվել է հարցվածների 49 (անցած տարվա նոյեմբերին՝ 45), ԱՄԷ-ում՝ 53 (49), Բահրեյնում՝ 50 տոկոսը (46): Ստացվում է, որ, չնայած Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությանը, մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանի հետ Մերձավոր Արեւելքի երկրների հարաբերությունները կարեւոր են համարում, չի կրճատվում, այլ աճում է:

Մինչեւ հիմա կարծիք կար, որ Պարսից ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը եւ Բահրեյնը, ամերիկամետ են: Բայց առավել ցնցող է հենց այդ երկրների քաղաքացիների արձագանքը «Մեր երկիրը չի կարող հույսը դնել միայն ԱՄՆ-ի վրա. Ռուսաստանին ու Չինաստանին պետք է համարել ավելի արժեքավոր գործընկերներ, քան նախկինում» թեզին: Այս թեզին Սաուդյան Արաբիայում «լիովին համաձայն» կամ «ավելի շուտ համաձայն» է հարցվածների 55 (անցած տարվա նոյեմբերին՝ 49), ԱՄԷ-ում՝ 57 (51), Բահրեյնում՝ 59 տոկոսը (54): Այսինքն՝ այս երկրներից յուրաքանչյուրում հարցվածների ավելի քան 50 տոկոսն ասել է, որ իրենց կառավարությունները պետք է ազատվեն ԱՄՆ-ից կախվածությունից, եւ այդ մոտեցումն անցած տարվա նոյեմբերի համեմատությամբ աճել է ավելի քան 5 տոկոսով:

«Ո՞ր երկիրը ձեզ կպաշտպանի արտաքին թշնամիներից» հարցին տրված պատասխանները նույնպես բավական հետաքրքիր են: Սաուդյան Արաբիայում 45 տոկոսն արտահայտվել է ԱՄՆ-ի, 34-ը՝ ՌԴ-ի, ԱՄԷ-ում 44-ը՝ ԱՄՆ-ի, 33-ը՝ ՌԴ-ի, Բահրեյնում 42-ը՝ ԱՄՆ-ի, 37-ը՝ ՌԴ-ի, Քուվեյթում 41-ը՝ ԱՄՆ-ի, 32-ը՝ ՌԴ-ի օգտին: Այսինքն՝ միջինը ԱՄՆ-ի օգտին արտահայտվում է հարցման ենթարկվածների 40, իսկ Ռուսաստանի օգտին՝ 30 տոկոսը:

Պարսից ծոցում 1990-1991 թթ. ճգնաժամից ու պատերազմից հետո որոշ երկրներում ամերիկյան զորքեր են տեղակայվել։ «Reuters» գործակալության տվյալներով՝ 2020 թ. նրանց թիվը Բահրեյնում եղել է 5000, Քաթարում՝ 10000, Սաուդյան Արաբիայում՝ 2500, Քուվեյթում՝ 14500 եւ ԱՄԷ-ում՝ 5500։ Հաշվի առնելով Պարսից ծոցում ԱՄՆ-ի քաղաքական եւ ռազմական ներկայությունը, որը շարունակվում է 1990-ականներից, այն փաստը, որ Ամերիկայից այդ պետություններին աջակցության ակնկալիքները «սառել» են 40 տոկոսի սահմաններում, իսկ Ռուսաստանից սպասումներն սկսում են գերազանցել 30 տոկոսը, չի կարող չզարմացնել:

«Ո՞ր երկիրն ամենամեծ ազդեցությունը կունենա Մերձավոր Արեւելքում առաջիկա 10 տարում» հարցին տրված պատասխանները հետեւյալ կերպ են բաշխվել.

Սաուդյան Արաբիա-ԱՄՆ՝ 35 տոկոս, ՌԴ՝ 35 տոկոս, Չինաստան՝ 25 տոկոս:

ԱՄԷ-ԱՄՆ՝ 36 տոկոս, ՌԴ՝ 32 տոկոս, Չինաստան՝ 23 տոկոս:

Բահրեյն-ԱՄՆ՝ 35 տոկոս, ՌԴ՝ 36 տոկոս, Չինաստան՝ 23 տոկոս:

Քուվեյթ-ԱՄՆ՝ 37 տոկոս, ՌԴ՝ 33 տոկոս, Չինաստան՝ 25 տոկոս:

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն ամենուր մրցակցում են 30 տոկոսի միջակայքում: Իսկ որոշ երկրներում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, նրանք ունեն նույն ցուցանիշները: Կան նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսին Բահրեյնն է, որտեղ Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին: Կարելի է եզրակացնել, որ Պարսից ծոցի երկրների բնակչության քաղաքական գիտակցության մեջ բավական լայնորեն է տարածված «ԱՄՆ-ից հեռանալու» երեւույթը:

«Որքանո՞վ են կարեւոր, ըստ Ձեզ, ձեր երկրի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ». «շատ կարեւոր» կամ «ավելի շուտ կարեւոր» պատասխանն ընտրել է Սաուդյան Արաբիայում հարցվածների 41, ԱՄԷ-ում՝ 51, Բահրեյնում՝ 42, Քուվեյթում՝ 43 տոկոսը։ Համեմատած այն փաստի հետ, որ այս երկրներում հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարեւոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի համար մոտ 40 տոկոս ցուցանիշը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ապագա դերի վերաբերյալ ակնկալիքների ցածր գնահատական է։

Երբ փետրվարի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ ընդունեց, 11 պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պաշտպանեցին այն, բայց ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ԱՄԷ-ն Չինաստանի ու Հնդկաստանի հետ ձեռնպահ քվեարկեց, իսկ բանաձեւն էլ մերժվեց Ռուսաստանի վետոյի պատճառով: Միջազգային հանրությանը զարմացրել է այն, որ ԱՄԷ-ն որոշել է չհետեւել ԱՄՆ-ի քաղաքականությանը, ինչն անսովոր էր: ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունն այն ժամանակ հայտարարություն տարածեց, որում հատուկ շեշտվեց «դիվանագիտության ու երկխոսության» անհրաժեշտությունը: Սակայն Կատարում տեղակայված արաբական «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «ԱՄԷ-ն այլեւս ԱՄՆ-ի կողմում չէ եւ չի դիմակայում Ռուսաստանին, ինչն արտացոլում է աշխարհում ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխությունը»:

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հանդես են գալիս այն բանի օգտին, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) պետք է «զերծ մնա քաղաքականությունից»: Նրանք չեն արձագանքում հում նավթի արդյունահանումն ավելացնելու ԱՄՆ-ի կոչերին՝ պատճառաբանելով, որ կապված են ՕՊԵԿ+-ի շրջանակներում պարտավորություններով։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցման գործընթացը հակառակ էր Արեւմուտքի սպասումներին. Մերձավոր Արեւելքի երկրների մեծ մասը ձեռնպահ մնաց քվեարկությունից, իսկ 24 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, դեմ էին դրան: Մերձավոր Արեւելքում բանաձեւին համաձայնել են միայն 3 երկրներ՝ Իսրայելը, Թուրքիան եւ Լիբիան։ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Սիրիան, Իրանը եւ Ալժիրը դեմ են քվեարկել։ Պարսից ծոցի 6 երկրներ (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ, Օման, Կատար), իսկ ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արեւելքի 12 երկրներ (Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Թունիս, Սուդան եւ Եմեն) ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Այսպիսով՝ Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու Արեւմուտքի պլաններն աջակցություն չեն ստացել Մերձավոր Արեւելքում։

Հարցումները ցույց են տալիս, որ Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Պարսից ծոցում, այդ թվում՝ նաեւ Ուկրաինայում, ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո, ԱՄՆ ազդեցության աստիճանական անկումը պարզապես Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի քաղաքական առաջնորդների մոտեցումների փոփոխություն չէ: Այս միտումն արտացոլում է մերձավորարեւելյան հասարակական կարծիքի փոփոխության դինամիկան եւ ամենալուրջ բացասական հետեւանքները կունենա ԱՄՆ-ի համար։

Թեգեր: ԱՄՆզենքՄերձավոր ԱրեւելքնավթՕՊԵԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար

Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist