Մայիսյան մի գեղեցիկ օր Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում գրքի գինեձոն էր՝ հենց գյուղի անունը կրող գրքի շնորհանդեսը: Գյուղի անձնագրի, նրա գոյության ու սեփականության վկայականի ազդեցություն ունեցող այդ աշխատության հեղինակը պատմաբան Արմեն Ասատրյանն է: Գյուղին առնչվող արխիվային նյութերը նա հավաքագրել, խմբավորել և, ի վերջո, ստվարածավալ գիրք է արարել, որը կյանքի է կոչվել ծնունդով գառնահովիտցի Համլետ Թադևոսյանի ներդրած միջոցների շնորհիվ: Հայրենի գյուղի մասին գրքի հովանավորը միանգամայն ներկայանալի էլ գիրքը մատուցեց իր համագյուղացիներին ու բոլոր հետաքրքրվողներին՝ որպես նվեր, իսկ գառնահովիտցի ծնողաց՝ որպես հիշատակի հավերժացման կոթող ու սիրո հուշարձան:
Գյուղի դպրոցի նախասրահում, որտեղ մարդիկ հավաքվել էին նշելու գրքի ծնունդը, մանկավարժներն ու սաները, տնօրեն Սրապ Գրիգորյանի գլխավորությամբ, աղուհացով դիմավորեցին գրքի հեղինակին ու հովանավորին, ինչպես նաեւ ծնունդով գառնահովիտցի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ¥այժմ՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարան¤ նախկին ռեկտոր ¥1987-2006 թթ.¤, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վիլեն Հակոբյանին: Միջոցառմանը հրավիրված էին մարզի թերթերի խմբագիրներ Վարդեւան Գրիգորյանը եւ Համլետ Խաչատրյանը, բազմաթիվ հյուրեր:
Շնորհանդեսը վարեց և գիրքն ու գրքի հեղինակին հանգամանորեն ներկայացրեց տպագրության հովանավորը՝ գործարար Համլետ Թադևոսյանը, ով կարևորեց գրքի առանձնահատկությունն ու առավելությունը ուրիշ գյուղերի մասին գրքերից նրանով, որ «Գառնահովիտը» ստեղծվել է բացառապես արխիվային նյութերի հիման վրա: Վիլեն Հակոբյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ գրքի ծնունդը գյուղի համար նշանակալից տոն է: Նա Համլետ Թադևոսյանին շնորհակալություն հայտնեց և՛ գրքի, և՛ եկեղեցու հարցում կատարած բարերարության, իսկ Արմեն Ասատրյանին՝ պատմաբանի գիտական աշխատության մեջ ոգի ներդնելու համար: Աշխարհ տեսած, կյանքի իմաստալից ճանապարհ անցած ակադեմիկոսն իր պատկառելի տարիքում այն համոզմանն է, որ մարդու համար ծննդավայրից հարազատ վայր աշխարհում չկա:
Վիլեն Հակոբյանը հիշեց նաև, որ գյուղի կոթողներից մեկը տեսել է Սարդարապատի թանգարանում եւ զարմացել ու հիացել է: Իսկ Համլետ Թադևոսյանը հպարտությամբ էր նկարագրում, որ իրենց գյուղի քարակոթողներից մեկը Հայաստանի պատմության թանգարանի հենց մուտքի մոտ է: «… Իսկ այնտեղ դրված են ամենաարժեքավոր գտածոներ՝ թվագրված Ք. ա. 2-1 հազարամյակ»,- ասաց նա:
Գրքի տպագրության և միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով՝ հեղինակ Արմեն Ասատրյանն ասաց. «Գյուղը գրեթե ուսումնասիրված չէ: Ժամանակին շուրջբոլորը եղել են դամբարանադաշտեր, բնակավայրը խիտ է բնակեցված եղել, ունեցել է երկու ամրոց ¥արեւելյան եւ հարավային¤, 16 ջրաղաց: Գյուղացիների ասելով էլ՝ Խաչառու, այսինքն՝ խաչվող առուներ»: Կարծիք կա նաեւ, որ գյուղը հնում անվանվել է Խաշուտ, այդ անունը ծագել է Երաշխուտ (երաշխավոր) բառից: Ու երբ ցանկացել են վերականգնել հայկական մոռացված անվանումը, կարծելով, թե կազմված է «խաշն» (մանր եղջերավոր) և «ուտ» (արոտատեղի) բառերից՝ դարձրել են Գառնահովիտ:
Հայրենի ոստանի հանդեպ կարոտն էր գյուղ բերել Աիդա Դավթյանին՝ հարեւան Արմավիրի մարզի Քարակերտի բուժհաստատության երկարամյա բժշկուհուն: Արժեւորելով գիրքը եւ ներկաներին մաղթելով քաջառողջություն՝ տիկին Աիդան հավելեց. «Յուրաքանչյուրս գտնենք մեր բջիջը և շարունակենք մեծերի ավանդները: Չմոռանանք մեր ով լինելը՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»: Համագյուղացիների անունից երախտիքի խոսքեր ասացին դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Պողոսյանը, վաստակաշատ նախկին ուսուցչուհի Սիրուն Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ գրքում լուրջ տեղ է տրվել գյուղի դպրոցին՝ ծխականից սկսած մինչեւ միջնակարգ դառնալը:
Շնորհանդեսը լավագույն առիթ էր շնորհավորելու նաեւ դպրոցի երիտասարդ տնօրեն Սրապ Գրիգորյանին: Նա ընդամենը երեք օր առաջ էր վերստին հաղթող ճանաչվել կայացած մրցույթում եւ վերանշանակվել իր պաշտոնում: Ունենալով նաեւ ստանձնած պարտավորություն՝ նա ձգտում է արժանապատվորեն շարունակել իր նախնիների՝ դպրոցի նախկին տնօրեններ Գրիգորյանների՝ Ղազար պապի եւ Հովակիմ հոր ավանդույթները:
Շնորհավորելով գառնահովիտցիներին եզակի գիրք ունենալու կապակցությամբ՝ «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանը նախ վերհիշեց հինգ տարի առաջվա տպավորիչ հանդիսությունը եկեղեցու վերաօծման կապակցությամբ, ապա՝ գինեձոնի այդօրվա միջոցառումը համարեց գյուղասիրության բաց դաս՝ առ հայրենի եզերք ու ծննդավայր: Վաստակաշատ լրագրողը, վերապահումով շնորհակալություն հայտնելով գրքի մեկենասին, համոզված նշեց, որ բարերարները շնորհակալության համար չեն գործում եւ դրա կարիքը չեն զգում, մանավանդ Համլետ Թադեւոսյանի նման, հիրավի, համեստագույն մարդը: Որպես գոհունակության նշան՝ խմբագիրը խոստացավ թերթի էջեր չխնայել՝ նրա բազմաթիվ նախաձեռնություններն ու իրականացնելիք ծրագրերը հնարավորինս համակողմանի ներկայացնելու համար:
Մինչ այս գրքի լույս աշխարհ գալը՝ դարձյալ Հ. Թադևոսյանի հովանավորությամբ 2020 թ. հրատարակվել է գյուղի եկեղեցու ճարտարապետությունն ու պատմությունն ամփոփող եռալեզու մի աշխատություն՝ «Գառնահովիտ. Ս. Գևորգ եկեղեցի» ( հեղ.՝ Աշոտ Մանուչարյան): Նախատեսվում է մեկ այլ գրքույկի ծնունդ՝ Թալինի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանները՝ դարձյալ արխիվային նյութերի հիման վրա: Մեկն էլ Սբ. Գեւորգ Զորավարի հիշատակի օրվա առթիվ կլինի՝ եկեղեցու գմբեթի կառուցման պատմությունը: 2017 թ. Համլետ Թադևոսյանը եկեղեցուն է նվիրաբերել մկրտության մարմարակերտ ավազան, իսկ քանդակագործ Աշոտ Ներսիսյանը՝ սուրբ սեղան: Հպարտանալով, որ իրենց գյուղի եկեղեցին գրեթե 1500 տարվա պատմություն ունի, Համլետ Թադևոսյանը խոստացավ մինչեւ տարեվերջ փոխել եկեղեցու դռները՝ տեղադրելով ընկույզի փայտից պատրաստված նոր դռներ: Իսկ ավելի վաղ պարսպապատվել, հիմնովին բարեկարգվել է եկեղեցու տարածքը, տեղադրվել են ցայտաղբյուր և տաճարի լուսամուտները:
Բարերարի բոլոր մտահղացումներին ու ձեռնարկներին ամենից առաջ արձագանքում են եւ նրան զորավիգ լինում եղբայրները՝ շուրջ 40 տարվա մանկավարժ, դպրոցի նախկին ուսմասվար Համբարձում Թադեւոսյանը, վերջին հինգ տարիներին գյուղը ղեկավարած Հրաչ Թադեւոսյանը, կրտսեր Վաչիկն էլ եղբորը թեւ ու թիկունք է մայրաքաղաքում:
…Ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, որը Հայ առաքելական եկեղեցին հայտարարել է Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակի օր, Գառնահովիտում կրկնակի տոն է՝ ի պատիվ նաև գյուղի եկեղեցու նույն անվանակիր սրբի տոնի: Եվ ամեն տարի Համլետ Թադևոսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվում Ս. Գևորգ եկեղեցի. այդ օրը տարբեր վայրերից բազմաթիվ ուխտավորներ են տոնախմբվում Գառնահովիտի եկեղեցու շուրջ և գյուղում՝ ի նշանավորումն գյուղացու վաստակի, հոգևոր ու մշակութային արժեքների փառաբանման, անհրաժեշտության, նախնյաց հիշատակի նկատմամբ ակնածանքի ու հավերժության մեջ մասնիկ լինելու հզոր կամքի:
Անահիտ ԱՐՓԵՆ