Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 31-ին պատասխան այցով կմեկնի Աթենք, որտեղ կհանդիպի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հունիսի14-ին նախատեսված է Միցոտակիս-Էրդողան հանդիպումը, եւ, ըստ ամենայնի, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը նախապատրաստելու է այդ օրակարգը։ Այն, որ երկու կողմը բավականին կոշտ դիրքորոշում են որդեգրել Կիպրոսի հարցում եւ Արեւելյան Միջերկրածովում ունեցած խորքային տարաձայնությունների մասով, հուշում է, որ հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Այդ մասին է հուշում նաեւ այն, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը նախօրեին հայտարարել էր, որ շարունակելու են հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ Սրանով Թուրքիան ցույց է տալիս, որ չի պատրաստվում որեւէ կերպ հրաժարվել իր օրակարգից, եւ բանակցություններն ու հանդիպումներն ընդամենը այդ մասին փաստելու հնարավորություն են։
Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շարունակական վատթարացման, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում առաջընթացի բացակայության պայմաններում Միացյալ Նահագները ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը Հունաստանում: Էրդողանի վարած քաղաքականությունն ստիպում է ԱՄՆ-ին որոշակի վերապահումներ ունենալ Թուրքիայի հարցում՝ հաշվի առնելով ռուսական C-400-ների դեպքը։
Հունաստանը, որպես այլընտրանք, լավագույն լուծումներից մեկը կարող է դառնալ։ Նկատենք, որ հույն-ամերիկյան ռազմական կապերը նոր չեն զարգանում, վերջին տարիներին ԱՄՆ զինված ուժերն ամրապնդել են ռազմական կապերն Աթենքի հետ: Ամերիկացիներն իրենց ուժերն արդեն տեղակայել են Կրետեի Սուդա ծովում գտնվող ծովային ռազմակայանում, ինչպես նաեւ Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլի նավահանգստում, Լարիսայի եւ Ստեֆանովիկեի ավիաբազաներում: Հունական «Kathimerini» թերթի փոխանցմամբ՝ նախատեսվում է ավելացնել եւս չորս հենակետ, որոնց տեղակայման ընտրության համար Հունաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է 22 վայրի ցուցակ։
Պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը դեռեւս մայիսի սկզբին հայտնել էր, որ Հունաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Փոխադարձ պաշտպանական համագործակցության պայմանագրի (MDCA) երկարաձգումը կավարտվի առաջիկա երկու ամսվա ընթացքում, որից հետո կկնքվի նոր համաձայնագիր։ Նոր գործարքի նպատակն է լինելու ՆԱՏՕ-ի երկու դաշնակցի միջեւ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնումը, որը, ամենայն հավանականությամբ, ներառելու է ներկայումս օգտագործվող օբյեկտների արդիականացումը:
Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է տեղակայվել Թուրքիայի մի քանի ռազմաբազաներում, այդ թվում՝ Ինջիրլիքում: Ամեն անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների յուրաքանչյուր վատթարացման ժամանակ թուրք քաղաքական գործիչները սպառնում են վտարել ամերիկացիներին այս ռազմավարական օբյեկտից։ Ռազմաքաղաքական հարցերում պետքարտուղարի օգնական Կլարկ Կուպերը 2020-ի նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է եվրոպական մայրցամաքում ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայության հնարավորությունները, եւ որ Վաշինգտոնն ավիաբազան ցանկացած այլ տեղ տեղափոխելու մտադրություն ունի։ Խոսակցություններ կան, որ նման վայր կարող է դառնալ Հունաստանի արեւմուտքում գտնվող Անդրավիդա քաղաքը, որտեղ վերջին տարիներին անցկացվում են «Ինիոչոս» օդային վարժանքները: Այս վայրի տեղանքը թույլ է տալիս արագ տեղակայվել Արեւմտյան Եվրոպայից, հատկապես Իտալիայից: Վերջին ամիսներին ԱՄՆ-ն տեղակայել է F-15 եւ F-16 կործանիչներ, KC-135 տանկերներ եւ «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքեր:
Մյուս հավանական վայրը Սկիրոս կղզին է, որն առավելություն է տալիս գտնվել Էգեյան ծովում՝ առանց շատ մոտ գտնվելու Թուրքիային եւ ունենալու ինչպես օդային, այնպես էլ ռազմածովային կայաններ: Հատուկ նշանակության ջոկատները հույն-ամերիկյան համագործակցության կարեւոր մասն են կազմում։ Այսպես՝ հունական թերթը գրում է, որ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ն Հունաստանի հատուկ նշանակության ջոկատներին է տրամադրել 9 մլն արժողությամբ ժամանակակից անլար սարքեր՝ ծածկագրված հաղորդակցմամբ, ինչպես նաեւ «Mark V» հատուկ գործողությունների նավեր։
Այս զարգացումներին զուգահեռ Թուրքիան փորձում է իր կայուն տեղը նվաճել պաշտպանական արդյունաբերության առաջատարների ցանկում: Նրա թիրախում առաջին հերթին հենց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրներն են, ինչը լրացուցիչ լծակների հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար։ Նախօրեին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Անկարայում էր, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Bayraktar» ԱԹՍ-ներ գնելու մասով։ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ չի թաքցրել իր գոհունակությունը՝ նշելով, որ «իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտահանելու ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկիր»: Դաշինքի անդամ երկրների օդային տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելության շրջանակներում Թուրքիան առաջիկայում Լեհաստան է ուղարկելու F-16 ինքնաթիռներ: Ի դեպ, կարող ենք նշել, որ տնտեսական թակարդը լարված է, թուրքական ընկերությունները ներգրավված են Լեհաստանում շուրջ 50 նախագծի իրականացման մեջ, որը կազմում է շուրջ 450 միլիոն ԱՄՆ դոլար: Էրդողանը հավաստիացրել է, որ թուրքական ընկերությունները շարունակելու են ներդրումներ կատարել Լեհաստանի ենթակառուցվածքներում։ Թուրքիայի նախագահի նշաձողը 10 մլրդ դոլարի սահմանն է։ Լեհաստանը միակ եվրոպական երկիրը չէ, որտեղ թուրքական կապիտալը տնտեսության միջոցով նաեւ քաղաքականություն է թելադրում։ Միգուցե կարճաժամկետ կտրվածքով տնտեսական աճը հրապուրիչ է եւ ցանկալի, սակայն հեռանկարում այն բազմաթիվ խնդրահարույց որոշումների առիթ է դառնալու։