«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը».- փիլիսոփայական այս խորիմաստ տողերը պատկանում են ազգային-ազատագրական պայքարի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային, ինչպես նաեւ Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանին, ով գիտակցելով հայկական հինավուրց լեռնաշխարհին սպառնացող վտանգը, եւ չթաքցնելով իր մտավախությունը, համախմբվելու եւ բռունցքվելու նպատակով միասնության կոչ էր անում հայ կամավորականներին: Որպես գաղափարի զինվոր, Արցախի համար օրհասական ժամանակներում նա առաջիններից մեկը երդում տվեց՝ հայրենիքի կանչով հայտնվելով պատերազմի ամենաթեժ կետերում: Եկավ, երբ Շահումյանում կենաց եւ մահու մարտեր էին ընթանում, եւ թշնամին չորս կողմից օղակել էր շրջանի բնակավայրերը: Ու, չնայած նույն ճակատագիրը սպառնում էր ողջ արցախահայությանը, եւ ազերիները լայնածավալ ռազմագործողություններ էին սկսել Արցախի սահմանամերձ գյուղերում՝ բռնի տեղահանելով բնակչությանը, Ավոն մահապարտ իր ընկերների հետ վճիռ կայացրեց՝ «մեռնել, բայց երբեք չնահանջել»… Եվ նա մինչեւ կյանքի վերջին պահը հավատարիմ մնաց իր ուխտին: Ավաղ, 1993-ի հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլլու բնակավայրի ազատագրման համար մղված դաժան մարտերում արհամարհելով մահը, Ավոն ողբերգաբար նահատակվեց՝ բռնելով անմահության եւ հավերժության ճանապարհը…
Արցախում, որի ազատագրության համար իր կյանքը չխնայեց լեգենդար զորահրամանատարը, մեծ ու փոքր առանձնակի սիրով են հիշում Ավոյին, նրա սխրանքը: Մարդ, որն անմնացորդ նվիրված էր հայրենիքին ու միայն զինված պայքարի մեջ էր տեսնում Արցախի ժողովրդի ապագան: Ազգային հերոսին նվիրված հոբելյանական միջոցառումներ են տեղի ունեցել հանրապետության բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Մարտունի քաղաքում, ուր տեղադրված է նրա մարմարե հուշարձանը: Զորահրամանատարի արձանի մոտ են հավաքվել շրջվարչակազի ղեկավարները, ԱՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, նրա զինակից ընկերները, հյուրեր՝ Հայաստանից եւ արտերկրից, շարքային մարդիկ, ովքեր մոտիկից ճանաչում էին Ավոյին եւ բազմաթիվ հիշողություններ ունեն նրա հետ կապված: Հանրահավաքի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հերոսի հուշարձանին եւ խնկարկել նրա պայծառ հիշատակը:
Եթե Ավոն Մարտունիում է, ուրեմն շրջանի դարպասներն անառիկ են ու պաշտպանված: Մարտական ընկերոջ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ենիկովշչյանի համոզմամբ. «Զինվորի, հրամանատարի մարդկային այն որակները, որ ունեցել է Ավոն, բոլորի պարտքն է պահպանել, գուրգուրել եւ սերունդներին կտակել, որպեսզի նրանք շիտակ անցնեն իրենց ճանապարհը»:
Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը լինելով, Մոնթե Մելքոնյանը մարտավարական գործողությունների հմուտ կազմակերպման շնորհիվ կարողացել է ոչ միայն շրջանի բնակավայրերը զերծ պահել թշնամու հարձակումներից, այլեւ փայլուն հաղթանակներ կռել ու անպարտելի զորավարի համբավ վայելել: Երիտասարդները դա լավ են գիտակցում, ովքեր երդվելով հավատարիմ մնալ հայրենիքի զինվորի պատգամներին, արժանապատվորեն են կատարում հայրենիքի պաշտպանի գործը: Նրանք, ի պատիվ լեգենդար զորավարի, տարիներ առաջ հերոսի հավերժությունը խորհրդանշող 50 տնկիներ են պահ տվել հուշարձանի հարեւանությամբ գտնվող ծառուղու տարածքում, որոնք հոգատար խնամքի շնորհիվ լավ աճ են տվել եւ վեր են հառնում դեպի երկինք…
Ավոյի մարտական ընկերներից Վլադիկ Խաչատրյանի կարծիքով, չնայած լեգենդար զորավարն այսօր ֆիզիկապես իրենց շարքերում չէ, սակայն նրա ազատատենչ ոգին շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի երակներում: «Մոնթեն համազգային երեւույթ է,- ասում է նա:- Նա Արցախ եկավ օրհասական պահերին եւ իր կարճատեւ, բայց հախուռն կյանքի վերջին հատվածում լինելով Մարտունու շրջանի պաշտպանական ուժերի հրամանատարը, ակնառու ավանդ ունեցավ բանակաշինության, Արցախի պաշտպանության ամրապնդման ու պետականության կայացման գործում: Նա սխրանքի էր կոչում զինակից ընկերներին, վախ ու սարսափ տարածում հակառակորդի ճամբարում»:
Բազմաթիվ լեգենդներ ու հերոսական պատմություններ են պատմում Ավոյի մասին, ով օժտված էր մարդկային բացառիկ արժանիքներով եւ արցախցիներին թողել է բազում անմահ գործեր, բարի անուն եւ ոգեղեն պատգամներ: «Ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում»,- Մ. Մելքոնյանի մասին մի առիթով իրավացիորեն ասել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը: Ռազմական գործողությունները ղեկավարելու իր բացառիկ տաղանդի շնորհիվ վտանգված Մարտունին վերածվեց անառիկ ու անխոցելի ամրոցի: Հակառակորդի հարյուրավոր զինվորներ իրենց անփառունակ վախճանը գտան Մաճկալաշենի, Կարմիր Շուկայի եւ Ճարտարի մատույցներում, որոնց պաշտպանությունն անմիջականորեն գլխավորում էր նա:
Ավոն արհեստավարժ հրամանատարի ու խիզախ զինվորի իր ուրույն ձեռագիրն է թողել ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում, մասնավորապես՝ Մարտակերտի ազատագրման, Քարվաճառի, Ակնայի շրջանի բարձունքների եւ բազում այլ կրակակետերի ոչնչացման ռազմագործողություններում: Ահա թե ինչու հայրենիքի նվիրյալ զավակի կորուստն այսքան մեծ է, եւ նրա մահը սգում էր ողջ հայ ժողովուրդը: Ճանաչողները կհաստատեն, որ Ավոն սովորական մահկանացու չէր: Առասպել դարձած զորավարը շարունակում է ապրել իր զինվորների, զինակից ընկերների, բոլոր արցախցիների, ամեն մի հայի սրտում… Ավոն մեկն է այն բացառիկ դեմքերից, ով 20-րդ դարավերջի վերազարթոնքի տարիներին, որպես հայ պահանջատիրության նվիրյալ, անմնացորդ ու հախուռն դրսեւորեց ռազմագետի ու հայդուկապետի իր տաղանդը՝ դառնալով համազգային երեւույթ: