Սիրիական խնդրի լուծման հարցում Իսրայելի ու Իրանի միջեւ հակասություններն ավելի են սրվում: Հրեական պետության իշխանությունները նախագահ Բաշար Ասադին նախազգուշացրել են, որ պատրաստ են հարված հասցնել նրա պալատին այն դեպքում, եթե Դամասկոսը շարունակի ընդլայնել կապերն Իրանի ղեկավարության հետ: Այս հայտարարությունն արվել է Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանի վերջին ավերիչ ռմբակոծությունից հետո: Իսկ դա պատճառ է դարձել, որ իրանցի պաշտոնյաները կշտամբեն Ռուսաստանին: Եթե Թեհրանը ձգտում է դադարեցնել նման ավիահարվածները, ապա իսրայելցիների նպատակն է նվազեցնել Իրանի ռազմական ազդեցությունը: Գործընկերների պահանջկոտությունը, ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», խնդիր է դառնում Մոսկվայի համար:
Այն մասին, որ Իսրայելն իր խողովակներով պաշտոնական Դամասկոսին ազդանշան է ուղարկել հաջորդ հարվածը նախագահական պալատին հասցնելու պատրաստակամության մասին, հաղորդել է սաուդյան «Էլաֆ» հանդեսը:
Նման սցենարը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Սիրիայի ղեկավարությունը շարունակի ընդլայնել շփումներն իր դաշնակցի հետ եւ որոշի նրանից բարձր ճշգրտության զինատեսակներ ստանալ։ Թերթի աղբյուրների արտահայտություններից հետեւում է, որ հրեական պետության իշխանությունները ակնկալում են խորացնել նաեւ անդրսահմանային գործողություններն Արաբական Հանրապետությունում, գուցե նույնիսկ առանց ռուսական կողմին ծանուցելու, որի հետ կապի ալիքներ է պահպանում՝ պատահական բախումները կանխելու համար։
Իսրայելցիները դժգոհ են, որ փետրվարից իրենց հիմնական տարածաշրջանային մրցակից Իրանն սկսել է ընդլայնել իր գործունեությունը սիրիական ասպարեզում, չնայած այն բանին, որ, ըստ նրանց, Մոսկվան պետք է խոչընդոտեր նման միտումը։ Մտահոգությունը կապված է հատկապես Արաբական Հանրապետության հարավային նահանգների հետ, որոնք սահմանակից են հրեական պետությանը: Այս տարածքներում իրանական ուժերի ամրացումն Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը դիտում է որպես քայլ՝ ձեւավորելու պլացդարմ գնդակոծման համար։ Սիրիայի հարավում նման երեւույթների մասին բացահայտ խոսում են հարեւան Հորդանանի իշխանությունները:
Հրեական պետության վերջին գործողությունը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ռմբակոծումն էր, ինչի պատճառով լրջորեն վնասվեցին թռիչքուղին, տերմինալը եւ կառավարման աշտարակը: Ռմբակոծությունները հանգեցրեցին նաեւ որոշ պահեստային շինությունների ոչնչացման: Եթե Իսրայելի պաշտպանության բանակին մոտ կանգնած աղբյուրներն անդրսահմանային հարձակումները բացատրում են նրանով, որ իրանական կողմի ներկայացուցիչներն ակտիվորեն օգտագործել են օդային նավահանգստի ենթակառուցվածքը ռազմական նպատակներով, ապա հակառակ ճամբարում դա հերքում են։ Ռուսական կողմը, իր հերթին, Իսրայելի ռազմական ղեկավարությունից պահանջել է «դադարեցնել այս արատավոր պրակտիկան» եւ նրա գործողություններն անվանել է «սադրիչ հարձակում քաղաքացիական ենթակառուցվածքի կարեւորագույն օբյեկտի վրա»։
Այն փաստը, որ Դամասկոսի օդանավակայանը հայտնվել է հրետակոծության գոտում, իրանական պաշտոնատար անձանց ստիպել է Մոսկվային ակնարկել կուտակված պահանջների մասին։ Դրանց էությունը նախօրեին բացահայտել է լիբանանյան «Ալ-Աքբար» թերթը, որն արտացոլում է շիական «Հեզբոլլահ» խմբավորման տեսակետը։ Նրա աղբյուրների համաձայն՝ Թեհրանը եւ նրան հավատարիմ ուժերն սպասում էին, որ ռուսական կողմը կկանխի հարձակումները Սիրիայի օդային նավահանգստի վրա։ «Ալ-Աքբարի» նյութից հետեւում է, որ դա պայմանավորվածությունների առարկա է եղել՝ կնքված չորս տարի առաջ Մոսկվայի, Սիրիայի ղեկավարության եւ իրանցիների միջեւ։ Փոխարենը Թեհրանը գործընկերներին խոստացել էր իր ռազմական գործունեությունը հեռացնել օդանավակայանից: Սակայն այժմ տրանսպորտային հանգույցը կրկին հարվածի տակ է հայտնվել։
«Ալ-Աքբարի» ներկայացրած թեզերը վկայում են Ասադի դաշնակից երկրների միջեւ վստահության ճգնաժամի մասին։ Լիբանանյան խմբագրության զրուցակիցների հայտարարություններից հետեւում է նաեւ, որ Իրանը եւ նրա հավատարիմ ուժերը, հոգնած Իսրայելի ինտենսիվ հարձակումներից, ցանկություն ունեն արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը։ Միանգամայն ակնհայտ է, որ այս սցենարը կապված է լինելու Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ համակարգման մակարդակի բարձրացման հետ։ Դրան միտվածությունը ցուցադրել է փետրվարի վերջին Սիրիայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Ալի Մամլյուքի այցն Իրանի մայրաքաղաք, ապա դրան հաջորդած Ասադի այցն Իսլամական Հանրապետություն: Դա, ի դեպ, առաջին անգամ էր վերջին մի քանի տարում։
Տարածաշրջանում բազմակողմ օպերատիվ ճնշումը կարող է ստիպել Թեհրանին՝ կրակային ուժ կիրառելու իսրայելցիների դեմ Սիրիայի տարածքում: Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Թամիր Հեյմանը նշել է Թել Ավիվի համալսարանի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի համար գրած հոդվածում:
«Հենց այդ պատճառով Իրանից Սիրիա թռիչքները պետք է դադարեցվեն,- նշում է պաշտոնաթող գեներալ-մայորը՝ վերլուծելով Դամասկոսի օդանավակայանի վերջին ռմբակոծության հետեւանքները։- Իրանցիները չեն հրաժարվի «Հեզբոլլահից», բայց շատ լավ կարող են հրաժարվել Սիրիայից»:
Ի դեպ, ցանկացած կոշտ սցենար իր գինն ունի։ Իրանա-իսրայելական էսկալացիայի անուղղակի հետեւանքը կարող է լինել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածների շարքը, որոնք, որպես կանոն, հասցվում են Իրանի հետ կապված շիա անկանոն խմբավորումների կողմից:
ԱՄՆ նախագահի վարչակազմում NBC հեռուստաալիքի աղբյուրները նախորդ շաբաթ դժգոհեցին, որ վերջին ամիսներին Իրաքում եւ Սիրիայում նման հարձակումների թիվն աղետալիորեն աճել է։ Հոկտեմբերից սկսած՝ այն դիրքերը, որտեղ տեղակայված է ամերիկյան զորախումբն այդ երկրներում, գնդակոծվել են մոտ 30 անգամ։ Դրանցից եւ ոչ մեկի դեպքում, ըստ NBC-ի զրուցակիցների, Պենտագոնը պատասխան գործողություններ չի ձեռնարկել, քանի որ Սպիտակ տանը պատասխան տարբերակների ցանկացած քննարկում փակուղի է մտել Թեհրանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել չցանկանալու պատճառով: Իսկ դա, բնականաբար, չի կարող չակտիվացնել նրանց, ովքեր ցանկանում են վրեժ լուծել Իսրայելի ռազմական գործունեության համար։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ