«Կա՛մ մարդկությունը վերջ կդնի պատերազմին, կա՛մ էլ պատերազմը վերջ կդնի մարդկությանը»:
Ջոն Քենեդի
Դեռեւս 1939 թ. օգոստոսին Այնշտայնն ստորագրեց հունգարացի ֆիզիկոս Լեո Սիլարդի նամակի տակ, որն ուղղված էր ԱՄՆ նախագահ Ռուզվելտին. նրանք զգուշացնում էին, որ նացիստական Գերմանիան կարող է ատոմային ռումբ ստեղծել։ Զգուշացումն ազդեց, եւ Ռուզվելտը նախաձեռնեց ատոմային զենք ստեղծելու սեփական նախագիծ։ Այնշտայնը զերծ մնաց դրա աշխատանքներին մասնակցելուց եւ ափսոսաց նամակն ստորագրելու համար, քանի որ Ռուզվելտին փոխարինած Հարի Թրումանը միջուկային էներգիան օգտագործեց որպես ահաբեկման միջոց, իսկ կոմունիզմին դիմակայելու համար առաջ քաշվեց Թրումանի դոկտրինը՝ ԱՄՆ դաշնային կառավարության արտաքին քաղաքական ծրագիրը, որը 1947 թ. մարտի կոնգրեսում հնչեց որպես «Սառը պատերազմի» ուղերձ՝ հակազդել ԽՍՀՄ աշխարհաքաղաքական տարածմանը։ Միանգամայն գործնականորեն՝ 1947-48 թթ., «կոմունիստական վտանգի» դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն Հունաստանին ու Թուրքիային տրամադրեց 400 միլիոն դոլար, ավելին՝ Թրումանը Խորհրդային Միության դեմ պայքարում մասնակցեց եւ ՆԱՏՕ-ի հիմնադրմանը։ Երկրորդ համաշխարհայինն ավարտվեց միջուկային զենքի օգտագործմամբ… Այնպես որ, զուր չէին Այնշտայնի մտավախությունները. դեռ այն ժամանակ ֆիզիկոսը խոսեց Երրորդ եւ Չորրորդ համաշխարհայինների հավանականության եւ դրանց աղետների մասին. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային ռումբերով, ապա չորրորդը քարերով եւ ձողերով կլինի», այսինքն՝ մարդկության պատմությունը կսկսվի զրոյից… Ըստ էության՝ պատերազմն այն աղետն է, որից ոչ ոք դուրս չի գալիս հաղթանակած. երկուստեք կորուստներ, սով, բարոյալքություն, հուսահատություն, անհաղթահարելի վիշտ ու տառապանք… Պատերազմի ավարտից հետո Այնշտայնը եզրափակեց. «Մենք հաղթեցինք պատերազմում սակայն չունեցանք խաղաղություն…»:
Այսօր, կարելի է ասել՝ առանց հայտարարության ու արձանագրման, աշխարհը Երրորդ համաշխարհայինի փուլն է թեւակոխել՝ հնարավոր բոլոր միջոցներով՝ սկսած քարոզչությունից, ամեն տեսակ հակամարդկային միջոցառումներից ու գործողություններից մինչեւ «տաք» ու «սառը» պատերազմների սանձազերծում. թիրախը նույնն է՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը։
1941 թ. հունիսի 22-ի պատերազմն սկսվեց Կիեւում, սակայն այն չդարձավ սոսկ ուկրաինական ժողովրդի խնդիր. ոտքի կանգնեց ողջ Միությունը, քանզի դա հարձակում էր աշխարհի խոշորագույն դաշնային պետության վրա, որի հսկայական տարածքն ընդգրկված էր 11 ժամային գոտիներում։ ԽՍՀՄ ժողովուրդների համար այն դարձավ Հայրենական մեծ պատերազմ, որին ակտիվորեն մասնակցեցին Հայկական 76, 89, 261, 390, 408 եւ 409-րդ դիվիզիաները եւ բազում պարտիզանական ջոկատներ։ Այն ժամանակ 1 միլիոն 320 հազար բնակչություն ունեցող Խորհրդային Հայաստանից բանակ զորակոչվեց մոտ 600 հազար հայորդի…
Քաղաքակիրթ Եվրոպան, ի դեմս նացիստական Գերմանիայի, հանգիստ չէր քնում «Երկաթե վարագույրից» այն կողմ, քանզի ԽՍՀՄ-ում միլիարդավոր մարդիկ զբաղված էին խաղաղ, ստեղծագործական աշխատանքով, ունեին անվճար կրթության, առողջապահության, բնակարան ստանալու, հանգստի եւ այլ իրավունքներ, որոնց հասու չէր Արեւմուտքը։ Առաջին համաշխարհայինը դաս չեղավ Արեւմուտքին, թեեւ ինչ-որ չափով հասավ իր նպատակին՝ փլուզվեց Ռուսական մեծ կայսրությունը, սակայն դրա փոխարեն կազմավորվեց ավելի հզոր՝ Խորհրդային Միությունը, որը ոսկորի պես դեմ առավ Արեւմուտքի կոկորդին. անհրաժեշտ էր վերջնականապես վերացնել Արեւմուտքի սարսափը. եւս մի հարված՝ նացիստական թիկնոցով, սակայն դա էլ նպատակին չհասավ. ամռանը սկսված պատերազմը, հավանաբար, կայծակնային լինելու հավակնություն ուներ (նույն հունիսին Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա), սակայն ագրեսորներն ստիպված էին համտեսել խստաշունչ ձմռան բոլոր վայելքները՝ հազար ու մի կարիքների հետ միասին, ոչ միայն մատնելով, այլեւ մատնվելով սովի ու կոտորածների… Ո՛չ, ԽՍՀՄ-ին զենքով չհաղթեցին…
Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվեցին 61 երկիր՝ 1.7 միլիարդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում ընդգրկված էր 110 միլիոն մարդ։ Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 միլիոն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տեւած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 միլիոն եւ հաշմանդամ դարձավ 95 միլիոն մարդ։
Երրորդ համաշխարհայինի փորձերը տարտամ էին. «բարի» Արեւմուտքը չհամարձակվեց կրկին զենք գործադրել. «կատյուշաները» վերածվել էին ատոմայինի. հարկավոր էր զգույշ, գաղտնորեն մոտենալ խնդրին. «Տրոյական ձիու» վարկածն անվերապահ էր. ինչ հնարավոր չէ դրսից, հնարավոր է ներսից. գործի դրվեց ամենայն քարոզչությունը վատ ապրելու մասին, ազատության ու անկախության առասպելները, միանգամից հարստանալու մարմաջով գայթակղելը եւ այլն, եւ ԽՍՀՄ-ը փլուզվեց ինքն իր ձեռքով, սակայն ոսկորը մեծ էր, կուլ չէր գնում. այս անգամ քայլերն առավել քան խորամանկ էին. միմյանց դեմ ոտքի հանվեցին ԽՍՀՄ նախկին հանրապետությունները՝ Ռուսաստանը կործանելու լղոզված, բայց եւ անթաքույց մտադրությամբ. կենտրոնական թիրախը կրկին Ուկրաինան է. այս անգամ սեփական ստնտուի՝ Ռուսաստանի դեմ… ԽՍՀՄ նախկին՝ երկու ինքնաբավ հանրապետությունները դարձան Արեւմուտքի ու ԱՄՆ-ի ակամա կամակատարներ. նախկին պատերազմների դաշնակից հանրապետությունները, փաստորեն, մտան քաղաքացիական պատերազմի մեջ… Այնշտայնը, այո, զգուշացնում էր Երրորդ համաշխարհայինի՝ միջուկային պատերազմի մասին, եւ գուցե աշխարհը դեռ ականջալուր է մեծ ֆիզիկոսի կանխատեսումներին եւ փորձում է ձեռնպահ մնալ աշխարհավեր զենքի գործադրումից՝ շատ լավ հասկանալով, որ այն արեւի խավարում կլինի բոլորի համար, ուստի պատրաստ չէ ինքնասպանության, բայց որքա՞ն կդիմանա աշխարհը՝ քայլ առ քայլ գնալով դեպի ինքնասպանության կամուրջը, եւ, արդյոք կուրությունը կփրկի՞ նրան վերջին քայլը չանելու իներցիայից…