Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիեւը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արեւելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները եւ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիեւը հայտարարեց, թե վերականգնում եւ զարգացնում է Ղարաբաղը:
Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաեւ Արցախում եւ ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետեւած Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը: Կրեմլի պաշտոնական կայքը մեջբերել էր Պուտինի խոսքի այն հատվածը, որում նա ասում է. «Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թվականը մեր համատեղ պլանը։ Մեզ մոտ ամեն ինչը շարժվում է: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում, եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք այն քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք էլի քննարկելու այս թեման»:
Ի պատասխան դրա՝ Ալիեւը չի բացառել, որ արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հաստատելով, որ հանդիպումը առիթ է խոսելու տարածաշրջանային խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որեւէ ներկայություն չունի, եւ որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ՌԴ-ն առանցքային դերակատար է, քանի որ դրանց վրա տեղակայված են ՌԴ խաղաղապահ եւ սահմանապահ զորքերը: Այլ կերպ ասած՝ Կրեմլը շատ արագ Ալիեւին պատասխանեց, որ վերջինս կապ չունի Արցախի Հանրապետության հետ, եւ չի կարող միայնակ լուծել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցերը:
Միջանցքի մասին հայտարարությանն արձագանքեց նաեւ ՀՀ ԱԽ քարտուղարը: «Պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, եւ ոչ միայն պաշտոնական Երեւանը, այլ նաեւ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը եւ բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհի դիտարկում:
Ստացվում է, որ Ալիեւը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, ինչն ավելի շուտ ուղղված է Ադրբեջանի հասարակության գիտակցության վրա ներազդելուն: Սակայն այն արդեն լրջորեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչն աստիճանաբար մեծացնում է արցախյան խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրների ու կառույցների տարակուսանքը, որը վերջիններս արդեն սկսել են հրապարակային եւ ուղիղ տեսքով հնչեցնել Բաքվի ուղղությամբ: