Առակների հիմնական նպատակը համարվում էր կրոնական կամ աշխարհիկ իմաստի բացահայտումը կարճ պատմությամբ։ Առակների հերոսները, որպես կանոն, ունեին որոշակի սոցիալական կարգավիճակ (ունեւոր, արքա, ճանապարհորդ, խաղողագործ, հայր եւ որդի) եւ չունեին արտաքինի կամ բնավորության խորքային նկարագրություններ։
Աստվածաշնչյան առակները բացատրում են, թե ինչ վարվելակերպ պետք է ունենալ, որպեսզի ապրել լավ թե՛ մարդկանց, թե՛ Աստծո առաջ։ Դրանք գիտակցության վրա ավելի ներգործուն էին, քան պարզապես ուսանելի կամ մեղադրական խոսքերը, որովհետեւ վարվեցողության կանոնները ցույց էին տալիս կոնկրետ մարդկանց օրինակով։
Երբ մարդ տեսնում էր գործողության օրինակը առակի մեջ, մտորում էր, որ ճիշտ կյանք չի վարում, կամ հիշում էր դասը, որ դրված էր առակի հիմքում, եւ փորձում էր խուսափել իր կյանքում նման իրավիճակի կրկնությունից։
Սողոմոնի առակները
Սողոմոնը Դավիթ արքայի որդին էր, ով հոր մահից հետո զբաղեցրեց գահը։ Նա երկիրը կառավարեց քառասուն տարի եւ ոչ մի անգամ չպատերազմեց հարեւանների հետ՝ իր բոլոր ջանքերն ու միջոցները ներդնելով երկրի զարգացման գործում։
Երբ մարդիկ չէին կարողանում լուծել իրենց միջեւ ծագած վեճերը, դիմում էին Սողոմոն արքային, եւ նա անպայման տալիս էր ճիշտ ու արդար վճիռ։ Սողոմոնը գրել է Առակաց գիրքը, որն ընդգրկվել է Աստվածաշնչի կազմում։ Սողոմոնին է վերագվում նաեւ Ժողովողի գիրքը, որում ներկայացված են մտորումներ ամենօրյա եռուզեռի ունայնության, կյանքի իրական իմաստի եւ մահվան մասին։
Առակների մեծ մասն ուսուցանում է, որ.
. զավակները պետք է հնազանդ լինեն ծնողներին եւ Աստծուն,
. դիտարկվում են խելացի մարդու առավելությունները հիմար մարդկանց նկատմամբ,
. եթե խոսք ես տվել, ուրեմն պահիր, կատարիր խոսքդ,
. ներկայացվում են իրական եւ հավատարիմ կնոջ կերպարները,
. ճիշտ ճանապարհից շեղված կանանց այցելելը հանգեցնում է այլասերության եւ տանում կործանման,
. տրվում է իմաստուն մարդու վարվեցողության ալգորիթմը։
Առակաց գիրքը բաղկացած է 31 գլխից։ Այդ գլուխներում համառոտ դիտարկված են կյանքի բազմաթիվ իրավիճակներ, որոնցից հետո Սողոմոնը ներկայացնում է, թե ինչպես պետք է վարվել, որպեսզի լինի ճիշտ, եւ հաջողություն ունենաս։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ