Վա՜յ պարտապանիս անհամար բիւրուց քանքարաց,
Որ ոչ գոյ հատուցանել:
Նարեկ աղոթամատյան, է
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…
Հովհ. Թումանյան
Պատիվ եմ ունեցել լինելու հայ ժամանակակից պոեզիայի երեւելի ներկայացուցիչներից մեկի՝ Իվան Գոգչյանի մտերիմներից մեկը: Վերոգրյալ քաղաբերումներն ինքնանպատակ չեն. Ի. Գոգչյանը 3 անխախտ սրբություն էր դավանում՝ Նարեկացի, Թումանյան, Սահյան:
Մի ու Միակին միանալու, տվածուրիկ պարգեւ-պարտքը մարելու գաղափարը, ողբերգական այն նախազգացումը, որ ինքը չի կարողանալու հատուցանել-վերադարձնել՝ հավետ մնալով պարտապան, պարուրել է եւ Ի. Գոգչյանին: Ինչ-որ ներքնազգացողությամբ համոզված եմ, որ մայիսի 9-ին իմ ճանաչած ծաղկապաշտ-Ծաղկերգուն ձայնավոր լռությամբ նույնպես ողբերգորեն է մտածել վերնական պարտքը լրիվորեն փոխհատուցելու անհնարինության մասին:
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ահա այդ հա՜ր պարտապանությունը փոխհատուցելու կերպ կարելի է դիտել պոետի հոգեւոր ժառանգության քննաբանությունը՝ իրական վաստակի որոշարկումով, գնահատության համապատասխան ելակետային միավորների առաջադրումով, գեղարվեստական մտածողության համակարգի ինչ-ինչ առանձնահատկությունների մատնանշումներով:
Սահմանափակվենք առանձին քննախոսության նյութ պոետիկայի մի քանի հանգուցային խնդիրներով. Գոգչյանի պոետական հուշերում, տեսիլքներում տեղայնացված աշխարհագրական-ազգագրական կոլորիտային զարդանախշեր (աշխարհվերաբերմունք), բնանկարների կոնկրետությունը, ներքին էքսպրեսիան (ամեն ինչ շարժման մեջ է` սար, գետ, անտառ), բնանկարի ենթարկվածությունը գաղափարական իմաստին, գրական ավանդույթի անմիջական հիմքը (ժողովրդական մտածողության զինանոցից վերառված դարձվածային ձեւեր, լեզվական կուլտուրա):
Գերորակումներից խուսափելով՝ շեշտենք բանաստեղծի՝ բնության ձայներն ինքնորեն թարգմանելու կարելիությունը, ըստ որում՝ դիտելի է, որ վերոնշյալ «թարգմանությունները» եղան «բնօրինակից»՝ Համզեշենի աստղեր, գարուն եւ մայրամուտ: Դիտելի է նաեւ, որ այդ 3 պոետական դետալ-միավորները պատկերային հյուսվածքում ինքնությունը, ապրումները իմաստավորելու միջոցներ են, ավելին՝ կյանքի նկատմամբ գաղափարագեղարվեստական վերաբերմունք:
Պարտապանությունը «փոխհատուցելու» շնորհակալ գործն է ստանձնել Ուսուցչապետի շնորհաշատ սաներից մեկը՝ դարձյալ Իվան, բայց Անտոնյան:
Հայտնի է, որ յուրաքանչյուր հեղինակի գրական պահոցի՝ հոդվածներ, հարցազրույցներ, նոթատետրային գրառումներ, ցարդ անհրաժեշտ գրառումներ, դիտարկումներ, ուսումնասիրությունը կարեւորվում է այն նպատակայնությամբ, որ դրանք հաճախ բովանդակում են տեքստը վերծանելու կոդային միավորներ:
Այս համաբնագրում էլ կարեւորվում է հուշագրությունը, երբ հուշագիրը զերծ է մնում սոսկ բարեբանական խոսքից, «ջանջիգյարային» զեղումներից, գնահատականների մեջ մնում է ողջախոհության սահմաններում, մտքի երիվարի զգայականությունը սանձվում է օբյեկտիվության սանձով: Դիմանկարի լուրջ փորձ է, երբ Իվան Անտոնյանը պատկերագրում է մարդուն, Ուսուցչապետին, բանասերին։ Թեկուզ հուշագրության էջերով պարզորոշ է, որ գործ ունենք ուսյալ բանասերի հետ, ով իր ուսուցչի դասերը դիտում է որպես կյանքի դասեր, որպես պատվիրաններ, որպես «Անավարտ դասի» շնորհապարտ վկայագիր։
Ի. Անտոնյանի հուշագրության մեջ չես գտնի «հավելյալ տողայնություն», «գանգրասեր բառերի վաճառականություն», այլ հուզական լիցքերի առկայություն, զգացմունքների անմիջականություն, սերտած կոնկրետ դասերի ներկայացում, դրանց ներգործուն ազդեցություն դեռեւս անցնելիք ճանապարհին։ Բոլոր ճանապարհները ինչ-որ տեղ տանում են, բայց մեկնարկվում են Դպրոցից։
Առանց բարձր մարդու չկա եւ չի կարող լինել հուշադարանում զետեղվելու բարձր գործ, այսինքն՝ քարոզվող գաղափարի, ուսուցչական պատվիրանների եւ մարդու անձնային, բարոյակամային հատկանիշների միջեւ չի կարող լինել որեւէ աններդաշնակություն։ Միայն այս պարագային է, որ պոետի հոգու պատմությունը (պոեզիան) մտածվում է որպես Հոգեպահիկ Գիր, անձն ու գործն էլ դառնում են մասնավոր հարգընծայության առարկա, ուրեմն եւ՝ «ՄԱՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՆ Է»։
Արտակ Ն. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ