Նախ ներկայացնենք առակը, այնուհետեւ կներկայացնենք դրա մեկնաբանությունը.
«Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։ Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չկար, եւ շուտով բուսան՝ խոր հող չունենալու պատճառովը։ Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. եւ որովհետեւ արմատ չունէին՝ չորացան։ Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։ Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ինչո՞ւ առակներով ես խօսում նորանց հետ։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։ Որովհետեւ ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնուի նորանից։ Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։ Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կլսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կտեսնէք, եւ չէք տեսնիլ»։ Մատթեոս 13։4-14
Այժմ փորձենք մի փոքր մանրամասը մեկնաբանել առակը:
Սերմնացանը մարմնավորում է Աստծուն կամ վարդապետի, ով քարոզում է Աստծո խոսքը (սերմերը)։ Թռչունները տանում են սերմերը. երբ մարդը լսում է Աստծո խոսքը, բայց սատանան հեռացնում է նրան հավատքից՝ գայթակղելով տարաբնույթ մտքերով եւ առաջարկելով մեղքի այլընտրանքը։
Քարքարոտ տեղ ընկած սերմերը խորհրդանշում են անկայուն մարդկանց. այս պահին նրանք հավատում են Աստծուն, սակայն հաջորդ պահին, երբ հալածում են հավատքի համար կամ դժբախտություն է պատահում, այլեւս չեն հավատում։
Փշերի մեջ ընկած սերմերը խորհրդանշում են այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, բայց մոռանում են այն, որովհետեւ սիրում են այս աշխարհը, աշխարհիկ կյանքը եւ ժամանակն անցկացնում են եռուզեռի մեջ։ Բարի երկրի վրա, այսինքն պարարտ հողի վրա ընկած սերմերն այն մարդիկ են, ովքեր լսելով Աստծո խոսքը, հիշում են այն, անում են բարի գործեր եւ հոգում խաղաղություն ունեն։
Աստվածաշնչյան առակում պատմվում է չորս տեսակի մարդկանց մասին, ովքեր լսում են Ավետարանը, բայց տարբեր ձեւ են ընկալում Աստծո խոսքը։ Հաջողություն կունենա այն մարդը, ով, ինչպես եւ պարարտ, բարի հողը, իր մեջ կընդունի սերմերը, որոնք Աստված ցանկանում է սերմանել եւ աճեցնել մեծ ծառ, որը պտուղներ է տալիս։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ