Ուկրաինական ճգնաժամից հետո միջազգային բեւեռացման նոր փուլ է սկսվել։ Շվեդիան եւ Ֆինլանդիան միանում են ՆԱՏՕ-ին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում են Շանհայի կազմակերպությունը եւ ԲՐԻԿՍ-ը, որը շատերը համարում են ՆԱՏՕ-ի ամենանկատելի մրցակիցն Արեւելքում: Այս մասին գրում է եգիպտական «Noonpost»-ը։
Կարելի է ասել՝ միջազգային բեւեռացման սկիզբը ռուսական ռազմական հատուկ գործողության ընթացքում Կիեւին Արեւմուտքի աննախադեպ աջակցությունն է: Դրա արդյունքը կարելի է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գրեթե ավարտված նախապատրաստությունը:
Մյուս կողմից՝ Ռուսաստանը եւ նրա տնտեսական հենարանը՝ Չինաստանը, իրադարձությունների նման զարգացման պայմաններում ամենեւին էլ անտարբեր չեն մնացել: Նրանք ակտիվորեն դիմադրում են Արեւմուտքի գործողություններին ազդեցության ընդլայնման, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻԿՍ-ի անդամների ավելացման ճանապարհով:
Կապված այն բանի հետ, որ Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն են հայտնել, հունիսի 22-ին Պեկինի նախագահությամբ անցկացվեց ԲՐԻԿՍ-ի համաժողովը տեսահամաժողովի ձեւաչափով: Միջոցառման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց կազմակերպության անդամների միջեւ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ այն կամրապնդվի այսօր, երբ, պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, ավելացել են սպառնալիքները:
Արեւմտյան հանդեսները հոդվածներ են հրապարակել ԲՐԻԿՍ-ի անդամների թիվը, ի հաշիվ Սաուդյան Արաբիայի ու Իրանի, ավելացնելու Մոսկվայի ու Պեկինի ջանքերի մասին: Հասկանալի են ՌԴ-ի ու Չինաստանի ձգտումները. այդ կազմակերպությունը համարվում է լծակ Արեւելքի ձեռքում Արեւմուտքի աճող ազդեցության պայմաններում:
ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թ.՝ նպատակ ունենալով դիմակայել Արեւմուտքին եւ կոտրել միաբեւեռ միջազգային համակարգը։ Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թ. հունիսին ռուսական Եկատերինբուրգ քաղաքում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ։ Սկզբում խումբը կոչվում էր ԲՐԻԿ, սակայն 2010 թ., երբ կազմակերպությանը միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, այն վերանվանվեց ԲՐԻԿՍ։
Փորձագետների կարծիքով՝ նոր ճամբարի տնտեսությունների չափերը գերազանցում են «Մեծ յոթնյակի» երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Կանադա եւ Իտալիա) արտադրության ընդհանուր ծավալը, եւ աշխարհի բնակչության 45 տոկոսն ապրում է ԲՐԻԿՍ-ի երկրներում, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակեցված տարածքի 27 տոկոսը՝ ավելի քան 39 մլն քառակուսի կիլոմետր։
Չնայած Մոսկվայի փորձերին՝ դիմակայելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը, Անկարան փոխշահավետ պայմանավորվածությունների շնորհիվ փոխել է իր դիրքորոշումը եւ «կանաչ լույս» վառել այդ երկրների առջեւ դեպի Հյուսիսատլանտյան դաշինք: Դա ուժեղ հարված է հասցրել ռուսական կողմին, քանի որ ավելացնում է ՆԱՏՕ-ի կշիռն արեւելյան ուղղությամբ: Պուտինը միշտ վախեցել է նման սցենարից, ինչը եւ նրան ստիպել է վերադարձնել Ղրիմն ու սկսել ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում: Արեւելյան Եվրոպայում խաղացողների ու ուժերի մեծ քանակությունն ինքնին վտանգ է ներկայացնում ռուսական ազդեցության համար, որն ընդլայնման միտում ունի մեկից ավելի ուղղություններով։
Թուրքմենստանում տեղի ունեցած Կասպիական գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը եւ Ղազախստանը, Պուտինն ընդգծել է, որ իր երկիրը չի անհանգստանում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ, սակայն զգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած սպառնալիքի։ Նա ավելացրել է. «Ռուսաստանը խնդիրներ չունի այդ պետությունների հետ (Շվեդիայի եւ Ֆինլանդիայի), հետեւաբար, այս առումով ընդլայնումն այդ երկրների հաշվին անմիջական սպառնալիք չի ստեղծում… Բայց այս տարածաշրջանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը, անշուշտ, կառաջացնի մեր պատասխան արձագանքը»։
ԲՐԻԿՍ-ը կարո՞ղ է վերածվել ՆԱՏՕ-ի հզոր հակակշռի: Ներուժ ունի՞ այն դերի համար, որի հետ հույսեր է կապում արեւելյան ճամբարը՝ Արեւմուտքին կոտրելու համար: Մի շարք փորձագետների կարծիքով՝ այդ միությունը կարող է G7-ին եւ եվրոպական ողջ համակարգին զուգահեռ դեր կատարել:
Այժմյան պայմանները բարենպաստ են կազմակերպության ակտիվացման ու նրա գործունեության զարգացման համար, հատկապես՝ ֆինանսատնտեսական ուղղությամբ, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների լույսի ներքո: ԲՐԻԿՍ-ն այժմ բոլոր գործիքներն ունի՝ մրցակցելու արեւմտյան դաշինքների հետ՝ աշխարհագրական ծածկույթ (Ասիա եւ Աֆրիկա), տնտեսական, ռազմական եւ քաղաքական ներուժ ու ժողովրդագրական հսկայական ռեսուրս: Հարկ է նշել նաեւ կազմակերպության կազմն ընդլայնելու ջանքերը՝ ի հաշիվ այլ երկրների եւ կազմակերպությունների: Դրանցից է նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը կօգնի նրան կատարել իր վրա դրված խնդիրները։
Ինչպես նշում են վերլուծաբանները, ԲՐԻԿՍ-ին Շանհայի համագործակցության կազմակերպության միացումը՝ իր աննախադեպ միջազգային կշռով (կազմակերպության անդամ երկրները զբաղեցնում են Եվրասիայի տարածքի մոտ 60 տոկոսը, այնտեղ ապրում է աշխարհի բնակչության 50 տոկոսը) ԲՐԻԿՍ-ին հնարավորություն կտա մրցակցել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Վերջին իրադարձությունների եւ Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում արեւմտյան ազդեցության ուժեղության վերաբերյալ կասկածների համատեքստում նոր դաշինքը կարող է գերազանցել իր մրցակցին բազմաթիվ երկրորդային տարածաշրջաններում:
Վերջին ժամանակներս Մոսկվան ակտիվորեն ջանքեր է գործադրում կազմակերպության քարտեզն ուղղահայաց ընդլայնման, այսինքն՝ ԲՐԻԿՍ-ի տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հաշվին եւ փնտրելով դրամական փոխանցումների այլընտրանքային մեխանիզմներ՝ դոլարից ու եվրոյից կախվածությունը նվազեցնելու համար, ինչպես նաեւ հորիզոնական ընդլայնման ուղղությամբ՝ ներգրավելով տնտեսական ու քաղաքական մեծ կշիռ ունեցող երկրների՝ երկու հակառակորդների՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի գլխավորությամբ:
Մոսկվան եւ Պեկինը հսկայական ներուժ ունեցող Էր-Ռիյադի ու Թեհրանի ներգրավմամբ ձգտում են հասնել յուրատեսակ գլոբալ «աշխարհաքաղաքական հավասարակշռության» եւ բազմաբեւեռ մոդելի հաստատման: Միությունը, որը մտադիր են ստեղծել Ռուսաստանն ու Չինաստանը, տեսականորեն կպահպանի տնտեսական կապերն իր անդամների միջեւ Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում։ Սա կարող է կարեւոր ընդհանուր հիմք լինել ծրագրի մեկնարկի համար, եւ չնայած կան մեծ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել, ՇՀԿ-ն եւ ԲՐԻԿՍ-ը կարող են մեծ դեր խաղալ աշխարհակարգը փոխելու գործում:
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ընտրությունը պատահական չէր: Բացի տնտեսական եւ այլ ռեսուրսներից, նրանց եւ արեւելյան առանցքի երկրների միջեւ կան շփման կետեր՝ կապված Արեւմուտքի, հատկապես Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների հետ։ Եթե խոսենք սաուդցիների մասին, Ջոզեֆ Բայդենի իշխանության գալուց հետո նրանց հարաբերություններն ամերիկացիների հետ վտանգի տակ են: Բացի այդ, դեր է խաղացել տարածաշրջանի երկրներից Վաշինգտոնի դուրս գալու եւ Պարսից ծոցի երկրներին տրվող երաշխիքների կրճատման պատճառով ի հայտ եկած վստահության կորուստը։ Դա սաուդցիներին ստիպել է այլընտրանքներ փնտրել՝ փոխհատուցելու ԱՄՆ-ի աստիճանական հեռացումը:
Իրանական կողմից հարցը, հնարավոր է, գործնականում սպառված է, քանի որ Թեհրանը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է արեւելյան առանցքի հետ՝ փնտրելով ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու տնտեսական հնարավորություններ։
Անկասկած, Սաուդյան Արաբիային դաշինք մտցնելու ջանքերը կբախվեն խոչընդոտների եւ մարտահրավերների: Բացի այդ, Էր-Ռիյադը վերջերս փորձում է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ԱՄՆ նախագահն այս ամիս կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք, ինչպես նաեւ գահաժառանգ արքայազնի հետ հնարավոր հանդիպումը՝ միտված հին տարաձայնությունների վերացմանը եւ գործակցության ապագայի ամրապնդմանը:
Չնայած Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա ողջ լարվածությանը, նրանց միջեւ ավելի շատ ընդհանուր հայտարարներ կան, քան վիճելի կետեր, քանի որ թագավորության իշխող վերնախավն առաջվա պես Սպիտակ տունը դիտում է որպես լեգիտիմացման եւ ցանկացած վարչակազմ վերացնելու լծակ: Նրա վրա, հավանաբար, խիստ ազդել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ առանց ամերիկյան աջակցության Սաուդյան Արաբիայի միապետը երկու շաբաթից ավելի չի մնա իշխանության գլխին. երկու պետությունների միջեւ հարաբերություններն անսպասելի ամրապնդվեցին, կնքվեցին տասնյակ համաձայնագրեր, եւ սաուդցիները միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեցին ամերիկյան շուկայում։
Ի վերջո, Ռուսաստանն ու Չինաստանը հնարավոր բոլոր ջանքերը կգործադրեն՝ Սաուդյան Արաբիային համոզելու, որ միանա իրենց միությանը, եւ կձգտեն հաղթահարել այդ ուղղությամբ բոլոր խոչընդոտները: Ինչպես սպասվում է, թագավորությունն իրեն պահպանողական ձեւով կդրսեւորի՝ փորձելով հավասարակշռություն պահպանել արեւելյան եւ արեւմտյան ճամբարների հետ հարաբերություններում։ Շատ բան կախված կլինի Բայդենի՝ Մերձավոր Արեւելք կատարելիք այցի արդյունքներից։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ