Ի՞նչ է քանդակագործությունը, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է մարդու վերաբերմունքը քանդակի նկատմամբ. ինչպե՞ս է քանդակն ազդում մարդու վրա՝ դրակա՞ն, թե՞ բացասական հույզեր է առաջացնում, որքանո՞վ է անհրաժեշտ քանդակի առկայությունն աչքի առջեւ, հատկապես երբ այն հանդիպում է ամեն օր՝ առօրյա ճանապարհին…
Քանդակագործության վաղ նմուշները հայտնի են դեռեւս Պալեոլիթի ժամանակաշրջանից, երբ մարդն սկսել է քարով քար մշակել, ստեղծել աշխատանքային գործիքներ, իսկ միտքը, հայտնի բան է, միտք է ծնում. դրան հետեւել են կախազարդերը, զանազան եռաչափ պատկերները… Քանդակագործությունը, սակայն, երկար ժամանակ, մինչեւ անգամ Վերածննդի շրջանում, դասվում էր արհեստների շարքում եւ համարվում ֆիզիկական աշխատանք, եւ միայն Միքելանջելո Բուոնարոտին կոտրեց այս կարծիքը, եւ զարմանալի չէ. նրա նուրբ, աչք շոյող, քարից ճկուն մարմին կերտող աշխատանքները գեղարվեստի անկրկնելի, եզակի նմուշներ էին, եւ անհնար էր չհասկանալ, որ այդպես միայն արվեստը կարող է լինել։
Իսկ արվեստը տարբեր հարցեր է լուծում՝ սկսած գեղագիտական հաճույքից մինչեւ տեղեկատվություն ու քարոզչություն, եւ շահում է, երբ բոլոր դեպքերում պահպանում է գեղագիտական հաճույքը։ Քանդակագործությունը գեղանկարչության համեմատ բավականին առանձնահատուկ է. այն ոչ միայն պատկերասրահների բնակիչ է, այլեւ դրսի, բացօթյա «քաղաքացի». հենց այս քաղաքացին է մրցության մեջ յուրաքանչյուրիս հետ, ով առօրյայում անհրաժեշտաբար՝ ուզած թե չուզած, հանդիպում է նրան՝ երբեմն դրական, երբեմն էլ բացասական հույզեր ստանալով։ Ինչ խոսք, արվեստի բարձր գործը ոչ միայն աչք է շոյում, այլեւ տրամադրություն հաղորդում, մտորելու առիթ տալիս, ինքնավստահություն ներշնչում, բայց եւ կարող է չարացնել դիլետանտիզմով ներծծված ինչ-որ հղացում եւ ստիպել սովորական ճանապարհը շեղել, միայն թե չհանդիպել ապաշնորհ «արարման»։
Այս առումով բավական զգայուն խնդիր է հատկապես դպրոցների առջեւ դրվող նշանավոր անձանց կիսանդրիների ներկայությունը՝ օրվա մեջ աշակերտների աչքի առջեւ, անհնար՝ խուսափել հանդիպումից, եւ միայն արվեստի բարձրարժեք գործը կարող է նպաստավոր լինել աշակերտի հոգեբանության, տրամադրության, գեղագիտական ճաշակի զարգացման համար, որից նա ոչ միայն ինֆորմացիա կարող է քաղել, այլեւ հետաքրքրվել, ուղղորդվել… Այն՝ ուզած-չուզած, ակամա նստվածք է տալիս մարդու մեջ՝ անկախ ձեւավորված զգացումներից ու կարծիքից, ընդ որում՝ հարկ է նշել, որ բացասական հույզերը դժվար են տեղի տալիս. դրանք առավել կենսունակ են եւ առավել երկար կարող են ճնշել մարդու միտքը, զբաղեցնել ներաշխարհի անցանկալի արձագանքը՝ հակառակ դրականների, որոնց սովորելով՝ այնքան բնական ենք ընդունում նրանց մշտական ներկայությունը, որ չենք էլ զգում՝ ինչպես են աստիճանաբար ապրում մեզնից դուրս, առանց պարտադրելու իրենց «ծանրությունը», բայց եւ ամեն հանդիպումից հոգեւոր խաղաղություն ներշնչում։ Այդպիսին են Անտոն Չեխովի կիսանդրին՝ Երեւանի թիվ 55 համանուն դպրոցի առջեւ, Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին՝ Երեւանի թիվ 8 համանուն դպրոցի առջեւ, որոնք հիշեցնում են ոչ միայն գրական արձակի ու պոեզիայի համաշխարհային մեծ դեմքերին, մարդկությանը ժառանգած նրանց գեղաճաշակ գործերի մասին, այլեւ խորհրդանշում հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները։ Առանձնակի հպարտություն է ներշնչում ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ, հայրենիքի ու պետության նվիրյալ Ալեքսանդր Մյասնիկյանի՝ Երեւանի թիվ 66 համանուն դպրոցի առջեւ տեղադրված կիսանդրին։ Ընթերցողը, իհարկե, կռահում է, որ արվեստի հիշյալ գործերի հեղինակը քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանն է։ Նա է կերտել նաեւ թատերասերների սիրելի Պեպոյի՝ աշխարհից արդարություն պահանջող աշխատավորի 4 մետրանոց, բազալտից կառուցված մոնումենտալ հուշարձանը՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքի հարակից այգու տարածքում՝ ներդաշնակելով դրա բնությանը։
Հայ-բուլղարական բարեկամությունն ու հայ ժողովրդի երախտագիտությունն են խորհրդանշում բուլղար բանաստեղծ, Հայաստանի անկախության ջատագով Պեյո Յավորովի կիսանդրիները՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Բորիսեւյան այգում եւ Վիտոշա լեռան վրա՝ Յավորովի հովտում։ Գրիգոր Ահարոնյանի աշխատանքները պահվում են ինչպես Հայաստանի ազգային պատկերասրահում, այնպես էլ Սոֆիայի կերպարվեստի թանգարանում։
Գրիգոր Պետրոսի Ահարոնյանը ծնվել է 1896 թ. մարտի 7-ին, Թիֆլիսում։ Հայրը թանկարժեք մետաղների դրոշմահատ էր։ Բաքվի տեխնիկական ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգորը 1914 թ. մեկնում է Սանկտ Պետերբուրգ, քանդակագործության դասեր առնում Լ. Վ. Շերվուդի, Ս. Մ. Զեյդենբերգի ստուդիաներում, հաճախում գեղարվեստի բարձրագույն ուսումնարան, իսկ 1920 թ. արդեն ինքն է Վլադիկավկազի Ա. Վ. Լունաչարսկու անվան գեղարվեստի դպրոցում դասեր տալիս՝ միաժամանակ լինելով փոխտնօրեն, սակայն մեկ տարի անց՝ 1921 թ., տարագրվում է Բուլղարիա եւ մինչեւ 1946 թ. ապրում ու ստեղծագործում այնտեղ, սովորում նաեւ Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում՝ Ժ. Սպիրիդոնովի ղեկավարությամբ։ 1927-28 թթ. Ահարոնյանն աշխատում է Հակոբ Գյուրջյանի Փարիզի արվեստանոցում։ Վերադառնալով Բուլղարիա՝ նկարչության դասեր է տալիս Դուբնիցում, Պազարջիկում, Պլովդիվում։ Բուլղարիայում Ահարոնյանը Ռուս նկարիչների ընկերության անդամ էր, որոշ ժամանակ՝ մինչեւ 1946 թ., նախագահը, մասնակցում էր հանրապետական ցուցահանդեսներին։ 1925 թ. Դուբնիցում բացում է անհատական ցուցահանդես, իսկ 1937-38 թթ. Փարիզում մասնակցում Աշնանային սալոնին։ Այնուամենայնիվ, Գրիգոր Ահարոնյանի վերջին հանգրվանը եղավ Երեւանը, երբ 1946 թ. եկավ հայրենիք, անցավ դասախոսական աշխատանքի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ամբիոնում, 1956 թ. ստացավ Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստի կոչում, 1967-ից դարձավ պրոֆեսոր, 1966 թ. Ահարոնյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Երեւանում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը, նույն թվականին էլ դարձավ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության՝ Սուրբ Կիրիլի եւ Մեֆոդիի շքանշանի ասպետ։ Գրիգոր Ահարոնյանը վախճանվեց Երեւանում, 84 տարեկան հասակում՝ 1980 թ. հուլիսի 17-ին։