Քաղաքականության ուժի հիմքը տնտեսությունն է։ Քաղաքական լեզվի կարճ ու երկար լինելը տնտեսական վիճակով, կառուցվածքով ու ենթակառուցվածքային ցանցով է պայմանավորված։ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն այս ամենն ակնառու ցուցադրում են։ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների պատկերը հակընդդեմ ծայրն էլ ցույց տվեց. ըստ «Bloomberg»-ի՝ շարունակվող էներգետիկ ճգնաժամը կարող է մինչեւ 200 մլրդ դոլարի կուտակային վնաս հասցնել Եվրամիությանը։
Եվրոպան տարիներ շարունակ փորձեր է արել նվազեցնելու իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ուժեղ ծրագրային-արարողակարգային մեկնարկներով «Նաբուկո» նախագիծը դրա օրինակներից էր, երբ մասնակիցներ Ավստրիան, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան եւ Գերմանիան նախատեսում էին Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից Ռուսաստանը շրջանցելու միջոցով գազ մատակարարել Եվրոպա՝ առաջին հերթին Ավստրիա եւ Գերմանիա (գազատարի նախագծային հզորությունը տարեկան 26-32 մլրդ խմ գազ էր հաշվարկված): Ինչ արեց Ռուսաստանը. քայլերից մեկն ադրբեջանական գազը շուկայականից թանկ գնելու պատրաստակամությամբ «Նաբուկոյի» արդյունավետությունը կասկածի տակ դնելն էր։ Ասել, սակայն, որ միայն սա էր պատճառը, ճիշտ չէ։ Հետո խորքային շատ այլ հարցեր ծագեցին՝ ֆինանսականից մինչեւ դիվանագիտական։ Այդ օրերին «Գարդիանը» գրում էր, որ «Նաբուկոն» գազամատակարարման այն հավակնոտ, բայց տարաբախտ նախագիծն է, որը նպատակ ունի թուլացնել Կրեմլի ճնշող ազդեցությունը Եվրոպայի գազամատակարարման հարցում: Տնտեսական ու բանկային ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու համար պայքարող` 3.300 կմ երկարությամբ խողովակաշարը Բուլղարիայով, Ռումինիայով ու Հունգարիայով ձգվելու էր Թուրքիայի արեւելքից մինչեւ Ավստրիայի արեւելք եւ պետք է շահագործման հանձնվեր մինչեւ 2014 թ.: Բայց, ինչպես դարձյալ վերլուծում էր նշյալ պարբերականը, ե՛ւ ռուսները, ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ թե թուրքերը ադրբեջանական ու թուրքմենական գազի համար ոչ միայն բիզնես, այլեւ «դիվանագիտական մրցակցության» մեջ էին…
Ինչեւէ, «Նաբուկոն» չիրագործվեց, եւ եվրոպական էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից չնվազեց։ Ժամանակները փոխվեցին, իրավիճակը՝ ոչ։ Այսօր դարձյալ գազային պատերազմներ են, եւ էներգետիկ դիվանագիտությունում շահողը գազային մահակը ճիշտ գործածողն է լինելու։ Այլընտրանք, այո, Եվրոպան փնտրում է։ Բայց ինչպես գրում է լիբանանյան «Raseef22» հրատարակությունը, օրինակ, հյուսիսաֆրիկյան երկրները չեն կարողանա օգուտ քաղել Եվրոպա գազի մատակարարումից եւ չեն դառնա այլընտրանք ռուսական մատակարարումներին՝ թույլ ենթակառուցվածքների եւ արդյունահանման ցածր ծավալների պատճառով։ «Bloomberg»-ն էլ գալիս է այն եզրակացության, որ, ի վերջո, եվրոպացի հարկատուներն են վճարելու եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների համար, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճին եւ ոչ միայն Ռուսաստանից։ «Centralasia»-ն էլ գրում է, որ եվրոպական էներգետիկ ընկերությունները ստիպված են մեծացնել պարտքը նավթի ու գազի գների կտրուկ աճի պատճառով, եւ որ նրանց ընդհանուր պարտքն արդեն հասել է 1.7 տրլն դոլարի։ Մինչ համաճարակի սկիզբն այս ցուցանիշը մոտ 1.5 անգամ ցածր էր։ Այս տարվա առաջին 6 ամիսներին եվրոպական էներգետիկ ընկերություններն արդեն ներգրավել են 45 մլրդ եվրո պարտատոմսեր եւ եւս 72 մլրդ եվրո վարկեր: Այժմ ոլորտի ընկերությունները բանակցություններ են վարում եւս 24 մլրդ ներգրավելու շուրջ։ Օրինակ՝ գերմանական «Uniper SE»-ն լրացուցիչ 9 մլրդ միջոցներ է փնտրում շուկայական բարդ պայմաններին դիմակայելու համար:
Բայց Եվրոպան նահանջել չի ուզում՝ շարունակելով ուղիներ փնտրել։ Հուլիսի 18-ին Ադրբեջանը եւ Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ «պարտավորվելով ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»։ Ինչ ընթացք սա կստանա, ժամանակը ցույց կտա՝ պայմանավորված ոչ միայն ադրբեջանական ու եվրոպական կողմերի, այլեւ էներգետիկ մեծ դիվանագիտության շահագրգիռ կողմերի վերջնասելիքով։
Ինչպես ցույց տվեցին ուկրաինական իրադարձությունները, գազային մահակից զատ մեկ այլ մահակ էլ է գործածվում, այսպես ասած՝ հացահատիկի մահակը։ «Mk.ru»-ն հայտնում է՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ պնդում են, որ ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի եզրին: Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոեւը համարում է, որ սննդամթերքի իրական պակասը «շատ հավանական է 2023 թ., եթե Ռուսաստանը սովորականի պես չվերսկսի արտահանումը»։ «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում դոցենտն ասել է, որ այս տարի Ռուսաստանում հացահատիկի ռեկորդային բերք է սպասվում։ Ուկրաինան հասկանալի պատճառներով կգնա մի փոքր մինուսի, բայց Ռուսաստանը կկարողանա հացահատիկի այս ծավալն ավելացնել առանց մեծ ջանքերի։ Դոցենտի խոսքով՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում վերականգնվել է վարելահողերի ավելի քան 40 տոկոսը, այսինքն՝ նրանց ջուր է մատակարարվել, ուստի ուղղակի չեն կարող գնալ մեծ մինուսի։ Նաեւ՝ գյուղատնտեսության համաշխարհային հիմնական արտադրողներին հաջողվել է մթերել գյուղատնտեսական պարարտանյութեր մինչեւ հակառուսական պատժամիջոցների ներդրումը, ուստի նրանք նույնպես «ընդունելի բերքատվություն կունենան»։ Այս պատճառով է, որ մասնագետը կարծում է՝ ձմռանը խնդիրներ չեն սպասվում, բայց հաջորդ տարին եւ հաջորդող տարիները վտանգավոր են։ «Եթե Ռուսաստանին չհաջողվի վերսկսել հացի եւ պարարտանյութի արտահանումը սովորական աշխատանքային կարգով, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Ի վերջո, ոչ ոք չի կարող փոխարինել 20 տոկոս հացահատիկի եւ 13 տոկոս պարարտանյութի մատակարարին,- նշել է նա։- Նաեւ՝ աշխարհում լրացուցիչ հողային ռեսուրսներ չկան, եւ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի բավարար վարելահող եւ այլ հողեր»։
Անկախ այն բանից, թե ինչ են ասում մասնագետներն ու փորձագետները, այս պահին քաղաքական դաշտի խաղացողներն են թելադրում իրավիճակը, որ, սակայն, հանգուցալուծվելու է հօգուտ այն կողմի, ով կկարողանա մինչեւ վերջ խաղարկել տնտեսական մահակը։ Եվ այդ մահակի հարվածները կամա եւ ակամա (խնդիր ծագելու պարագայում ցանկացած պետություն նախ մտածում է իր մասին) ավելի շատ «ուտելու» են այն երկրները, որոնք թույլ զարգացած են եւ թեկուզ ինչ-որ կերպ պատրաստ չեն այս ցնցումներին։ Հայաստանը, ցավոք, այս երկրների շարքում է եւ առավել խոցելի է դարձել հատկապես 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրավիճակով։ Մտածել, որ հիմա մենք էներգետիկ ճգնաժամ չունենք եւ ունենք հաց՝ թեկուզ թանկ, ու վաղվա օրվա համար ոչինչ չձեռնարկել, ճիշտ չէ։ Ինչու…
1. Ինչպես արդեն ասել ենք, միջազգային էներգետիկ խորհրդի ինդեքսավորմամբ՝ 2021 թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ 2022 թ. փետրվարի 1-ից անցել ենք նոր՝ շուկայական կարգավորման մոդելի, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերությունները իրավունք ունեն էլէներգիա ներկրել Հայաստան։ Այն պարագայում, երբ մեր երկրի Էներգետիկ համակարգն ավելցուկային է, ուստի կարող ենք այն հենել արտահանման ուղղվածության վրա։ Փոխարենը աստիճանաբար տեղավորվում ենք ներկրող պետության տրամաբանության մեջ՝ բացասական քաղաքական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ։ Համապատկերում չմոռանանք նաեւ ադրբեջանական կողմի՝ «զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլէներգիա արտահանելու եւ Հայաստանի միջով հաղորդակցությունը ուժով բացելու սպառնալիքների մասին։ Ինչեւէ, թյուրընկալում չունենանք. ազատական շուկան ամենեւին չի ենթադրում անվտանգության մասին չմտածել։ Ճիշտ հակառակը. ազատական շուկան պարտադրում է է՛լ ավելի բարձրացնել անվտանգության մակարդակը։
2. Անբավարար վիճակում ենք նաեւ ցորենի ինքնաբավության մասով։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը չի անցել 33 տոկոսից, 24-33 տոկոսի շրջանակներում է եղել։ Իսկ ցորենի արտադրության ծավալը 2021 թ. նվազագույն ցուցանիշն է արձանագրել վերջին 10 տարվա կտրվածքով։ Բայց ունեցել ենք տարիներ՝ 2013-2016 թթ., երբ համապատասխան ցուցանիշը հասցրել ենք 53 տոկոսի։
Թվերը վկայում են՝ նշյալ երկու ոլորտներում էլ խնդիր ունենք։ Սա նշանակում է՝ քաղաքականությունը պետք է վերանայվի՝ գործիքակազմով ու մեխանիզմներով հանդերձ։ Որովհետեւ դեռ չգիտենք միջազգային ինչ ծավալումներ կլինեն։ Ուստի մեր հիմնական խնդիրը մեր իսկ անվտանգության մասին մտածելն է՝ մեր իսկ միջոցներով։ Հատկապես որ ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը։